Ասիե Ամինի (պարս.՝ آسیه امینی, սեպտեմբերի 14, 1973(1973-09-14), Ռամսար, Մազանդարան, Իրան), իրանցի բանաստեղծ և լրագրող, կանանց իրավունքների ակտիվիստ, որը պայքարում է մահապատժի և մասնավորապես Իրանում կանանց և փոքրամասնություններին քարկոծելու դեմ։ Ներկայումս բնակվում է Թրոնհեյմում, Նորվեգիայում։

Ասիե Ամինի
պարս.՝ آسیه امینی
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 14, 1973(1973-09-14) (50 տարեկան)
ԾննդավայրՌամսար, Մազանդարան, Իրան
Քաղաքացիություն Փահլավիների հարստություն և  Իրան
ԿրթությունAllameh Tabataba'i University?
Մասնագիտությունբանաստեղծուհի
 Asieh Amini Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ամինին մեծացել է հյուսիսային Իրանի Մազանդարան գավառում։ Նա ընտանիքի չորս քույրերից երրորդն է։ Ծնվել է հարուստ ընտանիքում, նրանք ունեցել են հողատարածք և անասուններ, նրանց տանն աշխատել են այգեպաններ ու տնային ծառայողներ։ Հյուսիսային Իրանում կանանց թույլատրված էր սեփականություն ունենալ, աշխատել իրենց փողքերն ու թևքերը ծալած։ Սակայն միևնույն ժամանակ տղամարդկանց համար սովորական էր բազմակնությունը[1]։

Ամինիի հայրն ուսուցիչ էր։ Նա ոչ թունդ հավատացյալ էր։ 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունից հետո Ամինիի ընտանիքը կորցրել է ունեցվածքի մեծ մասն ու դարձել միջին դասի ընտանիք։ Ամինին ու նրա քույրերը շատ ժամանակ էին անցկացնում կարդալով, գրելով և նկարելով։ Նա տեղական գրադարանում հաճախում էր պոեզիայի ցերեկային խմբակ։ Ասիեն ցանկանում էր դառնալ նկարիչ կամ գրող[1]։

Իրանյան հեղափոխությունից հետո Ամինիի կյանքը փոխվել է։ Նա ատում էր պարտադիր սև հիջաբը, որ ստիպված էին կրել բոլոր աղջիկները։ Նրա մայրը բացատրում էր, որ այդ կանոնին պետք է ենթարկվեն բոլորը։ Շատ երիտասարդներ Իրան-իրաքյան պատերազմից վերադառնում էին առանց վերջույթների կամ ընդհանրապես չէին վերադառնում։ Նրա ընտանիքի մի մասը դեմ էր ռեժիմին, և նրանք արդյունքում ձերբակալվում էին, մյուս մասն աջակցում էր ռեժիմին[1]։

