Ավագ Էդդա, Սեմունդի Էդդա, Երաժշտական Էդդա, (իսլ.՝ Sæmundaredda), գերմանա-սկանդինավյան դիցաբանության և պատմության մասին երգերի ժողովածու հին իսլանդերենով։ Առաջին երգերը գրի են առնվել XIII դարում։ Ավանդույթի համաձայն ձեռագրերը պատկանում են 11-րդ դարի իսլանդացի գիտնական Սեմունդ Իմաստասերին (1056-1133)։ Առասպելների շարքը հիմնականում ընդգրկված է «Թագավորական կոդեքս» (լատին․՝ Codex Regius 2365, իսլ.՝ Konungsbók) կոչված ձեռագիր մատյանում, որը կազմված է 45 մագաղաթյա էջից։

Ավագ Էդդա
Տեսակբանաստեղծական ժողովածու և Norse cultural artifact?
Ժանրսագա
ԹեմաՍկանդինավյան դիցաբանություն
Կազմված էԵրգ Թրիմրի մասին
Մասն էEdda? և eddic poems?
Բնօրինակ լեզուհին իսլանդերեն
Հրատարակման տարեթիվ1260
 Poetic Edda Վիքիպահեստում

Անվան ծագումը խմբագրել

Սկզբնական շրջանում Էդդա է կոչվել 13-րդ դարի իսլանդացի ազգագրագետ և պետական գործիչ Սնորրի Ստուրլասոնի աշխատություններից միայն մեկը, որը հին առասպելներից կազմված մի խումբ է կազմում։ Իսկ սկանդինավյան էպոսի ուսումնասիրողներից շատերի կարծիքով այդ անունը բխում է Ստուրլասոնների տոհմական այն հյուղակից, որտեղ ապրել և առասպելներն է հավաքել ազգագրագետ Սնորրին։ Նրա գրառած արձակ շարադրանքը հայտնի է «Սնորրիի Էդդա», «Արձակ Էդդա» կամ ուղղակի «Փոքր Էդդա» անվանումներով։ Երկրորդ վարկածով «Էդդա» բառը նշանակում է բանահյուսություն, պոեզիա, որն իր էությամբ լիովին համընկնում է բառի գործածության հետ։ Իսկ երրորդ տարբերակով՝ բառը նշանակում է նախատատ։ Բանն այն է, որ էպոսի ձեռագրերից մեկում (Codex Wormianus AM 242 fol.) գրված է. «Իսկ այնտեղ մի զույգ ալեհեր, նստած տաք ակութի կողքին, Ային ու Էդդան էին ծեր, ցնցոտիներով իրենց հին»։ Ահա մարդկային ցեղախմբերի հիմնադիր աստված Ռիգ-Հեյմդալարը որպես մարդկության նախատատ է համարում այդ Էդդային, ինչն էլ բազմաթիվ հետազոտողների համար հիմք է դառնում անվան ծագումը բխեցնել այդ նախատատից։

Սկանդինավյան էպոսի ստեղծմանը նախորդած պատմագրությունը խմբագրել

Նախաքրիստոնեական դարաշրջանում հյուսիսային ցեղախմբերով բնակեցված տարածքներում տեղի ունեցած դեպքերից կցկտուր տեղեկություններ կարող ենք քաղել ավելի ուշ ստեղծված պատմական ուղեցույցներից, որոնք գրառել են Կոռնելիոս Տակիտոսը, Պաուլ Դիակոնը, Ալքուինը, Էյնհարդը, Սաքսոն Գրամատիկուսը և ուրիշներ։ Վաղ գրառված ձեռագրերում տեղ են գտել աշխարհում քրիստոնեության տարածմանը հաջորդած առաջին հազարամյակի հենց սկզբում տեղի ունեցած գերմանական ցեղախմբերի առաջին միավորող, հերուսկների առաջնորդ Արմինիուսի հաղթանակը հռոմեական երեք լեգեոնների հրամանատար Վարոսի նկատմամբ, 3-րդ և 4-րդ դարերում գոթերի լայնարձակ երկրում ամենահայտնի թագավոր Հերմանարիխի իշխանական տոհմագրությունը, բուրգունդյան թագավորության ընթացքն ու վախճանը, 4-րդ և 5-րդ դարերում արևելքից ներխուժած հոների ճնշման տակ ժողովուրդների մեծ տեղաշարժը և Աթիլլայի գերիշխանության կործանումը, որոնք էլ հիմնականում պատմական հիմքն են հանդիսացել այսպես կոչված էդդաների և հյուսիսային թագավորական տոհմերի մասին արձանագրող ասքերի՝ սագաների ստեղծման գործում։ Հյուսիսից եկող շարունակական կործանիչ հարվածների հետևանքով վերջնական կործանման է հասցվում Հռոմեական կայսրությունը։ Փոխարենը դեպի հյուսիս են ուղղվում քրիստոնեության ավետաբեր ու լուսարձակ ճառագայթները և աստիճանաբար տարածվում հյուսիսային հեթանոսության նահանջող դիրքերում։ Դա ավելի է ընդգծվում հատկապես 804 թվականին սաքսոնների, իսկ X դարի վերջին՝ սկանդինավյան ժողովուրդների կողմից քրիստոնեության ընդունումից հետո։

