Արցախի ժողովրդավարական կուսակցություն

Արցախի ժողովրդավարական կուսակցություն (ԱԺԿ) - քաղաքական կուսակցություն Արցախի Հանրապետությունում։ Հիմնադրվել է 2005 թվականի հունվարի 30-ին[1]։ Մինչ այդ, 2000-2005 թթ. գործել է որպես «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն։ Կուսակցության նախագահը՝ Աշոտ Ղուլյանը, միաժամանակ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահն է։ 2005 թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺԿ-ն ստացել է ընտրողների մեծամասնության քվեն և Ազգային ժողովում ձևավորել «Ժողովրդավարություն» խմբակցությունը։ 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում վերաձևավորել է խմբակցությունը՝ 10 անդամով[2]։ 2015 թ. մայիսի 3-ի ԱԺ ընտրությունների արդյունքում խմբակցությունն ունի 6 անդամ (4 համամասնական և 2 մեծամասնական ընտրակարգերով պատգամավորներ)[3]։ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) Արցախի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է և կոչված է ներկայացնելու ԼՂՀ հասարակության լայն խավերի շահերը պետական-քաղաքական կյանքում։

Արցախի ժողովրդավարական կուսակցություն
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Արցախ
ԱռաջնորդԱշոտ Ղուլյան
Հիմնադրվածհունվարի 30, 2005
Գաղափարախոսությունազգային պահպանողականություն
ՇտաբՍտեփանակերտ, Ադրբեջան
Կայքdpa.am

Գաղափարախոսություն խմբագրել

ԱԺԿ-ն կայունության, զարգացման բնականոն ճանապարհի կողմնակիցն է։ Կուսակցության արժեքներն են՝ ուժեղ պետությունը, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը, մարդը, նրա ազատությունը և պաշտպանվածությունը, ընտանիքը, աշխատանքը, սոցիալական արդարությունը։ Կուսակցության դավանանքը քաղաքական պրագմատիզմն է։

Ծրագիր խմբագրել

ԱԺԿ ծրագրային նպատակներն են.
• մարդու ազատ, անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքների իրականացումը երաշխավորող իրավական պետության կերտումը;
• անկախ պետականության ամրապնդումը, տնտեսապես հզոր, քաղաքակիրթ պետության կերտումը, նրա ազգային նկարագրի պահպանումն ու հարստացումը;
• ազգային արժեքների վրա խարսխված՝ սոցիալական համերաշխության և արդարության, հանդուրժողականության և գործընկերության հիմքով քաղաքացիական հասարակության ստեղծումը։

Խնդիրներ խմբագրել

ԱԺԿ ծրագրային խնդիրներ են.
• Հասնել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների սահմանադրական լիազորությունների իրական տարանջատմանը, նրանց միջեւ հակակշիռների եւ զսպման մեխանիզմների ապահովմանը։
• Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, խաղաղ բանակցությունների ճանապարհով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրումը՝ նրա համար ընդունելի պետական սահմաններում, կառավարման եւ անվտանգության ազգային համակարգով։
• ԼՂՀ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդումը՝ որպես քաղաքացիական հասարակության կայացման նախապայման։
• Հանրապետության տնտեսական կյանքում ազատ շուկայական հարաբերությունների զարգացման առաջնահերթությունը՝ օրենքի գերակայության և նրա առջև հասարակության բոլոր անդամների իրավահավասարության պայմաններում։
• Սոցիալապես անապահով խավերի նկատմամբ պետության հոգատարության ապահովումը և սոցիալական արդարության հասցեականության արմատավորումը։
• Հանրապետության կրթամշակույթային և գիտական կյանքում՝ բնագավառի ժամանակակից նվաճումների օգտագործումը՝ ազգային արժեքների պահպանման և զարգացման համատեքստում։
• Աջակցությունը ԼՂՀ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, երիտասարդների, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված գաղափարախոսության մշակմանն ու տարածմանը։
• Սփյուռքի քաղաքական ու տնտեսական ներուժի միավորմանը նպաստելը՝ ի շահ հայ ժողովրդի հարատևման ու նրա պետականության հզորացման։
• Քաղաքական դաշտում ազատ մրցակցության ապահովումը՝ բազմակարծությունը հարգելու պայմանով, ԱԺԿ գաղափարախոսության հանդեպ հանդուրժողական վերաբերմունք դրսևորող բոլոր ուժերի հետ համակողմանի համագործակցության սկզբունքով։

Միջազգային կապեր խմբագրել

2015 թ. ապրիլի 17-ին Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընտրվել է Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ։ 2015 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանի և ԵԱԴ նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիի միջև ստորագրվել է Համագործակցության հռչակագիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.dpa.am/ Արցախի ժողովրդավարական կուսակցության պաշտոնական կայք
  2. http://nankr.am/ ԼՂՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք
  3. http://cecnkr.am/ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք