Արտավազդ Բ (հին հունարեն՝ Αρταβάσδης της Αρμενίας, մ.թ.ա. 1-ին դար, Մեծ Հայք - մ. թ. ա. 31[1] կամ մ. թ. ա. 34[2], Ալեքսանդրիա[2]), Մեծ Հայքի թագավորության արքայից արքա[3] Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։ [4]։ Հայոց գահը ժառանգել է հորից՝ Տիգրան Մեծից[5], որի օրոք ստեղծվել էր Հայկական աշխարհակալություն։

Արտավազդ Բ
Արտավազդ Բ-ի կիսանդրին, քանդակագործ՝ Արա Սարգսյան, 1969 թվական
Դրոշ
Դրոշ
(4-րդ) Մեծ Հայքի թագավորության արքայից արքա
մ.թ.ա. 55 - մ.թ.ա. 34
Նախորդող Տիգրան Բ Մեծ
Հաջորդող Արտաշես Բ
 
Կրթություն՝ հելլենիստական
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն հայ
Դավանանք հայ հեթանոսություն
Ծննդյան օր հստակորեն հայտնի չէ
Ծննդավայր Արտաշատ, Մեծ Հայք
Վախճանի օր մ.թ.ա. 31
Վախճանի վայր Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս
Դինաստիա Արտաշեսյաններ
Հայր Տիգրան Մեծ
Մայր Կլեոպատրա Պոնտացի
Զավակներ Տիգրան Գ, Արտաշես Բ և Արտավազդ Գ

Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել չեզոքություն, սակայն ի վերջո ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պարտավորություններին և մ.թ.ա. 54 թվականին դաշինք կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ։ Ավելի ուշ Արտավազդը միակողմանիորեն խզում է դաշնակցությունը Հռոմի հետ և նախաձեռնում Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին, որով նշանավորվում է հայ-պարթևական դաշինքի առաջին հաջողությունը։

Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի զորքերին։ Վերջիններս Փրաասպայի ճակատամարտում պարտություն են կրում, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը մի քանի անգամ փորձում է ձերբակալել Արտավազդին, ինչը նրան չի հաջողում։ Մ.թ.ա. 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Ալեքսանդրիայում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։

Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ՝ վարժ տիրապետելով հին հունարենին։ Ըստ Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք մեզ չեն հասել։

Նախապատմություն խմբագրել

Արտավազդ Բ-ն, մ.թ.ա. 55 թվականին զբաղեցնելով հայոց գահը, ինքնին ժառանգում է կայացած պետություն, որն ուներ հզոր բանակ և առաջադեմ տնտեսություն։ Արտաշեսյանների թագավորությունը հիմնադրել էր Արտաշես Բարեպաշտը, իսկ վերջինիս հայրը՝ Տիգրան Բ-ն, այն հասցրել էր իր հզորության գագաթնակետին։ Տիգրան Մեծը Հայքի գահին բազմել էր մ.թ.ա. 95 թվականին և ապա դաշինք կնքել Պոնտոսի արքա Միհրդատ VI Եվպատոր-ի հետ[6]։ Դեռևս Տիգրանի օրոք Մեծ Հայքի աշխարհակալ նկրտումների առջև առկախ գլխավոր խնդիրը օրեցօր զորեղացող Հռոմեական հանրապետությունն էր, որի «անպարտելի լեգեոնները», Եվրոպայի զգալի մասը զավթելուց հետո, առաջխաղացել էին դեպի Փոքր Ասիա։ Մեծ Հայքի արևելյան հարևանը Պարթևական թագավորությունն էր, որը ձգվում էր Հայոց Միջագետքից մինչև Միջին Ասիա և Պարսից ծոցից մինչև Հինդուստան։ Այնուամենայնիվ, Տիգրանի քաղաքականության շնորհիվ հայկական բանակները մ.թ.ա. 94 թվականին Հայոց թագավորությանն են միացնում Ծոփքը, ապա հպատակեցնում հարևան Վիրքն ու Աղվանքը։ Մ.թ.ա. 87 թվականին Տիգրանը սկսում է պարթևական արշավանքը և մեկ տարում նվաճում պարթևաց երկրի զգալի մասը։ Նույն տարում Արտաշատում կնքվում է հայ-պարթևական դաշնագիր, որով Գոդերձ Ա-ն Տիգրանին և իր իրավահաջորդներին էր զիջում «արքայից արքա» տիտղոսը, Հյուսիսային Միջագետքը, Օսրոյենեն, Արուաստանը (Միգդոնիա), Ադիաբենեն ճանաչում Մեծ Հայքի կազմում, ինչպես նաև ընդունում Հայաստանի գերիշխանությունը։ Հաջորդիվ Տիգրան Մեծը նվաճում է Սելևկյան տերության թագը՝ վերահսկողություն սահմանելով Ասորիքի, Փյունիկիայի և Կիլիկիայի նկատմամբ։ Արտաշեսյանների թագավորությունը սկսում է սահմանակցել Հռոմեական հանրապետությանը։

Ավելի ուշ Տիգրանի ստեղծած կայսրության սահմանները հասնում են նաև Հուդայի թագավորություն (Հրեաստան) և Նաբաթեա։ Մ.թ.ա. 71 թվականին Հայքի զինվորները ռազմակալում են Պտղոմայիս քաղաքը. Հայկական աշխարհակալ տերությունը ձգվում է ընդհուպ մինչև Եգիպտոս։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական իրադրությունը բեկումնային է լինում Հայաստանի համար, և Հռոմի դեմ շարունակական պատերազմներից հետո, Տիգրանը կնքում է Արտաշատի պայմանագիրը, որով Հայքը զրկվում էր իր նվաճումներից, սակայն և պահպանում էր իր տարածքային ամբողջականությունը։ Տիգրանի կառավարման վերջին տարիներին արքայազն Արտավազդը նշանակվում է գահակից։

Վաղ տարիների կյանք խմբագրել

Արտավազդի ծննդյան ամսաթվի և տեղի մասին մատենագրական հստակ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն հայտնի է, որ վերջինս ծնվել է արքայից արքա Տիգրան Մեծի մայրաքաղաքներից մեկում՝ Արտաշատում, Տիգրանակերտում կամ Անտիոքում։ Անտիոքը և Տիգրանակերտը մայրաքաղաքի կարգավիճակը պահպանել են կարճ ժամանակահատվածում, ընդ որում՝ լիովին չդիտարկվելով որպես երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններ։ Հետազոտողները հակված են այն մտքին, որ Արտավազդի մանկությունն ու պատանեկությունն առավելապես անցել է Արտաշես Ա Բարեպաշտի հիմնադրած Արտաշատ մայրաքաղաքում[7]։

Արքայազն Արտավազդ խմբագրել


Դու մեկնեցիր աշխարհը ստվերների,
Մեծ Հայաստանդ ինձ ավանդելով,
Դու կտրեցիր մեր տերության դղյակը վիթխարի,
Պիտի կարողանա՞մ լցնել ես այն, քո լուսաբաղձ երազներով։
Դու սուրդ բարձրացրիր առ թշնամյաց,
Իսկ ես իմ եղեգնյա գրիչը բարձրացրի,
Դու հող նվաճեցիր ժողովրդի համար,
Ես կամենում եմ նվաճել հոգի։

- «Արտավազդը հոր՝ Տիգրան Մեծի և իր համեմատության մասին», Նաիրի Զարյանի «Արտավազդ և Կլեոպատրա» պատմական պոեմից։

Արտավազդը Մեծ Հայքի արքայից արքայի և Միհրդատ Եվպատորի դստեր՝ Կլեոպատրա Պոնտացու որդին էր[7]։ Պատմագիտական ոչ մի տեղեկատվություն մեզ չի հասել Արտավազդի՝ Տիգրանի ավագ որդի լինելու մասին, սակայն հայտնի է, որ հայրենիքի, ռազմական գործի և մշակույթի հանդեպ իր վերաբերմունքով վերջինս միանշանակորեն տարբերվել է իր եղբայրներից։ Արտավազդը ստացել է իր ժամանակաշրջանի լավագույն հելլենիստական կրթությունը[7] (պարզ է դառնում Արտավազդի խոսքերից. «Ինչպես ուսանել է մեզ Հելլադայի ոգին») և դեռևս պատանեկության տարիքում տիրապետել հին հունարենին։ Ամենայն հավանականությամբ արքայազն Արտավազդի ուսուցիչներն են եղել Տիգրանի արքունիքում այդ ժամանակ ծառայող հույն նշանավոր մտածողներ Ամֆիկրատես Աթենացին և Մետրոդորոս Սկեպսացին։ Շատերը Մետրոդորոսին նույնացնում են Պլինիոս Ավագի մոտ հիշատակվող «Միսոռոմեուսի» հետ, որի անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «հռոմեատյաց»[փա՞ստ]։ Վերջինս հաստատվել էր հայոց ոստանում և գրում էր «Տիգրանի պատմությունը» պատմագրական ստեղծագործությունը, որը, սակայն, ժամանակի ընթացքում կորուսվել է[փա՞ստ]։

Ուսումնասիրողները հավաստում են, որ Արտավազդը որդեգրել է Տիգրան Մեծի քաղաքականությունը[փա՞ստ]։ Վերջինս՝ որպես քաղաքագետ և ռազմական առաջնորդ, կայացել է մ.թ.ա. 50-ական թվականների սկզբին՝ Մեծ Հայքի թագավորության արքայից արքայի գահակից նշանակվելուն պես, սկսելով օգնել վերջինիս թագավորության կառավարման գործում։ Տիգրանի այս ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ վերջինիս օրինական չորս որդիներից երեքը՝ Զարեհը, Արտաշեսը և Տիգրան Կրտսերը, ապստամբել էին թագի դեմ՝ օժանդակելով հռոմեացիներին։

Կառավարման սկիզբ խմբագրել

Թագադրում և կառավարման սկիզբ խմբագրել

 
Հռոմեական առաջին եռապետության (կազմավորված՝ մ.թ.ա. 60 թվական) անդամները՝ Գնեոս Պոմպեոսը, Մարկոս Կրասսոսը և Հուլիոս Կեսարը։ Արևելքի կոնսուլի պաշտոնում Մարկոս Կրասոսն էր։

Արտավազդ Բ-ի թագադրման արարողությունը տեղի է ունենում մ.թ.ա. 55 թվականին Արտաշատում՝ Տիգրան Մեծի մահվանից անմիջապես հետո։ Արտավազդը, դառնալով Տիգրան Մեծի իրավահաջորդը, ստանում է Մեծ Հայքի տասնհինգ նահանգները (այդ թվում և Ծոփքը) և Հյուսիսային Միջագետքը։ Վերջինիս տրամադրության տակ էր 120 հազարանոց հայկական զորաբանակը, որի գլխավոր հարվածային ուժը հայոց այրուձին էր։ Այնուամենայնիվ, Արտավազդ Բ-ն իր կառավարումը սկսում է չափազանց բարդ պատմական ժամանակահատվածում, քանզի Մեծ Հայքը հայտնվել էր համաշխարհային գերիշխանության ձգտող և իր հզորության գագաթնակետում գտնվող Հռոմեական հանրապետության և իր սասանված դիրքերը վերականգնած Պարթևստանի հետաքրքրությունների կիզակետում։ Այսպիսով, հակամարտող կողմերից յուրաքանչյուրի համար Հայքի դիրքորոշումն ուներ կարևոր նշանակություն, իսկ Արտավազդի համար ամենաձեռնտու տարբերակը բացարձակ չեզոքությունն էր[7]։

Այնուամենայնիվ, մ.թ.ա. 66-ին կնքված Արտաշատի պայմանագիրը բացառում էր Հայքի կողմից չեզոքության սկզբունքներով առաջնորդվելը, քանզի այդ պայմանագրով Մեծ Հայքը ճանաչվել էր «Հռոմի բարեկամ և դաշնակից» և պարտավորվում էր օժանդակել հռոմեական լեգեոններին՝ պատերազմների դեպքում։ Այսպիսով, սկզբնապես Արտավազդը գործում է հռոմեամետ գործչի տրամաբանությամբ և սերտ դաշնակցային հարաբերություններ հաստատում դրացի Հռոմի հետ։ Այս հանգամանքով էլ պայմանավորված էր պարթևների, մասնավորապես՝ Որոդես Բ Արշակունու որդեգրած հակահայկական քաղաքականությունը։ Պարթևները նպատակ ունեին վերականգնել իրենց խարխլված դիրքերը տարածաշրջանում՝ Արտաշեսյաններից ետ խլել «արքայից արքա» տիտղոսը։ Նման պայմաններում Հռոմի հետ դաշնակցությունը ձեռնտու էր նաև Արտավազդին։

Մ.թ.ա. 60 թվականին Հռոմեական հանրապետությունում ստեղծվում է առաջին եռապետությունը, որով պետական և ռազմական գործիչներ Գնեոս Պոմպեոսը, Մարկոս Կրասսոսը և Հուլիոս Կեսարը միմյանց մեջ էին բաժանում Հռոմի իշխանությունը[8]։ Աշխարհակալության արևելյան հողերը՝ Անտիոք կենտրոնով, բաժին էր հասնում Կրասոսին, որն էլ ենթադրաբար պետք է պատերազմ սկսեր պարթևաց արքայի դեմ և բանակցություններ վարեր Մեծ Հայքի թագավորության արքայից արքա Արտավազդ Բ-ի հետ։

Կրասոսի արևելյան արշավանք խմբագրել

Հատված Արտավազդի և Կրասոսի խոսակցությունից՝ ըստ Հայկ Խաչատրյանի «Արտավազդ» պատմավեպի

- Ես խորհուրդ եմ տալիս, Կրասոս, որ դու Պարթևաց աշխարհի դեմ արշավես Հայքի վրայով։ Ես կպահեմ քո բանակը։ Միևնույն ժամանակ ես կկառուցեմ ևս 6 հազար հեծանվորդներ, ևս մեկ բյուր այրոց և երեք բյուր ճամփորդի։ Ոչխարները կշփոթեցնեն Օրոդեսին։ Նա չի կարող գործի դնել իր մեծաթիվ այրուձին։
     - Ոչ, արքայից-արքա, այստեղից մինչև Օրոդեսի նստավայր քաղաքը մի ամսվա ճանապարհ է, իսկ Հայքի վրայով՝ ամիսներ կտևեն։
     - Բայց դու կշարժվելես հյուրընկալ երկրով, կունենաս ապահով թիկունք, մինչդեռ քո ընտրած ճանապարհը անցնում է անապատների միջով, այնտեղ ոչ ջուր կա, ոչ `պարեն։
     - Շտապող մարդուն դու խորհուրդ ես տալիս իջնել ձիուց և ոտքով քայլել։
- Երբեմն ոտքով ավելի շուտ են տեղ հասնում, քան ձիով։
Ավազուտներում ձեր ձիերը կարող են կորցնել Տիզբոն տանող ուղիները։

Մ.թ.ա. 54 թվականին Մարկոս Կրասոսը Հռոմի արևելյան լեգեոնների գլուխն անցած անցնում է Փոքր Ասիան և նախապատրաստվում Պարթևստանի դեմ վճռական արշավանքի։ Վերջինս աչքի էր ընկնում իր առանձնակի դաժանությամբ ու նենգամտությամբ և այս մասին քաջատեղյակ էր նաև հայոց արքայից արքան։ Մինչ այդ Կրասոսի գլխավորած լեգեոնները «արյան մեջ խեղդել էին» Սպարտակի հուժկու ապստամբությունը[9][10], իսկ ապստամբներին ամենայն հավանականությամբ օժանդակել էր Արտավազդի հայրը՝ Հայքի արքա Տիգրան Բ Մեծը։ Այնուամենայնիվ, փակուղում գտնվող Արտավազդի համար միակ ելքը հռոմեացիներին զորավիգ լինելն էր, քանզի Որոդես Բ-ն արդեն իսկ սկսել էր Հայաստանի հարավային նահանգների ասպատակությունը՝ պարթևաց զորքերը մտցնելով Կորդուք և Պարսկահայք[7]։ Միևնույն ժամանակահատվածում դեպի արևելք էին շարժվում հռոմեական լեգեոնները, որոնց նպատակակետը Անտիոքն էր՝ Ասորիքի մայրաքաղաքը։ Հասնելով Ասորիք՝ Կրասոսը հայտարարում է «բարեկամ և դաշնակից» ժողովուրդների զորահավաք, որից անմասն չեն մնում նաև հայերը։ Արտավազդ Բ-ն 40 հազարանոց հայկական զորաբանակով (այդ թվում՝ 16 հազար այրուձի և 24 հազար հետևակ) ժամանում է Հռոմի եռապետի բանակատեղի և դիվանագիտական բանակցությունների ժամանակ առաջարկում լեգեոնները տեղափոխել Մեծ Հայք՝ արշավանքը սկսելով առավել նպաստավոր ռազմավարական դիրքերից՝ Հայքի լեռներից[11]։