Արևելքից ու հարավից սնվող, սակայն հյուսիսի ինքնատիպ կենսակերպին բնորոշ հատկանիշներով սկիզբ է դրվում նաև այդ երկրների մշակույթին և նրանց ժողովուրդների գրական գործունեությանը։ Եվ այդպես կյանքի են կոչվում հնագույն առասպելներն ու էպիկական երգերը, որոնք հնարավորինս ներառում են գոթերի, բուրգունդներիի, ֆրանկների և հյուսիսային այլ ժողովուրդների աշխարհայեցողության, մշակույթի և կենցաղի մասին բավարար նյութ։

«Ավագ Էդդա»-ի ստեղծման ժամանակաշրջանը խմբագրել

 
Օլիվ Բրեյի թարգմանությամբ անգլերեն հրատարակված «Ավագ Էդդա»-ից մեկ էջ, որտեղ պատկերված է տիեզերական Իգգդրասիլ ծառը (1908 թ.):

Մեծ իրադարձություններով են հագեցած նաև IX-XI դարերը, որոնք ընդունված է անվանել «վիկինգների դարաշրջան»։ Սկանդինավյան առաջին կոնունգ-թագավորները՝ արհեստավարժ ծովագնաց վիկինգները, իրենց խիզախ ու մարտական ջոկատներով ծավալատիրության ենթարկելով ծովային ու ցամաքային լայնատարած բնակավայրեր, իրենց զգալի ազդեցությունն են թողել ամբողջ Եվրոպայի, ներառյալ ասիական բազմաթիվ տարածքների քաղաքական իրականության վրա։ Սակայն քրիստոնեական տաք հոսանքները ջերմացնում են նաև ցրտաշունչ վիկինգների աննկուն սրտերը և նոր պետականության հիմքերը դնում անհնազանդ ու հին դրվածքի ջատագով համարվող թագավորների համար, որոնք նահանջում են հյուսիս և բնակեցնում Իսլանդիա կղզին, և հավանաբար դա էլ պատճառ է հանդիսացել, որ մարդկության համար անգնահատելի գանձ համարվող՝ հին իսլանդական մագաղաթյա ձեռագրերը ներկայիս տեսքով պահպանվել ու մեզ են հասել հենց այստեղից։ Կղզիաբնակները, 1000 թվականին ընդունելով քրիստոնեությունը, դեռ շատ հարյուրամյակենր չեն դադարում մտածել, ինչպես իրենց վիկինգ-նախնիները։ Իսլանդացի քահանաները, իրենց քրիստոնեական պարտավորությունները կատարելուն զուգահեռ, հոգ են տանում նաև այդ առասպելների գրառման և պահպանման մասին։

Եվ այդպես VIII դարից սկսած ստեղծվում և աստիճանաբար գրառվում են այնպիսի առասպելներ, ինչպիսիք են անգլո-սաքսոնական «Բեովուլֆ» էպոսը, վերինգերմանական «Երգ Հիլդեբրանդի մասին» առասպելը և ավելի ուշ արդեն աստվածների ու հերոսների մասին պատմող իսլանդական հռչակավոր «Ավագ Էդդա» առասպելների հավաքածուն, գերմանական «Նիբելունգների երգը», նորվեգական թագավորների մասին պատմող սագա-ասքերը և այլն։ Կարևորագույն տեղեկություններ են պարունակում նաև բազմաթիվ քարե հուշակոթողների վրա փորագրված ռուները, Հյուսիսային Եվրոպայում պեղումների արդյունքում հայտնաբերված փայտե գտածոները, զարդանախշ ու փորագրություններով հարուստ ոսկրե առարկաները և պատկերազարդ գոբելենները։ Այսպիսով, սկանդինավյան առասպելների ստեղծման ժամանակաշրջանը հաշվում են IX դարից մինչև XIII դարը։ Դրանք նախ ավանդվել են բանավոր ավանդությամբ՝ սկալդների՝ արքունի և թափառաշրջիկ երգիչների միջոցով, ապա գրառվել են վանական-իմաստասերների կողմից և մեզ հասել մագաղաթյա ձեռագրերի տեսքով։

