Արշակ (դավադիր)

բյուզանդական հրամանատար և դավադիր

Արշակը (հունարեն՝ Ἀρσάκης) Հուստինիանոս I կայսեր դեմ (527–565) դավադրություն կազմակերպած բուզանդական դրածո էր։ Նա եղել է Արտավանի դեմ դավադրության հրահրողը։ Նրա մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը Պրոկոպիոս Կեսարացին է[1]։

Արշակ

Կենսագրություն խմբագրել

Արշակը հայ էր, Հայաստանի Արշակունիների տոհմի ժառանգներից։ Նա նաև Արտավան զորավարի ազգականն էր, թեև ճշգրիտ կապը հաստատված չէ[2]։

Ինչ-որ պահի Արշակը նամակագրություն հաստատեց Սասանյան կայսրության տիրակալ Խոսրով I-ի (531–579) հետ։ Նրան բռնեցին կայսերական իշխանությունները և մեղադրեցին դավաճանության մեջ։ Սակայն Հուստինիանոս I կայսրը (527–565) նրան վերապահեց համեմատաբար մեղմ պատիժ։ Արշակը դատապարտվեց հրապարակային պատժի՝ ուղտի մեջքին նստած անցնելով Կոստանդնուպոլսի փողոցներով։ Պատիժը նպատակ ուներ նրան ֆիզիկապես անվնաս թողնել, բայցև նվաստացնել։ Արշակեսը երախտապարտ չեղավ Հուստինիանոս կայսրին՝ ոխակալությամբ լցվելով նրա դեմ։ Պրոկոպիոս Կեսարացին չի նշում այս իրադարձությունների տարեթիվը։ Ժամանակակից պատմաբանները ենթադրում են, որ այն եղել է Լազիական պատերազմի (541–562) վաղ փուլերից մեկում։

Արշակը դարձավ բյուզանդական կայսրի դեմ դավադրության հրահրողը 548 թվականին՝ հունիսի 28-ին Թեոդորայի մահից անմիջապես հետո։ Նա սկզբում ներքաշեց իր ազգական Արտավաին, ով ուներ Հուստինիանոս կայսրից դժգոհ լինելու իր պատճառները։ Նախկինում ցանկություն էր հայտնել ամուսնանալ Բյուզանդիայի կայսեր զարմուհու՝ Պրայեկտայի հետ, սակայն Թեոդորան խափանել էր այս ծրագիրը, և Պրայեկտան ամուսնացավ մեկ այլ տղամարդու հետ։ Արշակը կարողացավ այս դժգոհությունը վերածել ատելության։ Դավադրությանը միացել է նաև Ճանարանգեսը՝ «երիտասարդ ու թեթևամիտ հայը»։ Նրա դրդապատճառները չեն արձանագրվել։ Անունը հավանաբար առաջացել է Սասանյան կայսրության ռազմական տիտղոսից՝ Կանարանգից։ Նրան չպետք է շփոթել իր ժամանակակցի՝ Գոթական պատերազմին (535–554) մասնակցած Չանարանգեսի հետ[3]։ Արշակը ծրագրում էր օգտվել Հուստինիանոս կայսեր անձնական սովորություններից։ Բյուզանդական կայսրը մինչև ուշ գիշեր անցկացնում էր Աստվածաշունչ ուսումնասիրելով։ Պահակների փոխարեն նրան շրջապատում էին տարեց քահանաները։ Դավադիրները կարող էին օգտվել անվտանգության այս թույլ համակարգից, սակայն նախ պետք է ավելի մեծ աջակցություն ստանային։ Նրանք փորձեցին հավաքագրել Հուստինիանոս կայսեր ընտանիքի անդամներին՝ Հերմանին և նրա որդիներին ՝Հուստինոսին և Հուստինիանոսին։ Արշակը մոտեցավ Հուստինոսին և փորձեց համոզել նրան Հուստինիանոս կայսերը վերացնելու պատճառների հարցում։ Որպես փաստարկ նշեց այն, թե բյուզանդական կայսրը որքան դաժանորեն է վերաբերվել իր հարազատներին և դավաճանել նրանց։ Նա նաև մատնանշեց Բելիսարիուսին՝ որպես սպառնալիք։ Սակայն այս ամենը ցանկալի արդյունք չտվեց։ Հուստինոսը անմիջապես տեղեկացրեց իր հորը, վերջինս էլ իր հերթին տեղեկացրեց Մարսելուսին։ Նրանց մտադրությունների մասին ավելին իմանալու համար Հերմանն անձամբ հանդիպեց դավադիրների հետ, Մարսելուսի վստահելի օգնականը թաքնվեց մոտակայքում և գաղտնալսեց։ Թեև Մարսելոսը տատանվում էր առանց լրացուցիչ ապացույցների Հուստինիանոս կայսրին հայտնել կատարվածը, ի վերջո բացահայտեց բյուզանդական կայսրին ուղղված դավադրությունը։ Հուստինիանոսը հրամայեց դավադիրներին բանտարկել և հարցաքննել,հակառակ սպասվածի՝ նրանց հետ զարմանալիորեն մեղմ վարվեցին։ Արտաբանեսը զրկվեց իր պաշտոններից և բանտարկվեց պալատում, բայց շուտով նրան ներում շնորհվեց[4]:Արշակի հետագա ճակատագիրը անհայտ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Martindale 1992, էջեր. 123–124
  2. Bury 1958, էջեր. 66–69.
  3. Martindale 1992, էջեր. 281–282.
  4. Martindale 1992, էջեր. 128–129;Bury 1958, էջ. 68

Աղբյուրներ խմբագրել

  • Bury, John Bagnell (1958). History of the Later Roman Empire: From the Death of Theodosius I to the Death of Justinian, Volume 2. Mineola, New York: Dover Publications, Inc. ISBN 0-486-20399-9.
  • John Robert Martindale, The Prosopography of the Later Roman Empire: Volume III, AD 527–641. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-20160-8.