Կարիերա խմբագրել

Ամինին սկսել է լրագրություն սովորել 1993 թվականին, Թեհրանի Թաբաթաբաի համալսարանում։ Դեռևս սովորելու տարիներից սկսել է թղթակցել թերթերին։ Սկսել է աշխատել Կայհան օրաթերթի հետ։ Այնուհետև տեղափոխվել է ավելի ծավալուն Իրան օրաթերթ։ Ամինին միացել է գործընկերոջը, երբ վերջինս պետք է հարցազրույց վերցներ նրա սիրելի գրողից։ Գրողն Ամինիին հրավիրել է իր ընկերների գրական շրջանակ։ Իրան թերթն սկսել է երիտասարդական հավելված տպագրել, և Ամինին դարձել է դրա մշակութային խմբագիրը։ Այդ ժամանակվա Իրանի համար կնոջ` այդչափ բարձր պաշտոնում լինելն արտասովոր էր։ Նա պատասխանատու էր 28 էջի համար, ղեկավարում էր տարիքով իրենից մեծ տղամարդկանց, և թերթի գլխավոր խմբագիրը հաճախ էր հետևում նրա աշխատանքին։ Մի օր նրա գործընկերներից մեկը, արցունքները զսպելով, խորհուրդ է տալիս նրան հեռանալ աշխատանքից։ Երբ Ամինին հետաքրքրվում է, թե որն է պատճառը, նա ասում է, որ բոլորը վատ են խոսում Ասիեի մասին և չեն կարողանում ընդունել երիտասարդ կնոջն այդ բարձր պաշտոնում։ «Դա նրանց խնդիրն է, ոչ թե իմը», պատասխանում է Ամինին։ Երբ 1997 թվականին Մուհամադ Խատամին ընտրվում է երկրի նախագահ, արգելքները մի քիչ թուլանում են, և ավելի համարձակ հրապարակումները թույլատրելի են դառնում։ Ավելի շատ կանայք են սկսում լրագրությամբ զբաղվել։ Ամինին աշխատանք է գտնում Զան օրաթերթում, որը գրում էր կանանց հարցերի մասին։ Չնայած Ամինին դեմ էր թերթերի սեռով` պայմանավորված տարանջատմանը, նա ստանձնում է աշխատանքը։ Զան օրաթերթը, սակայն, շուտով արգելվում է։ Հետագայում Ամինին անցնում է ֆրիլանս աշխատանքի։ Էթեմաադ օրաթերթի ստեղծվելուց հետո Ամինին դառնում է դրա սոցիալական խմբագիրը։ Նա նաև ղեկավարում էր Կանայք Իրանով անվանում կայքը[1]։ Այն ժամանակ, երբ իրավիճակը չափազանց վտանգավոր է դառնում նրա համար, Ամինին որոշում է հեռանալ երկրից։ Մի ընկերոջ շնորհիվ նա կարողանում է 2010-2012 թվականներին դառնալ Թրոնհեյմի (Նորվեգիա) ICORN ցանցի գրող` հյուրի կարգավիճակով[2]։ Նա մնում է Նորվեգիայում և NTNU-ում ստանում է մագիստրոսի աստիճան Հավասարության և բազմազանության ոլորտում։ Ամինին այժմ Նորվեգիայի PEN միջազգային կազմակերպության Տնօրենների խորհրդի անդամ է[3]։

Ակտիվիզմ խմբագրել

Ամինին հիմնել է «Ընդմիշտ դադարեցրեք քարկոծելը» արշավը 2006 թվականի հոկտեմբերին։ Նա աշխատել է Իրանից հայտնի ֆեմինիստի և երկու գրողների հետ, որոնք Իրանում չեն ապրել և կարող էին առանց գրաքննության հրապարակումներ անել[1]։ Նա պայքարում է Իրանում դատական համակարգում սեռով պայմանավորված անարդարությունների դեմ, պայքարում է քարկոծումը որպես պատիժ դադարեցնելու համար[4]։

Նա իր ակտիվ գործունեությունն սկսել է այն ժամանակ, երբ հանդիպել է 16-ամյա Աթեֆեհ Սահաալեհին, որը սեռական բռնության էր ենթարկվել։ Բռնության արդյունքում նա մարմնավաճառ էր դարձել և արտաամուսնական սեռական հարաբերությունների պատճառով դատապարտվել քարկոծմամբ մահապատժի։ Ամինին որոշել է գրել սրա մասին և ուսումնասիրել քարկոծման կիրառումը։ Հետաքննության ընթացքում նա բացահայտել է, որ չնայած քարկոծումն արգելելու Իրանի միջազգային պարտավորությանը, այն շարունակվում է գաղտնի կերպով։ 2002 թվականին Իրանի արդարադատության նախարարը հայտարարել է քարկոծման մորատորիումի մասին[1]։ Ամինին փորձել է հրապարակել իր պատմությունը, սակայն շուտով հեռացվել է թերթից[4]։ Թերթի գլխավոր խմագիրն ասել է, որ անհնար է տպագրել նրա հոդվածը, քանի որ նա պայքարում է Շարիաթի օրենքի և Իրանի դատական համակարգի դեմ։ Նա հոդվածն ուղարկել է մեկ այլ թերթի, սակայն կրկին մերժում է ստացել։ Երկար որոնումներից հետո կանանց խնդիրներ լուսաբանող մի պարբերական համաձայնել է տպագրել խմբագրված տարբերակը[1]։ Այս հրապարակումից հետո Ամինին լսել է նմանատիպ մեկ այլ պատմություն մանկամտությամբ տառապող 19-ամյա Լեյլայի մասին, որին դատապարտել էին կախաղանի։ Ամինին պարզել է, որ նա դեռ ողջ է և գտնվում է Արաքի բանտում ու որոշել է օգնել նրան։ Աղջկան առաջին անգամ մարմնավաճառության է ուղարկել իր մայրը, 5-8 տարեկան հասակում։ Դրանից հետո մայրն սկսել էր ապրել աղջկա աշխատած գումարով։ Լեյլան առաջին երեխային ունեցել է 9 տարեկանում և մտրակի 100 հարված է ստացել անբարոյական վարքի համար։ Նա մահվան է դատապարտվել ինցեստի համար, քանի որ նրա երկու եղբայրները բռնաբարել են նրան։ Ամինին այցելել է Լեյլայի դատավճիռը կայացնող դատավորին. վերջինս ասել է նրան, որ ինքն ուղղակի հետևում է օրենքին։ Դատավորը նաև ասել է Ամինիին, որ եթե հասարակությունը խնձոր է, ապա Լեյլան որդ է։ Ամինին Լեյլայի մասին գրել է Զաման պարբերականում։