Ձեռագրերի բազմազանությունը թույլ է տալիս եզրակացնել, որ սկանդինավյան միջնադարյան գուսանները՝ սկալդները, ամենուր երգել են հյուսիսային ժողովուրդների մեջ լայն տարածում գտած հին աստվածներին ու հերոսներին նվիրված առասպելները, և միայն ամենուրեք տարածված քրիստոնեության ճնշումից վտանգված լինելու հանգամանքն է, որ ստիպել է որոշ իմաստասեր նվիրյալների, ընդ որում՝ հիմնականում Իսլանդիայում ապրած, գրառել այդ գրական հուշարձանները և դրանց մի մասը հասցնել մինչև մեր օրեր։ Հայտնի է, որ վաղ միջնադարում Հյուսիսային Եվրոպայում սկալդները զինվորների համար մարտերից առաջ էպոսի երգերից համապատասխան հատվածներ են կարդացել՝ նրանց ոգևորելու և քաջագործությունների մղելու համար։ Էպոսի մեկնիչներից շատերը փորձել են նրա գործող անձանց նույնականացնել իրական հյուսիս-եվրոպական թագավորների և հայտնի իշխանական տոհմերի ներկայացուցիչների հետ, իսկ տեղանքները՝ էպոսում տեղ գտած տեղանունների հետ։ Սակայն սրանք ժամանակագրական փաստաթղթեր չեն՝ նախատեսված նախապապերի հերոսական քաջագործությունների պատմությունը հավերժացնելու համար։

«Ավագ Էդդա»-ի ձեռագրերը խմբագրել

 
Արնագարդուր, Արնի Մագնուսսոնի անվան իսլանդական հետազոտությունների ինստիտուտը

Մինչև XVII դարը էպոսի ձեռագրի մասին ոչինչ հայտնի չէր։ Աստվածների և հերոսների մասին պատմող երգերի հին մագաղաթյա ձեռագրերը 1643 թվականին հայտնաբերել է քահանայապետ Բրինլյոֆ Սվեյնսսոնը և այնտեղ տեսնելով Սնորրիի կողմից արված մի գրառում, որոշում է, որ դրանք պատկանում են XI դարի հանրահայտ լեգենդար Սեմունդ Իմաստասերին (1056-1133 թթ.): Այն այդպես էլ անվանում են՝ «Սեմունդի Էդդա», ապա «Պոետիկ Էդդա» կամ ուղղակի «Ավագ Էդդա»։ Հետագայում վերջնականապես ժխտվում է այն տեսակետը, թե Սեմունդ Իմաստասերն է «Ավագ Էդդա»-ի հեղինակը, բայց դեռ երկար ժամանակ Սեմունդի անունը մնում է շրջանառության մեջ։ Բրինլյոֆ Սվեյնսսոնը 1662 թվականին այս բացառիկ գրական հուշակոթողը որպես նվեր ուղարկում է Դանիա՝ թագավոր Ֆրիդրիխ Երրորդին, քանի որ այդ ժամանակ Իսլանդիան գտնվում էր Դանիայի տիրապետության տակ։ Թանկարժեք մագաղաթյա ձեռագրերն ի պահ են դրվում թագավորական գրադարանում, ինչի պատճառով էլ սկսում են կոչվել «Թագավորական կոդեքս»։ Ձեռագրերը այնտեղ մնում են մինչև XX դարը։ 300-ամյա տարագրությունից հետո որոշում է կայացվում ձեռագիրը վերադարձնել հայրենիք։ 1971 թվականի ապրիլի 21-ին, հաշվի առնելով ուղեբեռի հույժ կարևորությունը, տեղափոխության անվտանգությունն ապահովելու համար ռազմական նավատորմի ուղեկցությամբ ձեռագրերն Իսլանդիա են ուղարկվում և իրենց վերջնական հանգրվանը գտնում մայրաքաղաք Ռեյկյավիկի Արնի Մագնուսսոնի անվան իսլանդական հետազոտությունների ինստիտուտում, որտեղ և գտնվում են այժմ։