Արտավազդ Բ-ի առաջարկը ստրատեգիական տեսանկյունից հիմնավոր էր այնքանով, որ հայոց լեռներում պարթևական բանակը զրկվում էր իր գլխավոր հարվածային ուժի` հեծելազորի կիրառելիության հնարավորությունից, որն անուղղակիորեն անհնարին էր պատկերացնել անապատային Միջագետքի պարագայում, որտեղ պարթևաց զորախմբերը իրենց զգում էին ինչպես «ձուկը ջրում»[7]։ Ըստ էության` այս քայլով Արտավազդ Բ-ն ցանկանում էր նաև հռոմեական լեգեոնների ներուժն օգտագործելով լուծել հայ-պարթևական անխուսափելի թվացող բախման խնդիրները։ Կրասոսի համաձայնության դեպքում Արտավազդ Բ-ն պատրաստակամություն էր հայտնում ընդհուպ մինչև ավելացնել հայկական զինուժի թվաքանակը պարթևական արշավանքի ժամանակ։ Սակայն հռոմեացի զորավարն անդրդվելի էր և ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չէր գալիս հայոց արքայից արքայի հետ։ Վերջինս նախապատրաստվում էր կարճ ճանապարհով` Միջագետքի տափաստաններով ներխուժել Պարթևական տերություն, մինչդեռ Արտավազդը գիտակցում էր այդ արշավանքի կործանարարությունը, նախ և առաջ Մեծ Հայքի համար։ Այսպիսով, փորձելով զերծ պահել Հայքի բնակչությանը Մարկոս Կրասոսի հետ կնքված անբարենպաստ դաշինքի հետևանքներից, Արտավազդ Բ-ն մերժում է լեգեոններին զինակցելու եռապետի պահանջը՝ ինքնին հրաժարվելով նաև հայ-հռոմեական դաշինքով ստանձնած պայմանագրային պարտավորություններից։ Վերջինիս գործողություններն ուղղված էին մեկ այլ գերտերության հետ դաշինքի կնքմանը, իսկ այդ տրամաբանությամբ Հայաստանը պետք է հաշտության եզրեր գտներ նախ և առաջ թշնամական նախատրամադրվածությամբ Որոդես Բ-ի հետ։

Հայ-պարթևական դաշինք և Խառանի ճակատամարտ խմբագրել

Դեմ դուրս գալով Հռոմի եռապետին՝ մ.թ.ա. 53 թվականին Արտավազդը ստիպված է լինում համագործակցել իր արևելյան հարևանի հետ։ Որոդես Բ-ն Արտավազդի այս որոշումն ընդունում է մեծ ոգևորությամբ, և նույն տարում էլ կնքվում է հայ-պարթևական դաշինքը։ Այն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ, որի շրջանակներում էլ Արտավազդի քույրն ամուսնանում է պարթևական թագաժառանգ Բակուրի հետ։ Դաշինքից հետո, նախատեսվածի պես, պարթևները չեն սպասում հռոմեացիների ներխուժմանը և երկու տարբեր ուղղություններով նախահարձակ լինում։ Այսպիսով՝ պարթևական բանակի մի մասը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ, շարժվում է Անտիոք՝ Կրասոսի լեգեոններին ընդառաջ, իսկ զորքի մնացյալ մասը ղեկավարում է հենց ինքը՝ պարթևների արքան, և անակնկալ հարձակման անցնում թշնամու թիկունքից՝ ռազմադաշտ մեկնելով Արտաշեսյանների թագավորության տարածքով։

Ամռանը Միջագետքի անապատային տարածքներով առաջխաղացող հռոմեական բանակը, որը շոգից կորցրել էր իր մարտունակությունը, հանկարծակիորեն տեղեկանում է Սուրենի գլխավորած պարթևական ուժերի նախահարձակ լինելու մասին։ Մարկոս Կրասսոսը հայտնվում է խուճապային իրավիճակում, երբ արևելքից երևում են հռոմեացիներին աղաղակով ընդառաջ շարժվող պարթևների սաղավարտները, որոնց հետևից առաջանում էին Սուրենի բանակի նետաձիգները։ [[Հռոմեական լեգեոներները զինված էին նիզակներով և թրերով, ունեին երկաթյա զրահներ և սաղավարտներ, որոնք պաշտպանում էին նրանց թույլ հարվածներից, և ուղղանկյունաձև վահաններ՝ հարվածի և նետի դեմ։ Սակայն պարթևական բանակը, Սուրենի հմուտ ռազմավարության շնորհիվ, անցնում է շեշտակի հարվածների և ջախջախում հռոմեական կայազորները։ Մարտերի կիզանուտում սկզբնապես սպանվում է Կրասոսի որդին, և ապա մահվան դատապարտվում հենց ինքը՝ Հռոմի եռապետը։ Սուրենի հրամանով Կրասոսը գլխատվում է, որից հետո պարթևները նրա կոկորդի մեջ հալեցրած ոսկի են լցնում՝ «ոսկու հանդեպ նրա ծարավը հագեցնելու համար»։ Ըստ Պլուտարքոսի` Կրասոսի գլուխն ուղարկվում է Արտաշատ, որտեղ այդ ժամանակ Արտավազդ Բ-ի մոտ պարթև մեծամեծերի ուղեկցությամբ հյուրընկալվել էր Որոդես Բ-ն։ Խնջույքից հետո սեղաններն արդեն հավաքել էին, և դերասանները հանդիսականների ուշադրությանն էին ներկայացնում Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը[12]։ Շուտով բեմ է դուրս գալիս Յասոն Տրալացին և սկսում է արտասանել Ագավեին վերաբերող տողերը։ Դրան հաջորդած ծափահարությունների ժամանակ էլ բեմահարթակում է հայտնվում զորական Սիլլակեսը և Արտավազդի ու Որոդեսի առջև նետում Կրասոսի գլուխը։ Այս ամենը արքունիքում ընդունվում է ցնծությամբ։ Յասոն Տրալացին բեմականության ժամանակ արտասանում էր ստեղծագործության ներքոնշյալ հատվածը՝ ձեռքում պահելով եղջերուի բուտաֆորային գլուխը։

  Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս...լեռան բարձունքից բերում ենք եղնիկ` խոցված մեր փառահեղ հարվածներից։
- Յասոն Տրալացի, հատված Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունից։
 

Պլուտարքոսը գրում է, որ «այսպես էլ ավարտվում է Կրասոսի արևելյան արշավանքը»։ Նմանօրինակ հաղթությունից հետո, հայ-պարթևական դաշնակցային հարաբերությունները սերտանում են։ Խառանի ճակատամարտից կարճ ժամանակ անց հայ-պարթևական միացյալ ուժերը պարթևների թագաժառանգ Բակուրի և Հայքի սպարապետ Վասակի հրամանատարությամբ արշավում, ապա նվաճում են Ասորիքը, Պաղեստինը և Փյունիկիան։ Այս արշավանքի հետ կապված՝ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդն իր տերության հարավային շրջաններում Բարզափրան Ռշտունի նահապետին կարգել էր հայոց և պարթևաց զորքերի հրամանատար[13], ապա՝ նաև կուսակալ։

