Բայ, քերականական կարգերով ու հատկանիշներով ամենահարուստ խոսքի մասը։ Ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ է և կոչվում է բայիմաստ։ Բայերը մյուս խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ ունեն նաև ձևային ընդհանրություններ, այսինքն՝ արդի գրական արևելահայերենի բոլոր բայերի ելակետային ձևերը՝ անորոշ դերբայական ձևերը, վերջանում են -ել, -ալ մասնիկներով։

Անկատար ներկա ժամանակաձևով բայերի օրինակներ

Բայը ունի ուրույն քերականական կարգեր՝ եղանակ, ժամանակ, կերպ, դեմք, թիվ, հակադարձում, բայասեռ։ Բայն օժտված է նաև բառակազմական ու ձևակազմական, ինչպես նաև զուգորդումների յուրօրինակ կաղապարներ, խոնարհման հարացույց, անդեմ ձևեր[1]։

Պատմություն խմբագրել

Բայը նախապես առանձնացված չէր ստորոգյալ գաղափարից։ Հնում անվան և բայի միջև առաջնայնությունը փոփոխական էր։ Ավելի ուշ որոշ քերականներ բայի դերը բացարձակացրեցին՝ մյուս խոսքի մասերը համարելով բայի ստորադաս մասեր։ Ըստ Մանուկ Աբեղյանի՝ բայն է նախադասության, խոսքի առանցքը, ինքնուրույն խոսք կազմող խոսքի մասը։ Թրակացու քերականության հետևորդ հայ քերականները հայերենում առանձնացնում էին այնպիսի քերականական կարգեր, որոնք հայերենին չէին համապատասխանում։ Որոշները դերբայները դիտում էին  որպես առանձին համակարգային երևույթներ կամ այս խոսքի մասերի տարբերակներ։ Խորհրդային շրջանում որոշակի դարձվեց հայերենի դերբայների վիճակը՝ սահմանելով վերջիններիս տեղն ու համակարգային կապերը[1]։

Տեսակներ խմբագրել

Ըստ դիմայնության տարբերում են դիմավոր և անդեմ բայեր, ըստ եղանակայնության՝ սահմանական, հրամայական, ըղձական, պայմանական կամ ենթադրական, հարկադրական բայեր։ Ըստ սեռանիշության տարբերում են՝ ներգործական, կրավորական, չեզոք, անդրադարձ, հասարակ, փոխադարձ, նաև՝ անցողական ու անանցողական բայեր։ Ըստ կերպային նշանակության՝ ոչ տևական, տևական, բազմապատկական բայեր։ Բայերն ըստ խոնարհման յուրահատկությունների լինում են ամբողջ կամ լրիվ բայեր, պակասավոր բայեր, կանոնավոր բայեր և անկանոն բայեր (արտուղի և զարտուղի բայեր)։ Իմաստաբանական բնագավառում տարբերում են էական բայեր, ասացական բայեր, զգացական բայեր, մտածական բայեր, վերացական բայեր, թանձրական բայեր, օժանդակ բայեր[1]։

Կազմություն խմբագրել

Բայը, որպես բառ միշտ ածանցավոր է, քանի որ ունի ել, ալ ածանցնեզմության, լինում է՝

  • պարզ
  • ածանցավոր
  • հարադրավոր և զուգադրավոր

Պարզ են այն բայերը, որոնք ել, ալ վերջավորություններից առաջ ընկած մասում չունեն որևէ բայական ածանց։ Ածանցավոր բայերը ել, ալ վերջավորությունից առաջ ընկած մասում ունեն ածանց։

Բայական ածանցներն են՝

  • սոսկածանցավոր - ան, են, ն, չ (պարզ բայերից տարբերակելու համար պետք է դնել հարակատար կամ անցյալ կատարյալ ձևերում և եթե ածանցը դուրս չգա, ապա բայը պարզ է)
  • պատճառական - ացն, եցն, ցն
  • կրավորական -վ (եթե վ-ն հնարավոր չէ հանել բայից, ապա այն պարզ է)
  • բազմապատկական - ատ, ոտ, կոտ, կռտ, կլտ, տ, շտ (նաև արմատի կրկնությամբ)

