Ավագ Շաբաթ (հուն․՝ Μεγάλη Εβδομάδα — Megali Evdomada), Ծաղկազարդին հաջորդող Մեծ Պահքի վերջին շաբաթը, որն ավարտվում է Սուրբ Հարության տոնով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքներն, խաչելությունը և թաղումը։ Ավագ Շաբաթի բոլոր օրերի անվանը նախորդում է «Ավագ» բառը (Ավագ Երկուշաբթի, Ավագ Երեքշաբթի, և այլն)։

Ավագ շաբաթ

Տեսակliturgical season?
Ենթադասthematic week?

Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները խմբագրել

Ավագ երկուշաբթի խմբագրել

Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և Երուսաղեմի տաճարը մաքրելու օրն է։

Ավագ երեքշաբթի խմբագրել

Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է։ Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը և Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաև Ջրհեղեղը և մարդկության կրկին սկզբնավորումը։

Ավագ չորեքշաբթի խմբագրել

Քրիստոսի մատնության հիշատակի օրն է։ Հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը։ Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը։ Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը։

Ավագ հինգշաբթի խմբագրել

Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է։ Ըստ Ավետարանի այդ օրը հաստատվել է Սբ. Հաղորդության խորհուրդը։ Միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ։ Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ։ Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը։ Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը։ Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ։

Ավագ ուրբաթ խմբագրել

Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է։ Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը՝ մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը։ Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոս պատարագվեց խաչի վրա։ Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը։

Ավագ շաբաթ խմբագրել

Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Ըստ եկեղեցական ուսմունքի՝ Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն՝ փրկություն շնորհելով արդարների հոգիներին։ Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ Պահքը։ Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ։

Արտաքին հղումներ խմբագրել