Մարկոս Անտոնիոսի արևելյան արշավանք խմբագրել

Հայ-պարթևական համատեղ արշավանքների հետևանքով նվաճված տարածքները և ռազմավարը դաշնակիցները բաժանում են միմյանց միջև։ Որոդեսի հետ համագործակցության միջոցով Արտավազդը փորձում էր վերականգնել Տիգրան Մեծի ստեղծած կայսրության նախկին հզորությունն ու փառքը՝ վերահաստատելով Մեծ Հայքի աշխարհաքաղաքական ազդեցությունը Փոքր Ասիայում։ Սակայն քաղաքական իրադարձություններն այլ ընթացք են ստանում, քանի որ Պարթևստանում տեղի են ունենում համակարգային շրջադարձեր։ Դավադրության հետևանքով զոհվում է Որոդես Բ-ն, իսկ թագաժառանգ Բակուրը սպանվում է ճակատամարտում։ Թագին տիրանալու համար մղվող անզիջում պայքարում հաղթած Որոդեսի որդիներից Հրահատը գահին բազմելուն պես սպանում է իր երեսուն եղբայրներին և բեկումնային կերպով փոխում Պարթևստանի վարած քաղաքականությունը։

Հրահատը գահին բազմելուն պես խզում է հայ-պարթևական դաշինքը և բացահայտորեն ի ցույց դնում իր հակահայկական կողմնորոշումը։ Վերջինս դաշինք է կնքում Հայքի երդվյալ թշնամի, Ատրպատականի արքա Մար Արտավազդի հետ, որը մորական կողմից հայ էր և սերում էր Արտաշեսյանների տոհմից[14]։

... Հռոմեական զորքը շարունակեց իր գնացքը և մի քանի օր անց պաշարեց Ատրպատականի քաղաքամայրը։ Անառիկ պարիսպներ ուներ Փրաասպան։ Հռոմեացիների առաջին գրոհը ձախողվեց։ Ատամնավոր աշտարակներից ատրպատականցիները նետերի տարափ էին տեղում։ Անտոնիոսը հասկացավ, որ առանց պաշարող մեքենաների քաղաքը անհնար է գրավել։ Լեգիոնականներն սկսեցին արհեստական հողաբլուրներ բարձրացնելով մոտենալ պարիսպներին։ ...

- Տեսարան Փրաասպայի ճակատամարտից՝ ըստ «Արտավազդ» պատմավեպի

Մ.թ.ա. 36 թվականին դեպի արևելք արշավանք է սկսում հերթական հռոմեացի զորավարը՝ Գալլիայի կոնսուլ Մարկոս Անտոնիոսը, որը ստանձնել էր երկրի համագահակալման պատվախնդիր առաքելությունը։ Մինչ այդ՝ մ.թ.ա. 43 թվականին, Հռոմում ձևավորվել էր երկրորդ տրիումվիրատը (եռապետությունը), որի արդյունքում գերտերության գահը կիսել էին Մարկոս Լեպիդոս Էմիլիոսին, Մարկոս Անտոնիոսը և Գայոս Օկտավիանոսը (վերջինս մ.թ.ա. 27 թվականին ստանձնում է երկրի բացարձակ ղեկավարումը՝ իրեն հռչակելով Օգոստոս և Հռոմի կայսր)[15]։ Նախքան պարթևների դեմ արշավելը, մ.թ.ա. 37 թվականին Մարկոս Անտոնիոսը հռոմեական լեգեոններով ներխուժում է Հայաստան և հանդիպում պահանջում արքայից արքա Արտավազդից։

Մինչ այդ Արտավազդն արդեն իսկ կանխորոշել էր վերջինիս հետ հանդիպման օրակարգային բնույթը և Հայաստանը պետք է վճիռ կայացներ՝ կա՛մ վերաստանձնել Արտաշատի դաշնագրի պայմանագրային դրույթները, կա՛մ իր վրա վերցնել ի սկզբանե պարթևների դեմ ուղղված Հռոմի ներխուժումը։ Արտավազդը գերադասում է պետության շահերը և Մարկոս Անտոնիոսի հետ հանդիպման ընթացքում խոստանում, որ Հայքի զինվորները կպահեն հռոմեական լեգեոներների թիկունքը և վերջիններիս զորավիգ կլինեն մարտադաշտում։ Մասնավորապես, Արտավազդը Անտոնիոսին խոստանում է տրամադրել 6 հազար հեծյալ և 7 հազար հետևակ։ Փորձելով չկրկնել Կրասոսի սխալական փորձը՝ Անտոնիոսը համաձայնվում է Պարթևստան ներխուժել Հայքի տարածքով՝ արշավանքը սկսելով Փայտակարանից։ Այսպիսով, Մեծ Հայքի բարեխառն գոտիներում ձմեռելուց հետո, Անտոնիոսը պատրաստվում է սկսել արշավանքը՝ 100-հազարանոց հռոմեական բանակը կենտրոնացնելով Ատրպատականի հետ սահմանային գոտում։ Արդեն իսկ մ.թ.ա. 36 թվականին հռոմեական լեգեոններն անցնում են Արաքսը և շարժվում Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպայի ուղղությամբ[7][11]։ Անտոնիոսի բանակը տարբեր զորատեսակներից բացի ուներ նաև ռազմական արդի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են պաշարողական և քարանետ մեքենաները։ Մոտենալով Փրաասպային, Անտոնիոսը հրամայում է շրջանցել պաշարողական մեքենաները և ամբողջ բանակով շարժվել քաղաքի բարձրաբերձ դարպասներին ընդառաջ։ Այսկերպ Մարկոս Անտոնիոսը թույլ է տալիս ռազմավարական բեկումնային սխալ, որն էլ օգտագործում են պարթևական օգնական ուժերը. վերջիններս շրջանցում են պաշարման շարժվող լեգեոններին և թիկունքից ջախջախում հռոմեացիներին։ Արտավազդը տեսնելով Փրաասպայի մատույցներում հռոմեացիների արյունահեղությունը, հրաժարվում է Հայքի զինվորներին ուղարկել մարտադաշտ։ Արդյունքում՝ Անտոնիոսը հայտնվում է անելանելի դրության մեջ և ստիպված՝ նահանջում։

Հռոմեական զորքերի ներխուժումը Հայաստան խմբագրել

Պարթևներին հաջողվում է գրավել հռոմեացիների գումակը` սովի մատնելով և ակցանի մեջ առնելով ողջ զորքը։ Փրաասպայի մատույցներում հռոմեացիները տալիս են 32 հազար զոհ, իսկ Անտոնիոսն իր բանակի մնացորդներով հազիվ կարողանում է փախչել Հայաստան։ Այս կապակցությամբ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսը գրել է. «...Երբ հռոմեացի զինվորները ոտք դրեցին հայկական հողի վրա, ասես բաց ծովում երկար թափառումներից հետո առաջին անգամ ցամաք տեսած, նրանք համբուրում էին քարերն ու ավազը և իրար գրկելով ուրախությունից լաց լինում»[16]։ Մնացուկ զորքի վիճակը կայունացնելուց և փոքր-ինչ դադար առնելուց հետո, Անտոնիոսը թողնում է Հայաստանը ու շարժվում դեպի Ալեքսանդրիա, ուր իրեն էր սպասում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան։ Անտոնիոսը Պարթևստանի դեմ արշավանքն սկսել էր առանց Սենատի համաձայնության, և Հռոմում նրա նկատմամբ հակակրանք ի սկզբանե առկա էր։ Փրաասպայի պարտությունից հետո՝ Անտոնիոսի համբավն ու վարկանիշն էլ ավելի են գահավիժում։ Իրավիճակը մեղմելու համար վերջինս իր պարտության գլխավոր պատասխանատվությունը դնում է Արտավազդի վրա՝ հայ արքայի քայլը որակելով «դավաճանական»։

Այդ դեպքում ակնկալելի էր, որ Հռոմի եռապետը դեռ պետք է վրեժխնդիր լիներ իր երբեմնի «բարեկամ և դաշնակից» Արտավազդ Բ-ից՝ իր զինվորներին Ատրպատական տանող ճանապարհից ետ կանչելու համար։ Նա շարունակականորեն փորձում էր ապօրինի միջոցներով ձերբակալել հայոց արքային, որը, սակայն, վերջինիս մոտ չէր ստացվում։ Սկզբում Անտոնիոսը Արտավազդին հրավիրում է Ալեքսանդրիա՝ պարթևական նոր արշավանքի, ապա՝ Հայքի մանկահասակ արքայադստերը Մարկոսի և Կլեոպատրայի վեցամյա որդուն` Ալեքսանդրին կնության տալու ընթացակարգերը քննարկելու։ Չկարողանալով խարդավանել Արտավազդին՝ Անտոնիոսը տասնյակ հազարանոց լեգեոնների գլուխ անցած ներխուժում է Հայաստան և բանակում Արտաշատ-Տիգրանակերտ արքունի պողոտայի շրջակայքում. շուտով եռապետը հայտնում է տեղի արքայի հետ բանակցելու իր մտադրության մասին։

