Աստվածատուր Ներսեսովիչ
Աստվածատուր Ներսեսովիչ (Դեոդատ Ներսեսովիչ, Աստվածատուր Ներսիսյան, Աստվածատուր Լեհացի, 1647[1], Յազլովեց[1] - 1709[2][1], Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[1]), լեհահայ մանկավարժ, բառարանագիր, աստվածաբան։
Աստվածատուր Ներսեսովիչ | |
---|---|
Ծնվել է | 1647[1] |
Ծննդավայր | Յազլովեց[1] |
Մահացել է | 1709[2][1] |
Մահվան վայր | Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[1] |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Ազգություն | Հայերը Լեհաստանում |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[3] |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա, մանկավարժ, բառարանագիր, աստվածաբան և կաթոլիկ եպիսկոպոս |
Զբաղեցրած պաշտոններ | կաթոլիկ արքեպիսկոպոս, տիտղոսակիր արքեպիսկոպոս և առաքելական ադմինիստրատոր |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Յազլովիցում։ Հմուտ էր հայերենին, լատիներենին, լեհերենին, իտալերենին։ Գրել է հայերեն և լեհերեն։ Ուսանել է Լվովի հայոց պապական դպրանոցում (1665-1668)։ Ծննդավայրում ուսումնարան բացելով՝ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Եղել է Տրայանուպոլսի եպիսկոպոս։ Լեհահայոց առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի մահից հետո, մինչև նրա հաջորդի՝ Վարդան Հունանյանի նշանակումը, վարել է թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը (1681-1686), իսկ Հունանյանի հրաժարումից հետո դարձել թեմի առաջնորդ (1698-1709)։ Գիտական լուրջ գործ է Աստվածատուր Ներսեսովիչի «Բառգիրք լատինացւոց և հայոց ի վերայ Աստուածաշունչ և ժամակարգութեան գրոց հայոց եկեղեցւոյն» (1695) մեծածավալ բառարանը։ 1684 թվականին լեհերեն հրատարակել է մի ներբողական ճառ՝ նվիրված այն հաղթանակին, որ լեհերը տարան թուրքերի դեմ և ազատագրեցին Վիեննան 1683 թվականին։ Ալոյիսիոս Պիդուի «Սրբուհի Պուլքերիա» լատիներեն ողբերգության համար 1668 թվականին, նույնպես լեհերեն, գրել է միջախաղեր՝ նախերգանքով ու վերջաբանով։ Աստվածատուր Ներսեսովիչի հայերեն անտիպ երկերն են՝ «Վիճաբանութիւնք աստուածաբանութեան», «Ծանօթութիւնք բարոյականից աստուածաբանութեանց» և «Արդարացութիւն եկեղեցւոյն հայոց»։ Ունի նաև թարգմանական գործեր։ Վերանայել ու լրացրել է լատինական Ծիսարանի հայերեն թարգմանությունը, լատիներենից լեհերեն է թարգմանել Լ. Սկուպոլիի «Հոգևորական պատերազմ» աշխատությունը։ Մահացել է Լվովում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 NUKAT — 2002.
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 592)։ |