Արտավազդ Գրիգորյան

հայ մանկավարժ

Արտավազդ Հակոբի Գրիգորյան (1920, Խոտ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Արտավազդ Գրիգորյան
Ծնվել է1920
ԾննդավայրԽոտ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1955)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Արտավազդ Գրիգորյանը ծնվել է 1920 թվականին, Գորիսի շրջանի Խոտ գյուղում։ 1939 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը և աշխատել է ուսուցիչ Բարձրավան ու Խոտ գյուղերի դպրոցներում[1]։

Գերմանա-խորհրդային պատերազմի սկզբից Արտավազդը զորակոչվել է բանակ, սովորել հրամանատարական կարճատև դասընթացում և ստացել կրտսեր լեյտենանտի կոչում։ 1942 թվականի նոյեմբերից մասնակցել է Կովկասի պաշտպանությանը Օրջոնիկիձեի ուղղությամբ։ Վիրավորվել է և ապաքինվելուց հետո վերադարձել է զորամաս, որպես վաշտի կոմերիտմիության կազմակերպության քարտուղար Արևմտյան Ուկրաինայի ռազմաճակատից նրան 1943 թվականին ուղարկել են սովորելու ռազմական դպրոցում։ Կարճատև ուսումից հետո նորից մեկնել է մարտի դաշտ[1]։

1944 թվականին Գրիգորյանը նշանակվել է դասակի հրամանատար։ Նրա դասակը ենթարկվել է թշնամու տանկերի հարձակմանը, ծանր դրության մեջ չի նահանջել և շարքից հանել է հինգ տանկ, երեսուն զինվոր և սպա։ Դասակի հրամանատարը ծանր վիրավորվել է և զրկվել ոտքից։ Երկար ժամանակ բուժվել է հոսպիտալներում։ Ցուցաբերած համարձակության ու խիզախության համար Գրիգորյանը պարգևատրվել է Կարմիր աստղի և Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով և մի շարք մեդալներով[1]։

1945 թվականի ապրիլին ազատվել է բանակից և վերադարձել հայրենի Խոտ գյուղը։ 10 տարի աշխատել է որպես ուսմասվար։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց 1955 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1960 թվականին տեղափոխվել է Գորիս և աշխատանքի անցել նախ՝ Գորիսի մանկավարժական ուսումնարանում, ապա՝ քաղաքի № 3 միջնակարգ դպրոցում դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ 1977 թվականի սեպտեմբերից Գրիգորյանը նշանակվել է Գորիսի լուսավորության աշխատողների տան տնօրեն։ Պարգևատրվել է մարտական շքանշաններով և մեդալներով[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել