Արծաքշու կամ Արզաշկու, քաղաք Ուրարտու երկրում։ Առաջին անգամ հիշատակվում է Ասորեստանի թագավոր Սալմանասար III-ի արձանագրություններում՝ որպես Արամե ուրարտացու «արքայական քաղաք»։ Գահակալման 3-րդ տարում (մ. թ. ա. 857 կամ 856) Սալմանասար III արշավել է Ալզի (Աղձնիք) և Էնզիտե (Հանձիտ) «երկրները», անցնելով Արծանիա (Արածանի) գետը՝ մտել է Սուխմի և Դայաենի (Տայք) «երկրները», շարժվել է Ուրարտու և պաշարել Ա. Արամե թագավորը խուսափել է ճակատամարտից և հեռացել Ադդուրի լեռները։ Սալմանասար III-ի զորքերը գրավել են Արծաքշուի բնակչությանը ոչնչացրել, կողոպտել և հրի մատնել քաղաքը։ Արծաքշուի գրավման տեսարանը Սալմանասար III քանդակել է Բալավաթյան դարպասներին։ Արծաքշուի տեղադրության հարցում ուսումնասիրողները տարակարծիք են։ Ա. Աեյսը և Գ. Մասպերոն տեղադրում են Վանա լճի և Մանազկերտի միջև, Բ. Պիոտրովսկին այնտեղ որոշում է այժմյան Դիադինի շրջանում, ոմանք նույնացնում են Արծկե կամ Արճեշ քաղաքների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 70