Գայոս Օկտավիանոսի՝ Արտավազդին հղած նամակը
 
Փրաասպայի մատույցների մոտ Անտոնիոսի կրած ջախջախիչ պարտությունից հետո, Արմենիայի արքա Արտավազդին նամակ է հղում Հռոմի ազդեցիկ եռապետ, ապագա «Օգոստոս» Գայոս Օկտավիանոսը։ Վերջինս իր նամակում Արտավազդին հորդորում էր սպանել Մարկոս Անտոնիոսին, ինչպես նաև վերջինիս ողջ մնացած զորախմբերին։ Հայքի գահակալը կտրականապես մերժում է տալիս հռոմեացի գործչի դավադիր այս առաջարկին, քանզի դա վայել չէ ազնվականի արժանապատվությանը։ Այնուամենայնիվ, Հայքի արքայից արքան այս հարցին ամենայն հավանականությամբ մոտենում էր նաև հեռատեսորեն, քանզի բոլորին էր հայտնի, որ Օկտավիանոսը հավակնում էր դառնալ Հռոմի բացարձակ միապետ։ Անտոնիոսի սպանությունը հնարավորություն կտար իրագործել արկածախնդիր այդ ծրագիրը, քանզի Լեպիդոսն ինքնին այդքան էլ մեծ մարտահրավեր չէր։ Այս հանգամանքը ամենևին էլ չէր բխում Հայաստանի շահերից, քանի որ կանխորոշված իրավիճակում Հռոմը կարող էր հայտնվել ավելի շահեկան դիրքերում
[7]։
 

Հայքի արքայական ընտանիքի շղթայում և բանտարկում խմբագրել

Արտավազդը շատ լավ գիտակցում էր, որ եթե չներկայանա Անտոնիոսին, վերջինս պատերազմ կսկի և սրի կմատնի հայերին։ Փորձելով կանխել նմանօրինակ արյունահեղությունը՝ Արտավազդը գնում է եռապետի մոտ, թեպետ արքայազն Արտաշեսը և արքայական ընտանիքը դեմ էին արքայի որոշմանը։ Այնուամենայնիվ, Արտավազդ Բ-ն գերադասում է հայրենի երկրի շահերը և դիմում անձնազոհության։ Անտոնիոսը Հայքի գահակալին մեղադրում է դավաճանության մեջ՝ պնդելով, որ դա հռոմեական լեգեոնականների որոշումն է, և որ նրանք արդարադատություն են պահանջում։ Հայոց արքունիքում կարծում էին, որ եթե Արտավազդը հանդիպեր Անտոնիոսի հետ, տեղի կունենար այն ամենը, ինչ եղել էր ավելի քան երեսուն տարի առաջ (նկատի ունենալով Տիգրան Մեծի և Գնեոս Պոմպեոսի հանդիպումը) և Արտաշատը կազատվեր հռոմեացիների պաշարումից։ Խոսքի ընթացքում Անտոնիոսը ասում է, որ արդեն իսկ ձերբակալել է Հայքի դաշնակից Գալատիայի թագավոր Դիյոտարոսի, Արտավազդի դստերը՝ Էլեկտրային և նրա ամուսնուն՝ Սենոնին։ Շուտով Մարկոս Անտոնիոսը դրժում է Մեծ Հայքին տված իր ուխտը և շղթայակապ բանտարկում Արտավազդ արքային։

Այսուհանդերձ, Արտաշեսը հայկական զորաբանակով Կապուտանից (Ուրմիո լճի շրջակայքից) շարժվում էր Արտաշատի ուղղությամբ, իսկ այս ընթացքում հռոմեացիները փորձում էին գահակալի սպառնալիքով տիրանալ Հայքի բոլոր գանձերին, որը, սակայն, նրանց ամենևին էլ չէր հաջողվում։ Մինչ արքայազն Արտաշեսի ոստան հասնելը, հռոմեական լեգեոնները թողնում են Արտաշատի պաշարումը և շարժվում Ալեքսանդրիա՝ իրենց հետ տանելով գերեվարված ազնվականներին։ Անտոնիոսի անմարդկային արարքը որևէ կերպ չեն արդարացրել նույնիսկ հռոմեացի պատմիչները. վերջինիս մասին միանշանակորեն գրել են բացասական երանգավորմամբ։ 2-3-րդ դարերի հռոմեացի պատմիչ Դիոն Կասսիոսը այս դեպքերի կապակցությամբ գրել է[16].

  ...Անտոնիոսն Արտավազդին խաբելով, ձերբակալելով, շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը... դա տմարդի արարք էր... ոչ մի այլ հռոմեացի երբեք այդչափ չէր նսեմացրել մեր անմահ ժողովրդին...
- Դիոն Կասիոս
 

Արտավազդի շղթայումից հետո Անտոնիոսն Արմենիան ձևականորեն հռչակում է հռոմեական պրովինցիա։ Իր կորուսյալ համբավը վերականգնելու համար՝ եռապետը տեղեկություններ է տարածում այն մասին, թե Մեծ Հայքը հավատարմության երդում է տվել Հռոմին։

Գահակալության ավարտ և մահ խմբագրել

Հատված Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» աշխատությունից

Առյուծի նման գազանաբար մռնչաց Անտոնիոսը, մանավանդ գրգռվելով Կլեոպատրայից, որ քեն էր պահում իր տատի կրած չարչարանքների համար Տիգրանից։ Ոչ միայն հայերին էր լինում մահաբեր, այլև ուրիշ շատ թագավորների, որպեսզի նրանց իշխանություններին տիրի։ Ուստի և Անտոնիոսը շատ թագավորներ սպանելով, նրանց իշխանությունները վստահում էր Կլեոպատրային, բացի Տյուրոսից և Սիդոնից և առհասարակ բացի նրանցից, որոնք Ազատ գետի մոտերքն էին։ Վերցնելով զորքերի բազմությունը՝ դիմում է Արտավազդի վրա։ Միջագետքով անցնելով՝ սաստկապես կոտորում է Հայոց զորքերը, ձերբակալում է նրանց թագավորին և Եգիպտոս վերադառնալով՝ Կլեոպատրային է պարգևում Տիգրանի որդի Արտավազդին, նաև ուրիշ շատ իրեր պատերազմի ավարից։

«Արմենիայի հպատակեցումը» և Արտավազդ արքայի շղթայումը մեծ շուքով է ընդունվում Հռոմում և Ալեքսանդրիայում։ Գերելով հայ արքայական ընտանիքին և փորձելով զերծ մնալ հայոց ոստանի ուղղությամբ շարժվող Արտաշեսի զորախմբերից՝ մ.թ.ա. 34 թվականին Մարկոս Անտոնիոսն իր լեգեոններով, գերիներով և կողոպուտի ընթացքում ձեռք բերված ավարով շարժվում է Եգիպտոս՝ իր կնոջ՝ Կլեոպատրայի մոտ՝ իր հետ տանելով Արտավազդ Բ-ին[7]։ Շուտով Կլեոպատրան և Անտոնիոսը այս «հաղթության» կապակցությամբ կազմակերպում են հաղթահանդես։ Առհասարակ հաղթահանդես կազմակերպելու իրավունքը գլխավորապես վերապահված էր հանրապետական Հռոմին, և Եգիպտոսը՝ որպես կամակատար տերություն, երբեք չէր հանդգնել ընդդիմանալ Սենատին։ Սակայն Կլեոպատրան Ալեքսանդրիայում կազմակերպում է ժողովրդական հաղթահանդես, քանզի վերջինս վայելում էր եռապետ Մարկոս Անտոնիոսի հովանավորչությունը։ Այս միջադեպն էլ ավելի է վատթարացնում և գրգռում Անտոնիոսի և Հռոմի տրիումվիր Օկտավիանոսի հարաբերությունները (շուտով այն վերածվում է բացահայտ մրցակցություն և ապա՝ բացարձակ իշխանության համար մղվող պատերազմի)։

