Վարազօձ, Արևմտյան վիշապիկ (Eryx jaculus), վիշապների ընտանիքի փորող վիշապիկների ենթաընտանիքի հնէամիջերկրածովային փորող վիշապիկների (Eryx) ցեղի օձ։

Արևմտյան վիշապիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ընտանիք Վիշապներ
Ցեղ Փորող վիշապիկներ
Տեսակ Արևմտյան վիշապիկ
Լատիներեն անվանում
Eryx jaculus
Հոմանիշներ
  • Eryx jaculus proprius Czarevsky, 1916
  • Eryx jaculus urmianus Rostombekov, 1928
Հատուկ պահպանություն
Ենատեսակներ
  • Eryx jaculus jaculus (Linnaeus, 1758)
  • Eryx jaculus familiaris (Eichwald, 1831)
  • Eryx jaculus turcicus (Olivier, 1801)


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 634806
NCBI 51869
EOL 455983

Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզերի նախալեռներում և ոչ շատ բարձր լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ, կավահողային և ավազուտային չոր կենսավայրերում։ Վարում է գլխավորապես փորող ապրելակերպ։ Գարնանը և ամռան սկզբին, երբ հողը բավականին խոնավ է, հանդիպում է քարերի տակ և այլ թաքստոցներում, կենդանիների բներում ու հողի փխրուն շերտերում։

Մարմինը համեմատաբար հաստ է ու կարճ, երկարությունը՝ 12-87 սմ, պոչը՝ 14 անգամ կարճ, ծայրը՝ կլորավուն։ Արուները մանր են էգերից։ Գլուխը գրեթե տարանջատված չէ մարմնից և ծածկված է մանր վահանիկներով։ Ճակատը թեթևակի արտափքված է։ Միջքթային վահանիկը շատ խոշոր է և հարմարված փորելուն։ Աչքերը մանր են՝ տեղադրված գլխի կողքերին։ Բիբը օվալաձև է, ուղղահայաց։ Բերանային անցքը բացվում է գլխի ստորին մակերեսին՝ միջքթային վահանիկի հետ։ Մեջքային թեփուկները հարթ են կամ թեթևակի կատարով ու փայլուն։ Մեջքային մակերեսը մոխրագույնից դեղնաշագանակագույն է՝ մուգ գորշավուն խալերով, որոնք ձևավորում են 1-2 երկայնակի շղթայաձև նախշ և զույգ նախշեր մարմնի կողքերին։ Որովայնի մակերեսը բաց դեղնավուն է՝ բազմաթիվ սև, մոխրագույն բծերով։ Երիտասարդի որովայնային մակերեսը վարդագույն է։

Սնվում է հիմնականում մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, թռչուններ ու կրծողներ)։ Ձմեռում է հողի չսառցակալող շերտերում։ Զուգավորումը տեղի է ունենում գարնան երկրորդ կեսին։ Սեպտեմբերին էգը ծնում է 4-20 ձագ։

Օգտակար է. կարգավորում է կրծողների թվաքանակը։ Մարդու և կենդանիների համար անվնաս է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան վիշապիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան վիշապիկ» հոդվածին։