Ավիշ (լատին․՝ lympha՝ մաքուր ջուր, հեղուկ), մարդու օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրիչ, հեղուկ շարակցական հյուսվածքի տարատեսակ, որը կաթնասպիտակավուն թափանցիկ հեղուկ է. միջբջջային հեղուկից ջուրը և որոշ նյութեր անարգել անցնում են հյուսվածքներում սկիզբ առնող ավշային մազանոթների մեջ և վերածվում ավշի։ Նրա բաղադրության մեջ կան ամինաթթուներ, սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, հանքային աղեր, կենսաբանորեն ակտիվ նյութեր, նյութափոխանակության արգասիքներ։ Սակայն սպիտակուցների պարունակությունը ավշի մեջ 3-4 անգամ փոքր է, քան արյան մեջ։ Ավշի մեջ կան նաև լեյկոցիտներ, որոնք վնասազերծում են նրա մեջ թափանցած օտարածին մասնիկները և թունավոր նյութերը։ Տարբեր օրգաններից հոսող ավշի բաղադրությունը միանման չէ։ Օրական արյան մեջ է ներթափանցում 2-3 լ ավիշ։

Ավշաշրջանառություն
Ավշային անոթներ
Ավշային հանգույց
Ավիշ

Հիմնական տեղեկություններ խմբագրել

Ավիշը թափանցիկ մածուցիկ անգույն հեղուկ է, որի կազմում չկան էրիթրոցիտները, բայց կան մեծ թվով լիմֆոցիտներ։ Ավիշը հոսում է ներքևից վերև՝ ձեռքի և ոտքի մատների ծայրերից մինչև կրծքային ավշային հոսք։ Ավշային հեղուկը շարժվում է մկանների կծկման և ավշային հանգույցներում փականների առկայության շնորհիվ, որոնք արգելում են ավշի հոսքը հակառակ ուղղությամբ։ Մազանոթներից ավիշն անցնում է ավշային անոթներ, իսկ հետո հոսքեր և ծորաններ, ձախից՝ կրծքային հոսք (ամենամեծ հոստ), ձախ գանգուղեղային և ձախ ենթաանրակային ծորաններ, աջից՝ ավշային հուն, աջ գանգուղեղային և ենթաանրակային ծորաններ։ Հուներն ու ծորաններն բացվում են խոշոր պարանոցային երակների, իսկ այնուհետև՝ վերին սիներակի մեջ։ Ավշային անոթներում կան ավշային հանգույցներ, որոնք կատարում են իմունային և պատնեշային գործառույթ։

Հիմնական գործառույթներ խմբագրել

Ավշի գործառույթը սպիտակուցների, ջրի, աղերի, տոքսինների ու մետաբոլիտների վերադարձն է հյուսվածքներից արյան մեջ։ Մարդու օրգանիզմը պարունակում է 2-4 լիտր ավիշ։ Ավշային համակարգը մասնակցում է իմունիտետի ստեղծմանը, հիվանդածին մանրէներից և վիրուսներից պաշտպանելուն։ Ջրազրկման ու իմունիտետի պաշտպանական ուժերի ընդհանուր թուլացման ժամանակ հնարավոր է մակաբույծների (պարզագույն օրգանիզմներ, բակտերիաներ, վիրուսներ, սնկեր և այլն) տարածումն ավշային անոթներով, որը կոչվում է վարակի տարածում ավշային ճամապարհով։

Ավշի հիմնական գործառույթներն են[1].

  • Միջբջջային տարածությունից էլեկտրոլիտները, սպիտակուցները և ջուրը վերադարձնում է արյան մեջ,
  • Ապահովում է առավել կոնցենտրացված մեզի ձևավորումը (նորմալ ավշագոյացման դեպքում),
  • Բազմաթիվ նյութերի տեղափոխումը, որոնք ներծծվում են մարսողական համակարգում, այդ թվում՝ ճարպերի,
  • Առանձին ֆերմենտներ (օրինակ՝ լիպազան և հիստամինազան) կարող են արյան մեջ անցնել միայն ավշային համակարգի միջոցով (մետաբոլիկ ֆունկցիա),
  • Իրականացնում են հյուսվածքներից էրիթրոցիտների, որոնք այնտեղ կուտակվում են վնասվածքներից հետո, ինչպես նաև թույների և բակտերիների հավաքումը (պաշտպանական գործառույթ),
  • Կապ է ապահովում օրգանների ու հյուսվածքների, ինչպես նաև ավշային համակարգի և արյան միջև,
  • Ապահովում է բջիջների մշտական միկրոմիջավայրը (հոմեոստատիկ գործառույթ)։

Ավշաշրջանառություն խմբագրել

Օրգաններից ու հյուսվածքներից ավշի անցումը ավշային հանգույցների միջով մինչև արյունատար երակների արյուն կոչվում է ավշաշրջանառություն (լիմֆոդրենաժ, անգլ.՝ lymphatic drainage – «ավշի հոսում», drainage — ցամաքեցում, արտահոսք)[2]։ Ավիը ողնաշարի նյարդային հյուսվածքից սկզբում անցնում է միջողային սկավառակների միջով[3]։

Ավշի շրջանառությունը դանդաղ է և ապահովվում է մկանների միջոցով։ Ավիշը շարժման մեջ դնող գլխավոր մկանը ստոծանին է։ Այն ավշային համակարգի յուրօրինակ «սիրտն» է։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության և «որովայնով» խորը շնչառության ժամանակ ստոծանու շարժման ամպլիտուդը մեծանում է, և ավշի շրջանառությունը մեծանում է, այսինքն՝ նրա լճացումը վերանում է։

Բուժական, ապաքինման, ինչպես նաև կոսմետիկ նպատակներով մարդու օրգանիզմում ավշաշրջանառության ակտիվացման համար կիրառվում է լիմֆոդրենաժային մերսում։

Վնասվածքի, ավշատար անոթների նեղացման կամ ոչ բավարար անցանելիության հետևանքով ավշաշրջանառության խախտման արդյունքում տեղի է ունենում ավշի լճացում, որը կարող է հանգեցնել հիվանդության՝ լիմֆոստազի[4][5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Билич, Г. Л. Анатомия. — Оникс 21 век, 2002. — Т. 3. — 864 с.
  2. Курочкина, О. С. История развития методов визуализации лимфатических сосудов и узлов. — В: Анатомия лимфатического русла верхней конечности : лимфодренаж от верхней конечности в норме и после подмышечной лимфодиссекции / О. С. Курочкина, В. Ф. Байтингер, А. В. Дудников // Вопросы реконструктивной и пластической хирургии : журн. — 2018. — № 2 (65) (Հունիս). — С. 39—49. — ISSN 1814-1471. — doi:10.17223/1814147/65/06.
  3. Зайдман, А. М. Морфогенез межпозвоночного остеохондроза / А. М. Зайдман, Ю. И. Бородин // Международный журнал прикладных и фунжаментальных исследований. — Пенза : Издательский Дом «Академия Естествознания», 2015. — № 11. — С. 523−526. — ISSN 1996-3955.
  4. Douketis, James D. «Лимфедема». Справочник MSD (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. «Клинические рекомендации «лимфоотек после мастэктомии»» (ռուսերեն). Минздрав РФ. 2018. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիշ» հոդվածին։