Արշակ Ա (անհայտ - մ. թ. ա. 217[1], Պարթևստան), պարթևական արքա, Պարթևական թագավորության և Արշակունի հարստության հիմնադիր։

Արշակ Ա Պարթև
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝մ. թ. ա. 217[1]
Վախճանի վայրՊարթևստան
ԵրկիրՊարթևստան
ՏոհմՊարթև Արշակունիներ
գերիշխան
ՀայրPhriapites?
ԵրեխաներԱրտավան Ա Պարթև
ՀավատքԶրադաշտականություն և Proto-Indo-Iranian religion?

Ծագում խմբագրել

Հին աղբյուրները իրարամերժ տեղեկություններ են հաղորդում Արշակի ծագման վերաբերյալ։ Ըստ մ.թ.ա. 1-ին դարի պատմիչ Պոմպեոս Տրոգոսի՝ նա «անհայտ ծագման, սակայն մեծ արիության մարդ» էր։ Ամենաընդունված վարկածն այն է, որ Արշակը սերել է սկյութական ապարն կամ պարն ցեղից, որը մ․թ․ա․ 3-րդ դարում հաստատվել էր Սելևկյան տերության Պարթևստան նահանգում՝ Կասպից ծովի հարավարևելյան շրջանում։ Արշակունի բոլոր թագավորները գահ բարձրանալիս իրենց հատուկ անվանը կցել են Արշակ անունը՝ դրոշմելով այն իրենց թողարկած դրամների վրա։ Այդ հանգամանքը էապես դժվարացնւմ է ժամանակակից ուսումնասիրողներին որոշել Պարթև արքաների գահակալության հաջորդականությունը՝ առաջացնելով ժամանակագրական շփոթ։

Կենսագրություն խմբագրել

Մ․թ․ա․ մոտ 247 թվականին Արշակի գլխավորությամբ պարնի ցեղը ներխուժել է Պարթևստանի հյուսիսային Աստաբենե գավառը։ Արշակը թագավոր է հռչակվել նորահիմն Ասաակ (Արշակ) քաղաքում, որի տեղը ճշտված չէ։ Մ.թ.ա. մոտ 245 թվականին Սելևկյան տերության նահանգ Պարթևստանի կառավարիչ Անդրագորասը հռչակում է Սելևկյաններից իր անկախությունը։ Մոտավորապես մ․թ․ա․ 238 թվականին պարնի ցեղը հարձակվում է Պարթևստանի վրա։ Անդրագորասը սպանվում է, ինչը թույլ է տալիս Արշակին գրավել ամբողջ Պարթևստանը։ Քիչ ժամանակ անց Արշակը գրավում է Պարթևստանին հարևան Վրկան աշխարը (Հյուրկանիա)։ Սելևկյան տերության արքա Սելևկոս Բ-ի Պարթևաստանը վերանվաճելու արշավանքը չի հաջողվում և Արշակն ու իր ցեղը կարողանում է ամրապնդվել իր նվաճած տարածքներում։ Որպես արքունի նստավայր Արշակը հիմնադրել է Նիսա քաղաքը, որը ևս հայտնի է Միհրդատկերտ անվամբ։ Մոտավորապես այս ժամանակաշրջանում պարնի ցեղն ընդունում է իր զավթած նահանգի անվանումն իբրև ցեղանուն և այնուհետ կոչվում է պարթևներ։

Ըստ որոշ անտիկ աղբյուրների՝ երկու-երեք տարվա գահակալությունից հետո Արշակ Ա-ին հաջորդել է եղբայրը՝ Տիրիդատես կամ Տրդատ Ա։ Ըստ որոշ հեղինակների՝ գահին տիրանալու համար Տրդատը սպանել է իր եղբորը։ Արդի պատմաբանները Տրդատին համարում են հնարված կերպար։ Մ․թ․ա․ մոտ 217 թվականին Արշակ Ա-ին հաջորդել է իր որդին՝ Արշակ Բ-ը, որի թագավորության մասին շատ քիչ է հայտնի։

Մինչև վերջերս համարվում էր, որ Արշակ անվամբ թագավորի գոյությունը պատմականորեն չի հաստատվում։ Սակայն Արշակի պատմականությունը հաստատվել է հնագիտական գտածոներով՝ մասնավորապես Նիսայում գտնված Արշակի անունը կրող մի խեցատով և մետաղադրամերով։

Իրանական ազգային էպոսի մեջ Արշակն առասպելական քեյանյան արքայատոհմից կամ աղեղնավոր հերոս Արաշից է սերած։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Shahbazi, A. Sh. (2016). «ARSACIDS i. Origins». Encyclopædia Iranica.
  • Schippmann, K. (2016). «ARSACIDS ii. The Arsacid dynasty». Encyclopædia Iranica.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Ա Պարթև» հոդվածին։