Նույն ինստիտուտում է պահպանվում նաև մեկ այլ՝ «Codex Arnamagnaeanus AM 748» կոչվող ՝ վեց ձեռագիր թերթերից բաղկացած մի հավաքածու, որտեղ ընդգրկված են «Ավագ Էդդա»-ի երգերից մի քանիսը։ Կան փոքր ծավալով ևս երկու ձեռագրեր։

«Ավագ Էդդա»-ի լեզուն խմբագրել

 
«Ավագ Էդդա»-ի՝ 1855 թվականին հրատարակված գերմաներեն թարգմանության տիտղոսաթերթը

Սկանդինավյան էպոսի լեզվի մասին խոսելիս չի կարելի շրջանցել հին իսլանդական սկալդների յուրօրինակ մտածելակերպը։ Իսլանդացի գուսանների բանահյուսության գլխավոր առանձնահատկություններից մեկը երգերում բարդ կառուցվածքային դարձվածաբանական գոյականների, այսպես կոչված՝ քեննինգների օգտագործումն է։ Քեննինգները ձևավորում էին առնվազն երկու բառից։ Օրինակ եթե ծովի փոխարեն սկալդն իր երգում կիրառում է «կետերի ուղի», իսկ նավի փոխարեն՝ «ծովայծ», ապա մեկ ուրիշ դեպքում նավ արտասանելու փոխարեն կարող է ասել «կետերի ուղու այծ»։ Սրանք ինչ-որ չափով նմանվում էին մանկական հանելուկների և իսլանդացի սկալդների համար հնարավորություն ստեղծում ցուցադրել իրենց հմտությունն ու վարպետությունը՝ քեննինգների ընտրության հարցում։ Կառուցվածքային բարդ բառերը հաճախ անիմանալի ու զավեշտալի են թվում, բայց չպետք է մոռանալ, որ սկալդներն այս հարցին ամենայն լրջությամբ են մոտեցել և իրենց երգերում օգտագործել են այնպիսի բառեր, որոնք ընտրվել են միայն մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում։ Կարևոր է անդրադառնալ նաև Իսլանդիայում երկար ժամանակ պահպանված ՝ կնոջ հանդեպ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքին։ Գերմանա-սկանդինավյան հասարակությունում կինը, տղամարդու հետ միասին, պետական գործերում որոշումներ է կայացնում։ Ըստ Կոռնելիոս Տակիտոսի՝ հին գերմանացիները կնոջ մեջ տեսել են «ինչ-որ սուրբ և առեղծվածային» կատարելություն, որն էլ թույլ է տվել նրանց մեծարել իբրև առաջնորդներ և գուշակուհիներ։

«Ավագ Էդդա»-ի արձագանքները տարբեր ստեղծագործություններում խմբագրել

«Ավագ Էդդա»-ն իրենց գրական գործունեության համար որպես ոգեշնչման աղբյուր են համարելհայտնի գրողներ Վիլհելմ Էքելունդը, Ավգուստ Ստրինդբերգը, Էզրա Փաունդը, Խորխե Լուիս Բորխեսը, իսկ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինն իր ամբողջ ստեղծագործությունները հյուսել է էդդայականառասպելների հենքի վրա։ «Ավագ Էդդա»-ից և «Նիբելունգների երգ»-ից մեծապես օգտվել է գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագները՝ ստեղծելով իր «Նիբելունգի մատանին» շարքը՝ բաղկացած չորս էպիկական օպերաներից։ Ի դեպ, Կոմիտասը, անդրադառնալով Վագների այս քառապատմանը, այն համարում էր բոլոր ժամանակների ամենամեծ դրաման և անգամ դրա օրինակով փափագում էր ստեղծել «Սասնա ծռեր» օպերան։ Ավետիք Իսահակյանը ևս մեծ հետաքրքրություն է ցուցաբերել սկանդինավյան էպոսի հանդեպ. 1922 թվականին, գտնվելով Վենետիկում, նամակ է գրել Վահան Զաքարյանին՝ խնդրելով Բեռլինից իրեն ուղարկվող անհրաժեշտ գրքերի շարքում ընդգրկել նաև «Ավագ Էդդա»-ի գերմաներեն թարգմանությունը։ Գերմանա-սկանդինավյան էպոսի առաջին մասը հայերեն է հրատարակվել 2018 թվականին՝ Հակոբ Սարգսյանի թարգմանությամբ հին իսլանդերենից։ Հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։

Կազմությունը խմբագրել

Ավագ Էդդան բաժանվում է երեք մասի.

Երգեր աստվածների մասին.

Երգեր հերոսների մասին.

Էդդայական երգեր.

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավագ Էդդա» հոդվածին։