Բայի սեռի, բայի քերականական կարգ, որ ցույց է տալիս քերականական ենթակայի ու խնդրի, տրամաբանական սուբյեկտի ու օբյեկտի փոխհարաբերությունը, որն իր դրսևորումն է գտնում բայաձևի մեջ[1]։

Հնարավոր է երեք դեպք՝

  • Ենթական անմիջականորեն ազդում է որևէ առարկայի վրա - ներգործական սեռ, օրինակ՝ Նա քթի մուրը սրբեց և հիշեց Վանքեր գյուղը, վանքի աղբյուրը, երեկոն այգեմիջյան ճանապարհին և իրեն` դույլերով: (Հրանտ Մաթևոսյան)
  • Ենթական ինքն իր վրա կրում է մեկ ուրիշի կատարած գործողությունը - կրավորական սեռ, օրինակ՝ Բոլորը հավասար են և հավասար կերպով են պատժվում, երբ խոչընդոտ են դառնում մի մեծ ձեռնարկության իրագործմանը: (Րաֆֆի)
  • Ենթական չի ներգործում այլ առարկայի վրա և չի կրում մեկ այլ առարկայի գործողությունը - չեզոք սեռ, օրինակ՝ Հոր մահվանից հետո յուր իշխանուհի մոր հետ միասին ապրում էր արքունիքում: (Մուրացան)։ Չեզոք սեռի մի տեսակը՝ անդրադարձ սեռը, ցույց է տալիս, որ ենթական կրում է իր կատարած գործողությունը[2]։

Հնդեվրոպական նախալեզվում բայն ուներ երկու սեռ՝ ներգործական և հասարակ[3]։ Ուղիղ ձևով բայն ըստ սեռի չի տարբերվել, սակայն տարբեր սեռի բայեր խոնարհվում էին տարբեր կերպ։

Հայ քերականագիտության մեջ գործածվել են տրամադրություն և սեռ տերմինները, որոնցից առաջինը հունարեն διάθεσις բառի թարգմանությունն է, որ գործածվել է 5-րդ դարում Դինոնիսիոս Թրակացու «Արուեստ քերականութեան» աշխատության թարգմանության շնորհիվ, իսկ երկրորդը լատիներեն genus բառի թարգմանությունն է, որ գործածության մեջ է մտել ավելի ուշ՝ լատինաբանության շրջանում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002
  2. Է. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Երևան, 1987, էջ 493։
  3. Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հատոր 4, գիրք Ա, Երևան, 1959, էջ 79:
  4. Ա. Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում, գիրք առաջին, Երևան, 1962, էջ 420։