Ավտոմատ կառավարման համակարգի կայունություն

Ավտոմատ կառավարման համակարգի կայունություն, ավտոմատ կառավարման համակարգի (ԱԿՀ) նորմալ ռեժիմի պահպանման հատկություն՝ տարբեր բնույթի անխուսափելի շեղումների առկայության դեպքում։

Ավտոմատ կառավարման համակարգի ռեժիմը կոչվում է կայուն, եթե մուտքի և նրա մեջ մտնող տարբեր օղակներում առաջացած փոքր շեղումների դեպքում ամբողջ համակարգի շեղումները նորմալ ռեժիմից լինում են փոքր։ Սովորական դիֆերենցիալ հավասարումներով բնութագրվող համակարգերի կայունության ճշգրիտ տեսությունն ստեղծել է ա. մ. Լյացունովը 1892 թվականին։ Հաստատուն գործակիցներով սովորական գծային դիֆերենցիալ հավասարումներով բնութագրվող գործընթացների ասիմպտոտիկ կայունության անհրաժեշտ ու բավարար պայմանն է բնութագրիչ հավասարման արմատների իրական մասերի բացասական լինելը։

Կան բնութագրիչ հավասարման արմատների իրական մասերի նշանները որոշելու տարբեր հայտանիշներ՝ առանց այդ հավասարումները լուծելու։ Այդպիսի հայտանիշներից են Ռաուս-Հուրվիցի հայտանիշը, որը նպատակահարմար է օգտագործել մինչև 4-րդ աստիճանի հավասարման արմատների հետազոտման դեպքում։ Բարձր աստիճանի հավասարումների արմատների հետազոտման ժամանակ օգտվում են Նայքվիստի և Միխայլովի հաճախային հայտանիշներից։

Ոչ գծային ավտոմատ կառավարման համակարգի կայունության խնդիրը գծայինի համեմատ ունի էական տարբերություն։

Միևնույն համակարգի տարբեր նորմալ ռեժիմներ կարող են լինել կայուն և անկայուն, այդ տեսակետից կարևոր է համակարգի բացարձակ կայուն լինելու հատկությունը։ Բացարձակ կայուն կոչվում է այն համակարգը, որի բոլոր նորմալ ռեժիմները ցանկացած սահմանափակ շեղումների նկատմամբ կայուն են։ Ժամանակակից հաշվողական տեխնիկան հնարավորություն է տալիս լուծելու ավտոմատ կառավարման համակարգի կայունության խնդիրը, օգտագործելով տարբեր ալգորիթմներ, որոնք մշակված են ժամանակակից ԷՀՄ-ների հնարավորություններին համապատասխան։ Ավելին՝ ԷՀՄ-ի միջոցով պրոցեսների կարգավորման ժամանակ պրոցեսի կայունացման խնդիրը դրված է կարգավորող օրգաններից մեկի վրա։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 223