Առհասարակ, հռոմեական արքունիքում ընդունված սովորություն էր հաղթահանդեսներից հետո մարդկանց ազատություն շնորհելը։ Մարկոսը ամեն կերպ հավաստում էր Արտավազդին, որ եթե ինքը՝ Հայքի գահակալը, և իր ընտանիքը խոնարհվեն Եգիպտոսի թագուհու առաջ և ներում խնդրեն, վերջիններս պատրաստ են նրանց ևս ազատություն շնորհել։ Այնուամենայնիվ, ինչպես հավաստում են ժամանակաշրջանը նկարագրած հռոմեացի պատմիչները, Արտավազդն ու իր ընտանիքը հաղթահանդեսի ժամանակ արհամարհում են թագուհուն և անցնում թագավորական կեցվածքով, ապա Անտոնիոսի կնոջը դիմում անունով՝ Կլեոպատրա։ Գոռոզ թագուհին այս ամենից հետո որոշում է խստագույնս պատժել իրեն հեղինակազրկած Հայքի արքային և տարիներ տևած գերությունից հետո՝ մ.թ.ա. 31 թվականի հոկտեմբերին, Արտավազդը գլխատվում է։ Մահապատժի են ենթարկվում նաև արքայական ընտանիքի մյուս անդամները։ Ըստ Դիոն Կասսիոսի՝ Կլեոպատրան Արտավազդի գլուխն ուղարկում է Փրաասպա՝ «Հռոմի բարեկամ և դաշնակից», Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացուն։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Արտավազդին մահապատժի է ենթարկում Կլեոպատրան՝ Պտղոմեոս XII-ի դուստրը։ Պտղոմեոսը Եգիպտոսի գահին բազմել էր Տիգրան Մեծի օգնությամբ և համարվում էր Հայքի «հավերժ դաշնակիցը»[փա՞ստ]։ Ատրպատականի արքան՝ Մար Արտավազդը, որին էլ ուղարկվում է Հայքի գահակալ Արտավազդ Բ-ի գլուխը, Տիգրանի դստեր որդին էր և մորական կողմից ծագում էր Արտաշեսյաններից[փա՞ստ]։ Դիոն Կասիոսը Արտավազդի մասին գրել է հետևյալ հատվածը[16].

  Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով թե՛ առատ ավար և թե՛ Արտավազդին՝ իր կնոջ ու որդիների հետ։ Եվ մյուս գերիների հետ նրանց ևս իր առջևից Ալեքսանդրիա ուղարկելով՝ իբրևէ հաղթահանդեսի շքերթի համար՝ ինքը քաղաք մտավ մարտակառքի վրա... Կլեոպատրան նստած էր բազմության մեջտեղ, արծաթապատ բեմում, ոսկեզօծ գահավորակի վրա... Սակայն հայերը ոչ աղերսեցին նրան, ոչ իսկ երկրպագեցին, թեպետև նրանց շատ էին ստիպում և շատ էին հուսադրում՝ ազատություն խոստանալով։ Եվ որովհետև Կլեոպատրային պարզապես իր անունով կոչեցին, նրանք վեհամիտ մարդկանց համբավ շահեցին, բայց և նույն այդ պատճառով ենթարկվեցին խիստ չարչարանքների։
- Դիոն Կասիոս` 2-3-րդ դարերի հռոմեացի պատմիչ
 

Նախքան Արտավազդի մահը, հանրապետական Հռոմում տեղի է ունենում դարակազմիկ մի իրադարձություն, որը նշանավորվում է քաղաքացիական պատերազմի ավարտով։ Մ.թ.ա. 31 թվականի սեպտեմբերի 2-ին Հունաստանի ափերի մոտ ծովամարտի են բռնկվում Անտոնիոսի և Օկտավիանոսի ուժերը[17]։ Ակտիումի ճակատամարտն ավարտվում է Օկտավիանոսի հաղթանակով, իսկ պարտված Անտոնիոսը գերությունից խուսափելու համար ինքնասպան է լինում՝ նետվելով սեփական սրի վրա։ Շուտով Ալեքսանդրիայում օձի թույնից մեռնում է նաև Կլեոպատրան, ում չէր հաջողվել գայթակղել Գայոսին[18]։

Արտավազդից հետո խմբագրել

 
Արտավազդի որդի Արտաշես Բ-ի հատած դրամները՝ հունարեն մակագրությամբ։

Արտավազդից գերեվարումից հետո երկիրը մնում է անտերունչ. հռոմեական լեգեոնները պաշարել էին Արտաշատը, իսկ գահակալը շղթայված էր։ Այս պայմաններում Պարսկահայքից հայկական զորախմբերով վերադառնում է արքայազն Արտաշեսը, որը տեր կանգնելով հոր թողած կտակին՝ մ.թ.ա. 34 թվականին դառնում է Մեծ Հայքի արքա։ Այնուամենայնիվ, հռոմեացիների սպառնալիքը շարունակում էր մնալ Հայաստանի անվտանգության դեմ ուղղված գերակա խնդիրը։ Շուտով լեգեոնները վերստին անցնում են հարձակման և մուտք գործում Արտաշատ։ Ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Արտաշեսը ստիպված է լինում ռազմական դաշինք կնքել պարթևաց Հրահատ Դ թագավորի հետ և նվաճված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Գայոս Օկտավիանոսի և Մարկոս Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31 թվականին տեղի ունեցած Ակտիումի ճակատամարտից՝ Արտաշեսը հայկական ուժերի գլուխն անցած հարձակվում է «Հռոմի բարեկամ և դաշնակից» Ատրպատականի վրա և նվաճելով երկիրը՝ վրեժխնդիր լինում Մար Արտավազդից։ Այնուհետև Արտաշես Բ-ն մուտք է գործում Հայաստան և պարտության մատնելով այնտեղ գտնվող լեգեոններին, հաստատվում է հայրենյաց գահին, ժառանգելով «արքայից արքա» տիտղոսը։ Արտաշեսը Մեծ Հայքին է միացնում Ատրոպատենան։ Արտաշես Բ-ն դառնում է արքայատոհմի վերջին նշանավոր և զորեղ ներկայացուցիչը. հաջորդիվ սկսվում է Արտաշեսյանների թագավորության անկումը[19]։

Արտավազդի անձ խմբագրել

Արտավազդ Ա-ն Արտաշես Ա Բարեպաշտի ծոռն էր՝ Տիգրան Մեծի և անհայտ ծագման (հնարավոր է նաև՝ Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրա Պոնտացու) ազնվական կնոջ որդին։ Հայտնի է, որ Արտավազդն ունեցել է երեք եղբայրներ՝ Արտաշեսը, Զարեհը և Տիգրան Կրտսերը։ Հունահռոմեական աղբյուրներում վերջիններս բացառապես հիշատակված են Հայքի ախոյանների հետ համագործակցության կամ թագի դեմ ապստամբություն բարձրացնելու կապակցությամբ։

Մեզ հասած մատենագրություններում Արտավազդի կնոջ անունը չի պահպանվել, սակայն այն, որ վերջինս ունեցել է ազնվականական ծագում՝ միանշանակ է։ Հայտնի է, որ վերջինս մեծ նվիրվածություն է ցուցաբերել Արտավազդին՝ սպանվելով ամուսնու և ընտանիքի կողքին։ Նաիրի Զարյանն իր «Արտավազդ և Կլեոպատրա» պոեմում արքայի կնոջը հիշատակել է Բագրանուշ անունով՝ վերջինիս համարելով թագադիր ասպետ Բակուր Բագրատունու դուստրը։ Հայկ Խաչատրյանի «Արտավազդ» պատմավեպում թագավորի կնոջը տրված է Արաքսա պայմանական անունը։ Այնուամենայնիվ, նշված տարբերակներից և ոչ մեկ գիտականորեն հիմնավորված չէ։ Արտավազդն ու անհայտ ծագման տիկնանց-տիկինն ունենում են երեք որդի՝ Տիգրանը, Կրտսեր Արտավազդը և Արտաշեսը։ Ամենայն հավանականությամբ, Արտաշեսը՝ ապագա արքայից արքան, եղել է նրանցից ավագը։