Հարադրավոր բայերի առաջին բաղադրիչը որևէ խոսքի մաս է, իսկ երկրորդ բաղադրիչը՝ բայ։ Հարադրավոր բայերը գրվում են անջատ։

Զուգադրավոր բայերի բոլոր երկու բաղադրիչներն էլ բայեր են հոմանիշային կամ հականիշային երանգներով։ Գրվում են գծիկով։ Պետք է հիշել, որ զուգադրավոր բայերի առաջին բաղադրիչը կարող է լինել շարժում, իսկ երկրորդը՝ գործողության հետևանք։ Այս դեպքում գրվում է անջատ։

Դիմավոր և անդեմ բայեր խմբագրել

Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ։ Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր կամ ձևեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։ «Անդեմ բայեր» կամ «դիմազուրկ բայեր» ասելով՝ երբեմն հասկանում են նաև դիմապակաս բայերը։ Դիմապակաս բայերը գործածվում են մեկ դեմքով և այդ դեմքը չի հասկացվում, որի համար անվանվում են նաև միադեմ կամ միադիմի բայեր։ Հայերենի բայերի գերակշռող մեծամասնությունը եռադիմի է՝ այսինքն ունի և գործածվում է երեք դեմքով՝ առաջին, երկրորդ և երրորդ[1]։

Դիմավոր ձևերն ունեն դեմք, թիվ, ժամանակ, եղանակ, սեռի։ Նախադասության մեջ դառնում են ստորոգյալ։

Կազմվում են երկու ձևով՝

  • Ձևաբայերին ավելանում է օժանդակ բայ։
  • Բայի վերջավորություններով կամ եղանակիչով (կ, պիտի)։ Այս ձևերը պարզ են։

Անդեմ (միադիմի) ձևերն ունեն միայն սեռ, գործածվում են միայն երրորդ դեմքով, այսինքն՝ ունեն միայն մեկ քերականական դեմք[2], կարող են ունենալ զանազան պաշտոններ։

Բայի ժամանակ խմբագրել

Դիմավոր բայը գործողության հետ արտահայտում է նաև ժամանակ։ Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և ապառնի։

  • Ներկա ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է խոսելու պահին։

Օրինակ՝ երգում եմ, պարում ես, խոսում է ևն։

  • Անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվել է խոսելու պահից առաջ։

Խոսելու պահից առաջ անցյալ ժամանակի ձևերը մի քանիսն են՝ երգում էի, երգել եմ, երգել էի, երգելու էի, երգեցի, երգեի, կերգեի, պիտի երգեի։

  • Ապառնի ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվելու է խոսելու պահից հետո։

Ապառնի ժամանակի բայաձևեր են՝ երգելու եմ, երգի՛ր, երգեմ, կերգեմ, պիտի երգեմ ևն։

Դերբայներ խմբագրել

Անդեմ ձևերը կոչվում են դերբայներ, իսկ դիմավորները' ձևաբայեր։

Դերբայները նախադասության մեջ ունեն ինքնուրույն գործածություն, օժանդակ բայից կախում չունեն։

Արդի արևելահայ գրական լեզվում դերբայները չորսն են՝

Ձևաբայերը ինքնուրույն գործածություն չունեն և կախված են օժանդակ բայից, որի հետ դառնում են ստորոգյալ։

Ձևաբայերը չորսն են՝

Եղանակ խմբագրել

Բայերով արտահայտվում է գործողության կատարման եղանակ, այսինքն՝ խոսողի վերաբերմունքը գործողության նկատմամբ։ Բայն ունի 5 եղանակ՝

  • սահմանական եղանակ,
  • հրամայական եղանակ,
  • ըղձական եղանակ,
  • հարկադրական եղանակ,
  • պայմանական եղանակ։

