Արյունազեղում, արյունատար անոթներից դուրս հոսած արյան կուտակումը օրգաններում, հյուսվածքներում և մարմնի խոռոչներում։ Արյունազեղման պատճառ կարող են լինել արյան անոթների վնասվածքները, նրանց պատերի կարծրացումը կամ թափանցելիության մեծացումը, նյարդակարգավորման խանգարումները, ինչպես նաև զանազան ախտածին պրոցեսներ (ուռուցքներ, բորբոքումներ)։ Փոքր ծավալի արյունազեղումն աստիճանաբար մակարդվում և առանց բարդությունների ներծծվում է, մինչդեռ ավելի մեծը վերաճում է շարակցական հյուսվածքի, որտեղ կարող են աղեր կուտակվել։ Այդ հյուսվածքը երբեմն թարախակալվում է։ Մարմնի՝ առավել կարևոր որոշ օրգաններում (գլխուղեղ, ողնուղեղ) արյունազեղումը կարող է մահվան պատճառ դառնալ։

Ենթակոնյուկտիվիտային հեմատոմա

Պատճառ խմբագրել

Արյունազեղում առաջանում է արյան անոթի վնասման ժամանակ՝ ներքին արյունահոսության և արյան մակարդելիության խանգարման հետևանքով։ Արյունազեղում կարող է նկատվել անոթի վնասվածքի, պատռվածքի, անոթի պատի ախտահարման (օրինակ՝ աթերոսկլերոզի դեպքում), թափանցելիության բարձրացման ժամանակ։

Հետևանքներ խմբագրել

Արյունազեղում շրջանում արյունը կարող է ներծծվել հյուսվածքների մեջ կամ կուտակվել սահմանափակ հատվածում և առաջացնել արյունային ուռուցք։ Հյուսվածքների մեջ լցված արյունն առաջացնում է բորբոքային հակազդեցություն, ճնշում դրանք սնող մանր արյունատար անոթները, զգացող նյարդային վերջույթները և ցավ պատճառում։ Մաշկի, ենթամաշկային բջջանքի արյունով ծծեցումը կարող է առաջացնել արյան ենթազեղում։

Փոքր արյունազեգումը լրիվ ներծծվում է, ավելի մեծերը ժամանակի ընթացքում աճում են միայն շարակցական հյուսվածքի, երբեմն՝ կրային աղերի նստվածքի հետ։

Վտանգ խմբագրել

Արյունազեղման վտանգավորության աստիճանը պայմանավորված է հիմնականում դրա տեղադրությամբ։ Այսպես՝ գլխուղեղի հյուսվածքի նույնիսկ չնչին արյունազեղումը անհամեմատ ավելի վտանգավոր է, քան մկանների կամ հոդախոռոչների տարածուն արյունազեղում։

Խոռոչային արյունահոսություն խմբագրել

Որևէ խոռոչի մեջ գոյացած բավականին մեծ արյունազեղումը կոչվում է խոռոչային արյունահոսություն։ Նման դեպքերում կյանքին վտանգ սպառնացող խանգարումները կարող են պայմանավորված լինել արյան մեծ կորստով (որովայնի խոռոչի արյունազեղում), շնչառության խանգարմամբ (կրծքամզի խոռոչի արյունազեղում), գլխուղեղի ճնշմամբ (ներգանգային արյունազեղում)։

Բուժում խմբագրել

Բուժումը որոշվում է արյունազեղման տեղադրությամբ, բնույթով, ինչպես նաև արյունազեղում առաջացնող պատճառով։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյունազեղում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 102  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։