Անձնային և կերպարային առանձնահատկություններ խմբագրել

 
Միհր աստծո դիմաքանդակը Նեմրութի սրբատեղիում, Կոմմագենե։

Արտավազդի արտաքին տեսքի մասին պատկերացումներ կազմում ենք վերջինիս հատած դրամների միջոցով։ Մեզ են հասել արևելյան ոճավորմամբ մի շարք տետրադրախմաներ, որոնց դիմերեսին արքայից արքան պատկերված է Արտաշեսյանների թագով և հելլենական պատմուճանով։ Արտավազդի արտաքինի մեջ հատկապես ակներև է վերջինիս կախազարդը, որը լայն քննարկումների առիթ է հանդիսացել տարբեր ժամանակներում։ Արքայից արքան ականջօղով պատկերված է իր գրեթե բոլոր թողարկումներում։ Այդ ժամանակաշրջանում արևելքում, և առհասարակ՝ ամբողջ աշխարհում, արքաների շրջանում ականջօղ կրելը համարվում էր ընդունված երևույթ։ Ականջօղով արքայական մետաղադրամներ քանիցս հատվել են Պարթևստանում և իրանական գրեթե բոլոր պետություններում, սակայն այնուամենայնիվ՝ դա խորթ երևույթ էր ինքնատիպ առանձնահատկություններ ունեցող Մեծ Հայք արքունիքում։ Հետազոտողները հակված են այն համոզմունքին, որ կախազարդը ունեցել է որոշակի խորհրդանշականություն կամ նախնիններից ժառանգած տոհմական իր[7]։

Որպես այդպիսին, իրողությունները հավաստում են, որ Արտավազդը չի եղել Տիգրան Մեծի պես թիկնեղ և պարթևակազմ, քանզի նա ավելի շատ աչքի էր ընկնում իր դիվանագիտական մտածելակերպով և ոչ թե ռազմիկ առաջնորդի փառքով։ Բանն այն է, որ ոչ հեռավոր անցյալում՝ մինչև Արտավազդի թագադրվելը, հայոց արքունիքում վստահ էին, որ թագի հաջորդ ժառանգորդը պետք է լիներ Զարեհը՝ արքայից արքա Տիգրան Մեծի ավագ որդին։ Արտավազդը, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվում էր ստանձնել որևէ հոգևոր պաշտոն, որի հիմնավորումն էլ վերջինիս ստացած փայլուն հելլենիստական կրթությունն ու աստվածների հանդեպ տածած առանձնակի համակրանքն է։ Սակայն հանգամանքների բերումով հենց նա էլ ստանձնում է Հայոց աշխարհակալության գահի իրավահաջորդությունը[7]։

Արտավազդ Բ-ն նշանավորվում է որպես եզակի առաջնորդ, որը աստվածացվել է ժողովրդի կողմից։ Նախկինում Մեծ Հայքում տարածված է եղել նաև Արտաշես Բարեպաշտի, Տիգրան Մեծի, իսկ Կոմմագենեում՝ Անտիոքոս Երվանդյանի պաշտամունքը։ Սակայն Արտավազդը նշյալ արքաներից տարբերվում է նրանով, որ ժողովուրդը նրան ոչ միայն աստվածացնում էր, այլև նույնացնում էր աստծո հետ՝ վերջինիս ընդունելով որպես երկրային կյանքով ապրող Արեգ-Միհր[7]։

Արտավազդի մշակութային գործունեություն խմբագրել

Գիտեմ, որ աշխարհում դալար են մնում փառքի այն դափնիները, որոնք ձեռք են բերվում սրով ու նիզակով։ Բայց ես մարդկանց եմ թողնում իմ սրտի կայծերը, որոնք կակաչներ կդառնան Հայոց հողում։ Ներիր, հետնորդդ իմ հայկազուն, որ հաղթության հուշակամարի փոխարեն ես կակաչներ եմ ավանդում քեզ

- Արտավազդ Բ-ի խոսքերը կառափնարան գնալուց առաջ՝ ըստ Հ.Խաչատրյանի «Արտավազդ» վեպի

Պլուտարքոսն իր «Զուգահեռ կենսագրություններ» աշխատության երրորդ գրքի մի քանի դրվագներում ներկայացնում է Մեծ Հայքի մշակութային կյանքին՝ հատկապես հին հայկական թատրոններին վերաբերվող տեղեկություններ։ Հռոմեացի հեղինակը հատկապես մեծ ակնածանքով և հիացմունքով է խոսում մ.թ.ա. 69 թվականին Տիգրանակերտում Տիգրան Մեծի կողմից կառուցված թատրոնի մասին, որը էլ ավելի հեղինակավոր է դառնում Արտավազդ Բ-ի կառավարման տարիներին։ Արքայից արքան Արտաշատ և Տիգրանակերտ է հրավիրել սինոդոսներ աշխարհի տարբեր ծայրերից՝ Հունաստանից, Գալատեայից, Մակեդոնիայից, Եգիպտոսից և Պոնտոսից։ Այդ մասին վկայում է մ.թ.ա. 53 թվականին Պարթևստանի թագավոր Որոդես Բ-ի ներկայությամբ Արտաշատի թատրոնում հույն դերասանների կողմից ողբերգակ Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» տրագեդիայի բեմականացումը։

Պլուտարքոսը նաև հավաստում է, որ հայոց Արտավազդ արքան գրել է հունալեզու ողբերգություններ, ճառեր և պատմական երկասիրություններ։ Հռոմեացի պատմիչի ուշադրության սևեռումն այս հանգամնքի վրա հավաստում է, որ Արտավազդի հեղինակային ստեղծագործությունները մեծ հայտնիություն են վայելել հելլենիստական աշխարհում։ Ցավոք, այդ երկրներից և ոչ մեկն այսօր մեզ չեն հասել։ Արտավազդը հայոց պատմության ընթացքում նշանավորվում է իր՝ հելլենիստական մշակույթի և քաղաքակրթության հետ ունեցած խիստ ընդգծված ընդհանրություններով։ 20-րդ դարի երկրորդ տասնամյակում Արմավիրի հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են անհայտ հեղինակին պատկանող սեպագրեր (տողեր ողբերգություններից), որոնք թվագրվում են մ.թ.ա. 2-1-ին դարին։ Հնէաբանները հավաստում են, որ տողերի հեղինակը ոգեշնչված է եղել Հեսիոդոսի, Եվրիպիդեսի և Մենանդրոսի աշխատություններից և ամենայն հավանականությամբ եղել է Մեծ Հայքի «բանաստեղծ արքան»՝ Արտավազդ Բ-ն։ Մեհենագիր հայերեն քարակիր արձանագրությունները մինչ օրս վերծանված չեն, մինչդեռ մասնագետների խմբի շարունակական աշխատանքի շնորհիվ պարզ է դարձել հունարեն գրությունների մի մասի բովանդակությունը[7]։

  ...Չկա ավելի ռազմատենչ դիցուհի, հաղթել է նա հսկաներին, մահ ընծայել անմահներին... սարսափ սփռել։ Խոսքիս մեջ սնապարծ չեմ դնում ոչինչ, ոչ էլ մի բան, որ ճշմարիտ իմաստ չունի...
- Արմավիրի հունարեն արձանագրություն, ամենայն հավանականությամբ՝ հատված Արտավազդ Բ-ի տրագեդիայից։
 

Արտավազդ Բ-ի կառավարման ժամանակաշրջանում Մեծ Հայքը մշակութային աննախադեպ վերելք է ապրում, քանզի արքան ինքնին խրախուսում էր արվեստն ու գիտությունը։

Գործունեության գնահատական խմբագրել

Արտավազդ Բ-ն հորից ժառանգել է «արքայից արքա» տիտղոսը և իշխել որպես մեծ գահակալ։ Նրա գործունեության և անձնային հատկանիշների մասին տեղեկությունների գլխավոր աղբյուրը հունահռոմեական մատենագրություններն են, որոնք Արտավազդ Բ-ին հիշատակել են դեպի արևելք Հռոմի ծավալապաշտական արշավանքների կապակցությամբ՝ որպես արևելքում իշխող ազդեցիկ արքա։ Հունահռոմեական սկզբնաղբյուրներն Արտավազդի գործունեությունը մեծապես լուսաբանում են չեզոքության տեսանկյունից, իսկ որոշ դեպքերում՝ անթաքույց հիացմունք տածում[16]։

Ժամանակակից փորձագետները տարբեր կերպ են բացատրում Քերթողահոր քննադատական որակումները։ Հետազոտողների մի մասը հակված է այն համոզմունքին, որ Մովսես Խորենացին Արտավազդ Բ-ին շփոթել է Արտաշեսի նզովյալ որդու՝ Արտավազդ Ա-ի հետ։ Այնուամենայնիվ, ոլորտի մասնագետների ճնշող մեծամասնությունը պնդում է, որ Խորենացին բացասաբար է ներկայացրել հենց Արտավազդ Բ-ին՝ քննադատելով նրա ռազմական սակավ հաջողությունները։ Այնուամենայնիվ, Արտավազդի կյանքն ու գործունեությունը վերծանվել է գլխավորապես հռոմեացի պատմիչների գրությունների ծաղկաքաղի արդյունքում։ Պատմահայր Խորենացին իր «Պատմություն հայոց» աշխատության 2-րդ գրքի 19-22-րդ գլուխներում գրում է[20].