Սահմանական եղանակ խմբագրել

Սահմանակ եղանակը ցույց է տալիս այնպիսի գործողություն, որը ստույգ կատարվել է, կատարվում է կամ կատարվելու է։ Օրինակ՝ գնում եմ, գնում էիր, գնացել են, գնացել էինք, գնալու ես, գնալու էին, գնացի և այլն։ Սահմանական եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից վեցը բաղադրյալ են, այսինքն կազմված են կախյալ դերբայներով՝ անկատար, վաղակատար և ապակատար, և օժանդակ բայի ներկա և անցյալ ժամանակաձևերով, մեկը՝ պարզ, այսինքն կազմված է բայահիմքով և դիմային վերջավորություններով։

  1. Անկատար ներկան (սահմանական ներկա)ցույց է տալիս ներկայում՝ խոսելու պահին հաստատապես կատարվող, ընթացքի մեջ եղող գործողություն։

Կազմվում է անկատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝ երգում եմ, սիրում եմ, լսում է։ Անկատար ներկայի ժխտականը կազմելիս չ մասնիկը ավելացվում է օժանդակ բային, որը դրվում է դերբայից առաջ՝ լսում եմ- չեմ լսում։

Գալ, լալ, տալ բայերի սահմանական ներկան կազմվում է համակատար դերբայի ձևերից՝ լալիս եմ, գալիս եմ, տալիս եմ։

2.Անկատար անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում հաստատապես սկսված և ընթացքի մեջ եղած գործողություն։

Կազմվում է անկատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝ երգում էի։

Ժխտականը կազմվում է չ մասնիկն ավելացնելով օժանդակ բային, որը դրվում է դերբայից առաջ՝ գրում էի- չէի գրում։

3․Վաղակատար ներկան (սահմանական անցյալ) ցույց է տալիս խոսելու պահից առաջ՝ անցյալ ժամանակում հաստատապես ավարտված գործողություն։

Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝ վազել եմ։

Ժխտականը կազմելիս չ մասնիկն ավելացվում է օժանդակ բային, որը դրվում է դերբայից առաջ՝ ջրել եմ- չեմ ջրել։

4․Վաղակատար անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ հաստատապես ավարտված գործողություն։

Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝ վազել էի։

Ժխտականը կազմելիս չ մասնիկն ավելացվում է օժանդակ բային, որը դրվում է դերբայից առաջ՝ ջրել էի- չէի ջրել։

5. Ապակատար ներկա (սահմանական ապառնի) ցույց է տալիս խոսելու պահից հետո հաստատապես կատարելի գործողություն։

Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝ վազելու եմ։

Ժխտականը կազմելիս չ մասնիկն ավելացվում է օժանդակ բային, որը դրվում է դերբայից առաջ՝ ջրելու եմ- չեմ ջրելու։

6․Ապակատար անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո հաստատապես կատարելի գործողություն։

Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝ երգելու էի։

Ժխտականը կազմելիս չ մասնիկն ավելացվում է օժանդակ բային, որը դրվում է դերբայից առաջ՝ ջրելու էի- չէի ջրելու։ 7․Անցյալ կատարյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում սկսված և ավարտված գործողություն։

Անցյալ կատարյալը պարզ ժամանակաձև է։ Կազմվում է բայահիմքով և դիմային վերջավորություններով։

Ե խոնարհման պարզ բայերի անցյալ կատարյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով եցի, եցիր,եց, եցինք, եցիք, եցին դիմային վերջավորությունները, օրինակ՝ վազեցի։

Ա խոնարհման պարզ բայերի անցյալ կատարյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով ացի, ացիր, աց, ացինք, ացիք, ացին դիմային վերջավորությունները, օրինակ՝ շողաց։

Այս բայերի եց-ը և աց-ը հիմքի ածանցներ են։

Սոսկածանցավոր բայերը անցյալ կատարյալում ունենում են բոլորովին այլ վերջավորություններ՝ ա,ար, ավ, անք,աք,ան:

Պատճառական բայերի անցյալ կատարյալը կազմվում է միայն դիմային վերջավորություններով՝ առանց եց հիմքի ածանցի, բացի եզակի երրորդ դեմքից, որում լինում է միայն եց հիմքի ածանցը, օրինակ՝ վազեցրի, վազեցրիր, վազեցրեց։

Կրավորական և բազմապատկական բայերը անցյալ կատարյալը կազմում են ե խոնարհման պարզ բայերի նման։

