Արյան փոխներարկում, բուժման մեթոդ, երբ հիվանդի (ռեցիպիենտ) արյունատար համակարգ է ներարկվում առողջ մարդուց՝ դոնորից, վերցված ամբողջական արյուն կամ դրա բաղադրամասերը՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, պլազմա և այլն։

Պատմություն խմբագրել

 
Ապակի, որն օգտագործվում էր արյան փոխներարկման հնագույն մեթոդում:

Արյան միջոցով բուժելու փորձեր կատարվել են դեռևս հեռավոր անցյալում։ Պատերազմների կամ որսի ժամանակ արյան կորստից վիրավորների մահվան դեպքերը պատկերացում են ստեղծել արյան մասին՝ որպես «կենսական ուժի և հոգու» կրողի։ Բացառված չէ, որ այդ ժամանակներում բժիշկներն արյունը կիրառել են «երիտասարդացման», հոգեկան հիվանդներին բուժելու նպատակով, այն նշանակել են թույլ հիվանդներին՝ ենթադրելով, որ արյունը բարձրացնում է մարդու կենսունակությունը։ Արյան կորուստը լրացնելու համար հիվանդներին խորհուրդ է տրվել խմել կենդանիների տաք արյուն։ Արյան փոխներարկման փորձերն սկսվել են Ու. Հարվեյի կողմից արյան շրջանառության փակ համակարգի բացահայտումից (1628) հետո։ Մարդու առաջին հաջող ներերակային արյան փոխներարկումը կատարվել է Ֆրանսիայում, մաթեմատիկայի և բժշկության պրոֆեսոր Դենիի և վիրաբույժ Էմերիցի կողմից, ովքեր գառան արյուն են ներարկել 16-ամյա պատանուն (բուժիչ նպատակով արյան բացթողումից հետո)։ Որպես կանոն՝ կենդանիների արյունը մարդուն ներարկելու բոլոր փորձերը հանգեցրել են ծանր բարդությունների, ընդհուպ՝ հիվանդի մահվան։ XIX դարում ապացուցվեց, որ մարդուն կարելի է փոխներարկել միայն մարդու արյուն։ Սակայն գործնական բժշկության մեջ արյան փոխներարկման լայն հնարավորություններ ստեղծվեցին միայն XX դարի սկզբին, երբ բացահայտվեցին մարդու արյան խմբերը և ուսումնասիրվեցին ռեցիպիենտի ու դոնորի արյան համատեղելիության օրենքները։

Հետագայում արյան փոխներարկման լայն կիրառմանը նպաստեց դոնորից վերցրած արյան մակարդումը կանխող և այն երկարատև պահպանող միջոցների հայտնաբերումը։

Կիրառություն խմբագրել

Կիրառվում է արյան կորուստը վերականգնելու, օրգանիզմի դիմադրողականությունն ուժեղացնելու, թունավոր նյութերը չեզոքացնելու, արյան մակարդելիությունը բարձրացնելու նպատակով։ Արյան փոխներարկում կատարվում է ուղղակի և անուղղակի։ Առաջին դեպքում դոնորից վերցրած արյունն անմիջապես ներարկվում է հիվանդին (ռեցիպիենտին)։ Այս եղանակը կիրառվում է հազվադեպ։ Անուղղակի փոխներարկման դեպքում դոնորից վերցրած արյունը հավաքում են հատուկ անոթի մեջ, ֆիբրինազրկում կամ խառնում արյան մակարդումը կանխող նյութի (կիտրոնաթթվի նատրիումական աղ, հեպարին և այլն) հետ և նոր միայն փոխներարկում հիվանդին։ Փոխներարկման համար դոնորից ստացված և մշակված արյունը պահվում է սառնարանում, հերմետիկորեն փակ ապակե անոթների կամ մեծ ամպուլների մեջ։

Ընթացք խմբագրել

 
Ներերակային փոխներարկում

Արյան փոխներարկում կատարում են ներերակային, ներզարկերակային, ներոսկրային և այլ ուղիներով։ Արյան կորուստը վերականգնելու համար, օրվա ընթացքում ընդմիջումներով կամ անընդհատ կաթիլային եղանակով, մարդուն կարելի է փոխներարկել մինչև 1-2 լ արյուն։ Քրոնիկական հիվանդությունների ժամանակ (ծայրանդամների տրոֆիկական խոցեր, դանդաղ ապաքինվող վերքեր) օրգանիզմի կենսական գործընթացներն աշխուժացնելու նպատակով կատարում են նաև փոքրաքանակ հեմոլիզված կամ անհամատեղելի և այլածին (ոչխարի կամ այլ կենդանու) արյան փոխներարկում։

Արյան փոխներարկման համար օգտագործում են նաև ընկերքային և դիակային արյուն, երբեմն էլ հիվանդի արյունը, որը զանազան վնասվածքների հետևանքով կուտակվում է որովայնի կամ այլ խոռոչներում։ Բացի ամբողջական արյունից փոխներարկում են արյան պլազմա, շիճուկ, արյան էրիթրոցիտների, լեյկոցիտների և թրոմբոցիտների զանգվածներ, ինչպես և արյանը փոխարինող զանազան լուծույթներ։

Հետևանքներ և հակացուցումներ խմբագրել

Արյան փոխներարկման ցուցմունքներն են՝ արյան սուր կորուստ, վնասվածքային շոկ, այրվածքներ, սակավարյունություն, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն, նյութափոխանակության ու ներքին սեկրեցիայի խանգարումներ և այլն։

Արյան փոխներարկումը հակացուցված է ուղեղի ծանր վնասվածքների, թրոմբոզի, արյունազեղման և մի քանի այլ հիվանդությունների ժամանակ։ Արյան փոխներարկումը կարող է առաջացնել ռեակցիաներ և բարդություններ։

Արյան փոխներարկումը Հայաստանում խմբագրել

 
Նշագրված արյան պարկ

Հայաստանում արյան փոխներարկման հարցերի գիտական ուսումնասիրությամբ զբաղվում են Ռ. Յոլյանի անվան արյունաբանության հանրապետական կենտրոնում։

Հանրապետությունում ստեղծվել է արյան ծառայության խիտ ճյուղավորված ցանց։ Արյան փոխներարկման կայաններ են գործում Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Հրազդանում և Գորիսում։

Վերջին տարիներին նկատելիորեն փոխվել են արյան և նրա բաղադրամասերի փոխներարկման ցուցումներն ու հակացուցումները։ Բացահայտվել են փոխներարկված արյան և նրա բաղադրիչների միջոցով փոխանցվող հիվանդություններ՝ ՁԻԱՀ-ը և «լյարդաբորբ C-ն»։ Խիստ կրճատվել է պահածոյած փոխներարկվող արյան քանակը, քանի որ 1993 թվականից արյան ծառայությունն ամբողջությամբ անցել է դրա պատրաստմանը «Հեմատոն» տիպի պլաստիկ բեռնարկղերում, որը հնարավորություն է տալիս արյունը բաղադրամասերի բաժանել անմիջապես տեղերում (անցյալում պահածոյած արյունը բաղադրամասերի բաժանելու համար ապակե սրվակներով ուղարկվում էր արյան փոխներարկման կայան)։

Մարզերում ստեղծվել են արյան մարզային կենտրոններ, որոնց խնդիրն է ղեկավարել ամբողջ մարզի արյան ծառայության աշխատանքները, ստուգել մարզում նախապատրաստված արյան որակը, նրա բաժանումը բաղադրամասերի։

Բացի դրանից, արյունաբանության հանրապետական կենտրոնում մշակվել և Հայաստանի Աժ հաստատման է ներկայացվել «Արյան, նրա բաղադրամասերի դոնորության, այն պատրաստուկներով վերամշակման և դրանց օգտագործման մասին» օրենքը, որով հնարավոր կդառնա նախապատրաստված արյան և նրա բաղադրամասերի որակը համապատասխանեցնել միջազգային չափորոշիչների պահանջներին։ Ներկայումս մեծ թվով խոշոր վիրահատությունները կատարվում են արյան կամ արյանը փոխարինող հեղուկների փոխներարկմամբ։ Ներարկված արյունը լրացնում է վիրահատության ընթացքում կորցրած արյան քանակը, հեշտացնում պայքարը վարակի դեմ, կարգավորում է արյան ճնշումը, նյութափոխանակությունը, շնչառությունը։

Արյան փոխներարկման լայն կիրառումը հնարավոր է միայն դոնորներ ունենալու պայմաններում։ Հանրապետությունում մեծ թվով քաղաքացիներ արյուն են տալիս հիվանդներին՝ չվնասելով իրենց առողջությունը։ Երբեմն արյան հետ միասին կամ դրա փոխարեն ներարկվում են տարբեր լուծույթներ, որոնք ունեն արյանը փոխարինող հատկություն և կատարում են նույն ֆունկցիան։ Դրանք կոչվում են արյան փոխարինիչներ, որոնց ներարկումը երբեմն ավելի օգտակար է և կիրառվում են ամենօրյա գործնական բժշկության մեջ։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյան փոխներարկում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 101  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։