Պատմությունը միջազգային արձագանքի է արժանացել։ Անգամ Նորվեգիայի վարչապետ Կյել Մագնե Բոնդևիկը նամակ է գրել Իրանի նախագահ Խաթամիին։ Լեյլայի գործի վերաբերյալ երկրորդ դատավարությունն է կայացել[1]։ Ամինին իր ընկերների օգնությամբ կարողացել է Լեյլային հեռացնել բանտից ու տեղավորել սոցիալական կազմակերպությունում, որը նրա համար մասնավոր դասեր է անկացրել` սովորեցնելով նրան կարդալ ու գրել։ 2007 թվականին Ամինին ձերբակալվել ու բանտարկվել է[5]։

Այս փորձառությունից հետո նա հիմնել է «Մեկընդմիշտ դադարեցրեք քարկոծումը» արշավը։ Նա պայքարում է քարկոծման դեմ, ուսումնասիրում է քարկոծման դատապարտված կանանց դեպքերն ու հանրայնացնում է դրանք[4]։ Մահմուդ Ահմադինեժադի` 2009 թվականին Իրանին նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո մարդու իրավունքների պաշտպանների համար իրավիճակն Իրանում վտանգավոր է դարձել։ Ամինիի հեռախոսազանգերը սկսել են գաղտնալսել, էլեկտրոնային նամակները` հսկել։ Նախագահական ընտրություններից չորս ամիս անց Ամինին հեռացել է Նորվեգիա[4]։ Նորվեգիայում նա շարունակում է գրել թերթերի համար։ 2010-2012 թվականներին եղել է Թրոնհեյմի ICORN ցանցի գրող` հյուրի կարգավիճակով[6]։

Ընտանիք խմբագրել

Զան օրաթերթում Ամինին հանդիպում է լուսանկարիչ Ջավադ Մոնթազերիին, որը ևս Մազանդարան գավառից էր, ինչպես ինքը։ Ութ ամիս անց նրանք որոշում են ամուսնանալ։ Նրանց դստեր` Ավայի ծնվելուց հետո ամուսինը քաջալերում է նրան շարունակել աշխատել։ Երկրորդ անգամ հղիանալուց հետո նա փորձում է դեղահաբի միջոցով արհեստական վիժում առաջացնել, քանի որ աբորտները Իրանում արգելված են։ Դեղը, սակայն, չի օգնում, և նա, մտածելով, թե արդեն վնասել է պտուղը, ստիպված է լինում անօրինական աբորտ անել, որն ուղեցկվել է բարդացումներով, որից հետո, սակայն, ինքը կարողացել է վերադառնալ աշխատանքի[1]։

Պարգևներ խմբագրել

Մատենագրություն խմբագրել

  • «Հեյ, ... Դու, որ գնացիր»
  • "Kom ikke til mine drømmer med gevær" («Երազանքներիս մեջ զենքով չմտնես»)
  • "Jeg savner å savne deg" («Կարոտում եմ քեզ կարոտելը»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Secor, Laura (2016 թ․ հունվարի 4). «WAR OF WORDS A woman's battle to end stoning and juvenile execution in Iran». The New Yorker. Annals of Activism. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Asieh Amini». icorn.org. icorn. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. «Asieh Amini». norskpen.no. PEN. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Day 14: Meet Asieh Amini, Iran». Nobel Women's Initiative. 2013 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Iranian poet and journalist Asieh Amini is awarded Freedom prize». International Cities of Refuge Network. 2014 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Asieh Amini». International Cities of Refuge Network. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիե Ամինի» հոդվածին։