Ժխտական խոնարհման դեպքում չ-ն դրվում է բայաձևի սկզբից, օրինակ՝ չերգեցի, չլսեցիր։

Ըղձական եղանակ խմբագրել

Ըղձական եղանակը ցույց է տալիս գործողության կատարման իղձ, ցանկություն։ Օրինակ՝ գնամ, գնայիք, լսեի և այլն։ Ըղձական եղանակն ունի երկու ժամանակաձև, որոնցից մեկը ցույց է տալիս ապառնի ժամանակ, մեկը՝ անցյալ։ Օրինակ՝

  • ըղձական ապառնի՝ լսեմ,
  • ըղձական անցյալ՝ լսեի։

Ե խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով եմ, ես, ի, ենք,եք, են դիմային վերջավորությունները՝ երգեմ, վազես։

Ա խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով ամ, աս, ա, անք, աք, ան դիմային վերջավորությունները՝ խաղամ, շողաս։

Ե խոնարհման բայերի ըղձական անցյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով եի, եիր, եր, եինք, եիք, եին դիմային վերջավորությունները՝ երգեի, վազեիր։

Ա խոնարհման բայերի ըղձական անցյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով այի, այիր, ար, այինք, այիք,ային դիմային վերջավորությունները՝ խաղայի, շողար։

Ժխտական խոնարհման դեպքում չ մասնիկը դրվում է բայաձևի սկզբից` չերգեմ, չխաղայի։

Ըղձական ապառնու որոշ ձևեր ունեն նաև վերաբերականների արժեք, ինչպես՝ ասես, կարծես, տեսնենք, չլինի և այլն։ Օրինակ՝

Չլինի թե ինձ են կասկածում։ Կարծես ամեն ինչ տեղում է։

Ենթադրական եղանակ խմբագրել

Ենթադրական եղանակը ցույց է տալիս պայմանով, երբեմն՝ ենթադրաբար, հաճախ էլ հաստատապես կատարելի գործողություն։ Օրինակ՝ կգնա, կգնայինք,կկորչեք, կուզեր և այլն։ Ենթադրական եղանակներն ունի երկու ժամանակաձև, որոնցից մեկը ցույց է տալիս ապառնի ժամանակ, մեկը՝ անցյալ։ Օրինակ՝

  • Ենթադրական ապառնի՝ կերգի,
  • ենթադրական անցյալ՝ կերգեր։

Ենթադրական ապառնին ցույց է տալիս խոսելու պահից հետո պայմանով, երբեմն ենթադրաբար կատարելի գործողություն։

Ենթադրական ապառնին կազմվում է ըղձական ապառնիի ձևերի սկզբում ավելացնելով կ եղանակիչը՝ կերգեմ, կխաղամ։

Ենթադրական անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում պայմանով, երբեմն ենթադրաբար կատարելի գործողություն։

Ենթադրական անցյալը կազմվում է ըղձական անցյալի ձևերի սկզբում ավելացնելով կ եղանակիչը՝ կերգեի, կխաղայի։

Ենթադրական եղանակի ժխտական ձևերը կազմվում են ժխտական դերբայով և օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերով՝ չեմ երգի, չեմ խաղա, չէի երգի, չէի խաղա։

Ենթադրական եղանակի դրական ձևերը պարզ դիմավոր ձևեր են, ժխտականները՝ բաղադրյալ։

Հարկադրական եղանակ խմբագրել

Հարկադրական եղանակը ցույց է տալիս այնպիսի գործողություն, որի կատարումը անհրաժեշտ կամ հարկադրական է։ Օրինակ՝ պիտի գնաս, պետք է գնայի, պիտի կրկնեմ։ Հարկադրական եղանակն ունեն երկու ժամանակաձև, որոնցից մեկը ցույց է տալիս ապառնի ժամանակ, մեկը՝ անցյալ։ Օրինակ՝

