Ավդոտկաներ (լատին․՝ Burhinidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 7, Հայաստանում՝ 1 տեսակ՝ ավդոտկա (Burhinus oedicnemus)։ Բնադրող չվող է, Հայաստանում հազվագյուտ։ Բնակվում է կիսաանապատային գոտում՝ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 40-44 սմ է, թևերի բացվածքը՝ 77-85 սմ, կենդանի զանգվածը՝ 400 գ։ Հասունի փետրածածկի ընդհանուր գունավորումը բաց դարչնագույն է, մարմինը վերևից և կուրծքը՝ մանր սև խայտերով։ Թռչելիս ցայտուն երևում են թևերի ծածկող փետուրների մուգ սահմանագծված սպիտակ գիծը և թևի վերևի ցայտուն նախշը։ Կտուցը հաստ է, կարճ, դեղին, ծայրը՝ սև, աչքերը և ոտքերը՝ դեղին։ Երիտասարդի խայտերը թույլ Են, թևերի ծածկող փետուրների սև գծերը բացակայում են։ Առավելապես գիշերային թռչուն է, խիստ աշխույժ և գործուն է նաև արևածագից առաջ ու մթնշաղին։ Ամենաբնորոշ կանչը կազմված է երկհնչյուններից՝ երկրորդն ավելի բարձր է (սրնգային երանգի)։ Բնակվում է նոսր թփուտներով կիսաանապատներում, քարքարոտ լանջերին, չոր տափաստաններում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով, սողուններով։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բնադրում է ապրիլի 2-րդ կեսին՝ գետնին։ Բույնը փոքրիկ, ոչ խորը փոսիկ է։ Ձվադրում է ապրիլի վերջից մայիսի սկզբին։ Դնում է 54 մմ տրամագծով, բաց դեղնադարչնագույն, փոփոխական սև նախշերով 1-3 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 26 օր։ 2 օրական ձագերը հմուտ և արագ վազքով թաքնվում են թփերում, հասունների ուղեկցությամբ հանդիպում են հունիսին։ Աշնանային չուն ավարտվում է հոկտեմբերի կեսերին։ Որպես սահմանափակ տարածված տեսակ՝ պաշտպանության կարիք ունի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։