  Հայաստանում թագավորում է Տիգրանի որդի Արտավազդը... անձնատուր լինելով կերուխումի, թափառում էր ճախճախուտ տեղերում, եղեգնուտններում, քարափններում, վայրի էշեր և խոզեր հետապնդելով. Անփույթ լինելով ուսման, քաջության և բարի հիշատակների, միայն իր փորի ծառան և ստրուկը դառնալով՝ աղբանոցներն էր մեծացնում։ Իր զորքերից պախարակվելով իր անգործ ծուլության և սաստիկ որկրամոլության պատճառով, մանավանդ որ Անտոնիոսը և Միջագետքն առել էր նրանից, զայրացած հրամայում է զորքեր հանել՝ Ատրպատականի նահանգի բյուրավորներին, Կովկաս լեռան բնակիչներին աղվանների և վրացիների հետ, շարժվում գնում է Միջագետք և հալածում է հռոմեացիների զորքերը։
- Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 19, 22
 

Այնուամենայնիվ, Արտավազդ Բ-ի կյանքն ու գործունեությունը վերծանվել է գլխավորապես հռոմեացի պատմիչների գրությունների ծաղկաքաղի արդյունքում։ Պլուտարքոսն իր հայտնի «Զուգահեռ կենսագրություններ» գրքում Արտավազդ Բ-ի մասին գրում է.

  Նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը և դրանով փառավոր անուն վաստակեցին։
- Պլուտարքոս
 

Արտավազդի մետաղադրամներ խմբագրել

Արտավազդ Բ-ի դրամներն ունեն հելլենիստական և արևելյան համադրության ոճավորում[21]։ Թողարկումների մի մասում պատկերված է Արտաշեսյանների ատամնավոր թագը, արքայի դիմանկարը։ Տարբեր դրամների դեպքում տարբերակված են թագի զարդերը, կապի ձևը և արքայի կիսադիմային դիրքը։ Գրեթե բոլոր թողարկումներում նկատելի է արքայի կախազարդը։ Արտավազդի դրամների դարձերեսին պատկերված է հելլենիստական աշխարհում հայտնի քառաձի կառքը։

Արտավազդ Բ-ի տետրադրահմաները։ Դիմերեսին՝ արքայից արքան, դարձերեսին՝ մարտակառք։

Արտավազդը՝ սերունդների հիշողությունում խմբագրել

1996 թվականից ի վեր մարտի 27-ին՝ թատրոնի համաշխարհային օրը, Երևանում անցկացվում է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբախշությունը[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. Shayegan, M. Rahim (2011). Arsacids and Sasanians: Political Ideology in Post-Hellenistic and Late Antique Persia. Cambridge University Press. էջ 245. ISBN 9780521766418.
  4. Khachʻatryan, Hayk (2001) Queens of the Armenians : 150 biographies based on history and legend, Sekhpossian, Nouné (transl.); Merguerian, Barbara J. (Ed.), Yerevan : "Amaras" ; Boston, MA : Armenian International Women’s Association Press, ISBN 0-9648787-2-0
  5. «The Project Gutenberg eBook of Plutarch's Lives, Vol III. by Aubrey Stewart & George Long». gutenberg.org. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. Դանիելյան, Էդուարդ Լիպարիտի, Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով (խմբ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա), Երևան, «Համազգային հայ կրթական և մշակութային միություն»։
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 Արտակ Մովսիսյան, Վահե Սուքիասյան «Ֆիլմը նվիրված է Հայոց պատմության ամենայուրահատուկ և ակնառու դեմքերից մեկի՝ Տիգրան Մեծի որդի և հաջորդ Արտավազդ Բ արքայի կերպարի, նրա թագավորության ժամանակաշրջանի բացահայտմանը։» (2017 թ․ հուլիսի 17), Արտավազդ Բ. պատիվը՝ կյանքից վեր, Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. «Առաջին եռապետությունը». Ancient History Encyclopedia. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  9. «Սպարտակի ապստամբություն // Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  10. Մանասերյան, Ռուբեն. «ՍՊԱՐՏԱԿԻ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԾ ՀԵԾԵԼԱԶՈՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ» (PDF). hpj.asj-oa.am. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  11. 11,0 11,1 Հովհաննիսյան Պ. «Արտավազդ Բ». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  12. «Ինչպիսինն էր թատրոնը Հին Հայաստանում, և ովքեր էին այն ընդունում». Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  13. «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հատոր առաջին - 001». aua.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  14. Հրանտ Ք. Արմեն. «Արտավազդ ու Անտոնիոս» (PDF). Ամերիկայի Միացյալ Նահանգներ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  15. /թարգմանություն լատիներենից/, հին շրջանի պատմություն. «Հռոմեական եռապետություն. երեք մարդ կառավարում է, մեկ մարդ՝ իշխում». ThoughtCo (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Ռ.ՆԱՀԱՊԵՏՅԱՆ, խմբագիր՝ Հայկ Հակոբյան, պ.գ.թ., ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ (2018). «Հունական և հռոմեական սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին». Եր.,: ԵՊՀ հրատարակչություն (հրատարակության է երաշխավորել ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդը). ISBN 978-5-8084-2285-8. {{cite book}}: External link in |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  17. «Ակտիումի ճակատամարտ — անտիկ պատերազմներ» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  18. «Կլեոպատրա՝ Եգիպտոսի գահակալ // Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  19. «Արտաշես Երկրորդը և Արտաշեսյան թագավորության անկումը». www.historyofarmenia.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  20. Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», «Հայաստան» հրատարակչություն, Եր., 1997, 552 էջ
  21. «Հայկական մետաղադրամների պատմությունից. Հին Հռոմում հատվում էին նաև Հայաստանին նվիրված մետաղադրամներ. Անտիկ դարաշրջանում որոշ քաղաքներ բացի համապետական թողարկումներից հատում և օգտագործում էին նաև տեղական քաղաքային մետաղադրամներ։ Այդ քաղաքներից էր նաև Արտաշատը։». PanARMENIAN.Net. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  22. ««Արտավազդը» հատուկ մրցանակ է սահմանել Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.

Գրականություն խմբագրել

  • Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատոր I, Երևան, 2007
  • Հայ ժողովրդի պատմություն, հատոր I (ԳԱ հրատարակ.), Եր., 1971
  • Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց», Եր., 1981
  • Չամչյան Մ., Հայոց պատմություն, հատոր Ա, վենետիկ, 1784
  • Պլուտարքոս, Կենսագրություններ, Եր. 2001
  • Սարգսյան Գ., Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խորենացին, Եր., 1966
  • Ասորեստան Հ.Յ., Քաղաքական վերաբերութիւններ ըմդմէջ Հայաստանի և Հռովմայ 190-էն ն.Ք. մինչև 428 յ.Ք., Վենետիկ, 1912
  • Զարյան Ա., Ակնարկներ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության, Եր., 1966
  • Կրկյաշարյան Ս., Հին Հայաստանի և Փոքր Ասիայի քաղաքների պատմության դրվագներ, Երևան, 1970
  • Կրկյաշարյան Ս., Հին Հայաստանի պետական կառուցվածքը (մ.թ.ա. VI-մ.թ.ա IV դդ.), Երևան, 2005


Նախորդող
Տիգրան Բ
Մեծ Հայքի թագավորության արքա
Արտավազդ Բ

մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34
Հաջորդող
Արտաշես Բ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտավազդ Բ» հոդվածին։