  • հարկադրական ապառնի՝ պիտի երգես,
  • հարկադրական անցյալ՝ պիտի երգեիր։

Հարկադրական ապառնին ցույց է տալիս խոսելու պահից հետո հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն։ Հարկադրական ապառնին կազմվում է ըղձական ապառնիի ձևերից առաջ ավելացնելով պիտի կամ պետք է եղանակիչները՝ պիտի երգեմ, պետք է երգեմ, պիտի խաղամ, պետք է խաղամ։

Հարկադրական անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն։

Հարկադրական անցյալը կազմվում է ըղձական անցյալի ձևերից առաջ ավելացնելով պիտի կամ պետք է եղանակիչները՝ պիտի երգեի, պետք է երգեի, պիտի խաղայի, պետք է խաղայի։

Հարկադրական եղանակի ժխտական ձևերը կազմվում են պիտի կամ պետք է եղանակիչներից առաջ ավելացնելով չ ժխտական մասնիկը՝ չպիտի լսեմ, չպետք է վազես, չպետք է գնայիր։

Հարկադրական եղանակի և՛ դրական, և՛ ժխտական ձևերը պարզ դիմավոր ձևեր են, թեև բացի բայից իրենց կազմության մեջ ունեն պիտի կամ պետք է եղանակիչները, քանի որ խոնարհման ժամանակ դրանք մնում են անփոփոխ, խոնարհվում է միայն բայը։

Հրամայական եղանակ խմբագրել

Հրամայական եղանակը ցույց է տալիս գործողության կատարման հրաման, թելադրանք, խնդրանք, հորդոր։ Օրինակ՝ հասկացի՛ր, մի՛ մոռացիր, լսի՛ր և այլն։ Հրամայական եղանակը ունի միայն մեկ ժամանակաձև, միայն մեկ ժամանակ՝ ապառնի, և միայն մեկ դեմք՝ երկրորդ։ Օրինակ՝ մտածի՛ր։

Հրամայական եղանակը կազմվում է տարբեր ձևերով։

Ե խոնարհման պարզ և ն, չ սոսկածանցավոր բայերի՝ • եզակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով իր վերջավորությունը, • հոգնակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով եք վերջավորությունը՝ երգի՛ր, երգե՛ք, հագիր, հագե՛ք։

Ն, չ ածանցները ընկնում են։

Ա խոնարհման պարզ բայերի՝ • եզակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով ա վերջավորությունը, • հոգնակի թիվը կազմվում է՝ բայահիմքին ավելացնելով ացեք վերջավորությունը՝ խաղա՛, խաղացե՛ք։

Ան, են ոսկածանցավոր բայերի հրամայականի հիմքը կազմվում հետևյալ ձևով՝ ան, են ածանցների ն-ն փոխվում է ց-ի։

Այդ բայերը ստանում են եզակիում իր, հոգնակիում եք վերջավորությունները՝ մոտեցի՛ր, հեռացի՛ր, մոտեցե՛ք, հեռացե՛ք։

Պատճառական բայերի ացն, եցն, ցն ածանցների ն-ն փոխվում է ր-ի։ Այդ բայերը ստանում են եզակիում ու, հոգնակիում եք վերջավորությունները` հեռացրո՛ւ, վազեցրո՛ւ, հասցրո՛ւ։

Բազմապատկական և կրավորական բայերի հրամայականը կազմվում է ե խոնարհման պարզ բայերի նման։

Հրամայական եղանակի ժխտական ձևերը կոչվում են արգելական հրամայական։ Արգելական հրամայականը կազմվում է մի եղանակիչով, որը դրվում է դրական ձևերի վրա։

Հրամայական եղանակի և՛ դրական, և՛ ժխտական ձևերը պարզ դիմավոր ձևեր են, թեև բացի բայից իրենց կազմության մեջ ունեն մի եղանակիչ, քանի որ խոնարհման ժամանակ այն մնում է անփոփոխ, խոնարհվում է միայն բայը։

Սեռ խմբագրել

Սեռը բայի խնդրառական հատկանիշն է։ Բայը ունի երեք սեռ՝

Ներգործական սեռ խմբագրել

Այս սեռի բայերը պահանջում են այնպիսի առարկա, որի համար պահանջվում է կրող առարկա։ Ներգործական սեռի բայերը պահանջում են հայցական հոլովով դրած ուղիղ խնդիր։ Պատասխանում է ու՞մ, ի՞նչը հարցերին։ Մեծ մասամբ կարող են ընդունել կրավորական ածանցը և վերածվել կրավորական բայերի։ Պատճառական ածանց ունեցող բայերը պատկանում են ներգործական սեռին։

Կրավորական սեռ խմբագրել

Ցույց են տալիս այնպիսի գործողություն, որի համար պահանջվում է ներգործող առարկա։ Պահանջում են բացառական կամ գործիական հոլովով դրված ներգործող անուղղակի խնդիր լրացում։ Կրավորական սեռի բայերը միշտ ունենում են վ ածանցը։ Որպեսզի ստուգեք բայի կրավորական սեռի լինելը, պետք է՝

  • Գտնել ենթական
  • Գտնել ստորոգյալը
  • Հանել վ-ն
  • Գտնել ներգործող անուղղակի խնդիր լրացումը։
  • Նախադասությունը փոխել ներգործական կառուցվածքի։

Չեզոք սեռ խմբագրել

Այս սեռի բայերը չեն պահանջում ուղիղ խնդիր կամ ներգործող անուղղակի խնդիր։ Պետք հիշել, որ եթե բնաձայնական բառերին ավելանում է պատճառական ածանց, այդ բառերը մնում են չեզոք։
Լինել, լալ, դառնալ, երևալ, կա բայերը միշտ չեզոք են։

Կարող է հանդիպել նաև կրկնասեռություն։

Որոշ լեզուներում պատահում են այլական բայեր։ Սրանք այն բայական ձևերն են, որոնք ցույց են տալիս, որ ենթական գործողությունը կատարում է ոչ թե իր, այլ մի ուրիշի համար։ Կազմվում է բայարմատին նախադասություններ կցելով[2]։

Կանոնավոր և անկանոն բայեր խմբագրել

Անկանոն բայեր խմբագրել

Բայերը, որոնք խոնարհվելիս այս կամ այն չափով շեղվում են խոնարհման ընդհանուր կանոններից անվանվում են անկանոն բայեր։
Անկանոն բայերն են՝
1.գալ
2.լալ
3.տալ
4.ասել
5.ուտել
6.զարկել
7.բերել
8.անել
9.դնել
10.առնել
11.տանել
12.տեսնել
13.թողնել
14.ելնել
15.լինել
16.դառնալ
17.բանալ
18.լվանալ
19.վեր կենալ

Ըստ Մխիթար Սեբաստացու՝ անկանոն են այն բայերը, որոնց խոնարհման ձևերում առկա է արմատի փոխարինում կամ ժամանակաձևի պակաս, կամ դեմքի պակաս. ըստ այդմ էլ այս հասկացության տակ ներառնված են արտուղի, պակասավոր և դիմազուրկ բայերը[3]։

Այն անկանոն բայերը, որոնք խոնարհման ժամանակները կազմելիս դիմում են ոչ թե տարբեր արմատների, այլ պարզապես հանդես են գալիս միևնույն բնի տարբեր ձևերով՝ անվանվում են այլաբուն բայեր[4]։ Օրինակ՝ տամ-ետու-ետ, դնեմ-դիր-եդ և այլն[2]։

Աղբյուրներ խմբագրել

Հովհ․ Բարսեղյան, Ձ․ Մեյթիխանյան, Հայոց լեզու 7,Երևան, 2016։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Պետրոսյան, Հրանտ Զինավորի (1987). Աղայան, Էդուարդ Բագրատի; Աթայան, Էդուարդ Ռաֆայելի; Գալստյան, Սերգեյ Սարգսի; Գարեգինյան, Գրիգոր Լևոնի; Իշխանյան, Ռաֆայել Ավետիսի; Սուքիասյան, Աշոտ Մուրադի (eds.). Հայերենագիտական բառարան. Երևան: Հայաստան. էջեր 92–98.
  2. 2,0 2,1 2,2 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 10, 12։
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 14։
  4. Տերմինն առաջին անգամ օգտագործել է Հրաչյա Աճառյանը
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 262