Ասլանդուզի ճակատամարտ, ճակատամարտ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, որը տեղի է ունեցել Արաքսի աջ ափին գտնվող Ասլանդուզ բնակավայրի մոտ 1812 թվականի հոկտեմբերի 19-20-ին (նոր տոմարով` հոկտեմբերի 31-նոյեմբերի 1-ին) և ավարտվել ռուսական զորքերի հաղթանակով։ Գեներալ-մայոր Պյոտր Կոտլյարովսկու հրամանատարության տակ գործող ռուսական փոքր զորախումբը, օգտագործելով անսպասելիության գործոնը, պարտության է մատնել պարսկական թագաժառանգ Աբբաս Միրզայի 30 հազարանոց բանակին։

Ասլանդուզի ճակատամարտ
Թվական1812 թվականի հոկտեմբերի 19-20
Մասն էՌուս-պարսկական պատերազմ (1804-1813)
ՎայրԱսլանդուզ բնակավայրի մոտ, Արաքսի աջ ափին
ԱրդյունքՌուսների հաղթանակ
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրությունԻրան Պարսկաստան
Հրամանատարներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն Պյոտր ԿոտլյարովսկիԻրան Աբբաս Միրզա
Կողմերի ուժեր
մոտ 2200
5 հրանոթ
մոտ 30 հազար
12 հրանոթ
Ռազմական կորուստներ
127 հոգի, այդ թվում` 28 սպանված և 99 վիրավորՏարբեր տվյալներով` մի քանի հազար սպանված և վիրավոր
Ընդհանուր կորուստներ

Նախապատմություն խմբագրել

1804 թվականին սկսված ռուս-պարսկական պատերազմն ընթանում էր ռուսների ակնհայտ առավելությամբ։ 1804-ին Ռուսաստանին միացվեցին Գանձակի, 1805-ին` Շիրվանի, Շաքիի, Ղարաբաղի խանությունները և Շորագյալը, 1806-ին` Դերբենդի, Ղուբայի և Բաքվի խանությունները։

Չնայած կրած ծանր պարտություններին` Աբբաս Միրզայի գլխավորությամբ գործող պարսիկները չէին դադարում փորձերը հետ բերելու կորցրած տարածքները։ 1812 թվականի աշնանը Աբբաս Միրզան մոտ 30 հազարանոց բանակով գտնվում էր Արաքսի աջ ափին և պլանավորում էր ներխուժել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները` օգտվելով Նապոլեոնի ներխուժումից Ռուսաստան և Կախեթում բռնկված ապստամբությունից։

Ռուսական կողմից Ղարաբաղի խանության տարածքի պաշտպանությունը հանձնարարված էր գեներալ Կոտլյարովսկու զորախմբին, որը տեղակայված էր Ամարասի շրջանում։ Կոտլյարովսկին իր ղեկավարությունից ուներ հրահանգ` չանցնել Արաքսը, սակայն հոկտեմբերին որոշում է կայացնում չսպասել պարսիկների գործողություններին և հարձակվել Ասլանդուզի մոտ ճամբար դրած պարսիկների վրա։

Ճակատամարտը[1] խմբագրել

Ճակատամարտի ընթացքը խմբագրել

Աբբաս Միրզայի գլխավորած պարսկական բանակը, որը կազմված էր մոտ 30 հազար մարդուց և ուներ 12 հրանոթ, հոկտեմբերի 10-ից դիրքավորված էր Արաքսի աջ ափին` Ասլանդուզի մոտ։ Կոտլյարովսկին, թեև իր հրամանատարության տակ ուներ ընդամենը մոտ 2200 հոգի և 6 հրանոթ, որոշեց գործել։ Ռուսական զորախումբը, կատարելով 70 վերստանոց արագ անցում Ամարասից, աննկատ անցավ Արաքսը Ասլանդուզի ծանծաղուտից հոսանքով դեպի վեր և պարսիկների համար անսպասելի հոկտեմբերի 19-ի առավոտյան գրոհեց վերջիններիս դիրքերը։

Աբբաս Միրզայի ճամբարի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող բլրի վրա կանգնած էր միայն պարսկական հեծելազորը, իսկ հետևակը ճամբարել էր Արաքսի աջ վտակ Դարավուտ-չայ գետի հովտում։ Ռուսները արագ հարվածով գրավեցին բլուրը և, այդտեղ տեղադրելով իրենց հրետանին, սկսեցին կրակով նեղել պարսիկներին։ Պարսիկները փորձ կատարեցին շրջանցել բլուրը և կտրել ռուսներին Արաքսից, սակայն Կոտլյարովսկին, թողնելով զորքերի մի մասը բլրի վրա, թևից գրոհեց պարսիկների վրա և փախուստի մատնեց նրանց` ստիպելով նահանջել դեպի Դարավուտ-չայ գետի աջ ափին գտնվող ամրությունները։

Կոտլյարովսկին նախ հանգիստ տվեց իր զորքերին, ապա հոկտեմբերի 20-ի գիշերը հանկարծակի հարվածով գրոհեց պարսկական դիրքերը։ Պարսկական զորքերի մի մասը փախուստի մատնվեց, որոշ մասը փորձեց դիրքավորվել ամրություններում, որոնք սակայն վճռական գրոհով վերցվեցին։

Ճակատամարտի արդյունքները խմբագրել

Ռուսների հաղթանակը լիակատար էր։ Պարսիկները տվեցին մոտ 1200 զոհ և 537 գերի, հակառակորդի ձեռքն անցան 11 անգլիական հրանոթներ։ Աբբաս Միրզան ինքը 20 հեծյալների խմբի հետ հազիվ փրկվեց գերի ընկնելուց։ Ռուսական զորքերի կորուստները կազմեցին 28 հոգի սպանված և 99 վիրավոր։

Հետագա իրադարձություններ խմբագրել

Դեկտեմբերին Կոտլյարովսկին իր զորախմբով Լեռնային Ղարաբաղից անցավ Թալիշի խանության տարածքը, պաշարեց և ապա գրոհով վերցրեց Լենքորանի բերդը։ Վախենալով ռուսների հետագա առաջխաղացումից` պարսիկները ստիպված են լինում գնալ խաղաղ բանակցությունների։ Դրանց արդյունքում 1813 թվականի հոկտեմբերի 12-ին (նոր տոմարով` 24-ին) ստորագրվում է Գյուլիստանի պայմանագիրը, որը վերջ է դնում ռուս-պարսկական պատերազմին։ Այդ պայմանագրով Պարսկաստանն ընդունում է Անդրկովկասի զգալի մասի` ժամանակակից Վրաստանի տարածքի, Ղարաբաղի, Գանձակի, Դերբենդի, Ղուբայի, Շիրվանի, Շաքիի, Բաքվի և Թալիշի խանությունների տարածքների անցումը Ռուսաստանին։ Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակեցին մնալ Պարսկաստանի կազմում մինչև 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը։

Հայերի մասնակցությունը ճակատամարտին խմբագրել

Ռուսական աղբյուրները ճակատամարտին հայերի մասնակցության մասին տեղեկություններ չեն տալիս։ Ըստ հայկական աղբյուրների` ճակատամարտին մասնակցել է Մելիք-Վանի Աթաբեկյանի գլխավորած հայ հեծյալ ջոկատը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել