Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապրիլ (այլ կիրառումներ)

Ապրիլ, հայկական գրատուն ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում։ Այն Լոս Անջելեսի շրջանի ամենահին հայկական գրատունն է և հիմնադրվել է 1978 թվականին Նուբար և Հարութ Երիցյան եղբայրների կողմից Լոս Անջելեսի Հոլիվուդ համայնքի արևելյան թաղամասերից մեկում, որը 2000 թ․ վերանվանվեց Փոքր Հայաստան։ Թաղամասի հայերի դեպի Գլենդեյլ քաղաքը արտահոսքին հետևելով՝ գրատունը ևս տեղափոխվեց Գլենդեյլ 1998 թ․, որտեղ և գործում է ցայսօր։

Ապրիլ գրատան պատուհանը դրսից

Պատմություն խմբագրել

Նախ ավագ եղբայր Նուբարը, ապա կրտսերը՝ Հարութ Երիցյանը ԱՄՆ էին տեղափոխվել Լիբանանից 1970-ական թվականներին։ Նուբարը մեկնել էր 1970-ականների կեսերին, իր հարսնացու Սեդայի հետ միավորվելու համար, որը ընտանիքով ԱՄՆ էր տեղափոխվել 1960-ականներին։ Հարութն իր ընտանիքով Լիբանանը թողել էր 1976 թ․՝ խուսափելով Լիբանանի քաղացիական պատերազմից։

 
Ներկայիս տերը՝ Առնո Երիցյան

Աճող հայ համայնքի գրական քաղցը զգալով, եղբայրները 1977 թ․ հիմք են դնում «Ապրիլ» անվանմամբ մշակութային ամսագրի, որը Լոս Անջելեսի առաջին հայալեզու ամսագիրն էր։ Ամսագրի առաջին համարը լույս էր տեսել 1977 թ․ Ապրիլ ամսին, սակայն անվանումը ընտրվել էր նաև արևմտահայերեն ապրիլ (ապրել) բայի կապակցությամբ՝ խորհրդանշելով հայ ազգի ու մշակույթի հարատևությունն ու ապրելու տենչը։ Նույն նպատակով ամսագրի խորհրդանիշ էր ընտրվել նռան պատկերը։ Ամսագրի հաջողությամբ ոգեշնչվելով՝ Երիցյան եղբայրները 1977 թ․ վերջին գնում են տպագրահաստոց, որպեսզի հենց իրենք տպագրեն ամսագիրը։ Սրանով ծնվեց «Ապրիլ» տպարան-հրատարակչությունը։ Այս տարիներին Լոս Անջելեսի հայ համայնքը արագ աճ էր ապրում՝ համալրվելով Լիբանանից, Պարսկաստանից և Խորհրդային Հայաստանից հետզհետե ներգաղթողներով, ինչը նպաստեց թե՛ ամսագրի և թե՛ տպարան-հրատարակչության կոմերցիոն հաջողությանը։

Ընկերների խորհրդով ու հորդորանքով Երիցյան եղբայրները իրենց հրատարակչության գրասենյակին կից «Ապրիլ» գրատունը բացեցին 1978 թ․՝ բարեպատեհ ազատված տարածքը վարձելով։ Երկար հիվանդությունից հետո 1989 թ․ վաղաժամ մահացավ ավագ եղբայր Նուբարը, և գրատան օրեցօր աշխատացնելու գործը մնաց Նուբարի կնոջ Սեդային և ամուսիններ Հարութ և Սիրուն Երիցյաններին։ 1980-ականների վերջերին սկսվեց հայերի Հոլլիվուդից Գլենդեյլ արտահոսքը և 1998 թ․, մի քանի ահաբեկչությունների զոհ դառնալուց հետո[1], տեղափոխվող հայ համայնքին հետևեց նաև Ապրիլ գրատունը։ Տեղափոխումից ի վեր գրատունը գտնվում է նույն կղմինդրե շենքում Բրոդվեյ փողոցի վրա։ 2007 թ․ Սեդան ու Հարութը համաձայնաբար ավարտում են միասնական գործը և Հարութը ստանձնում է Ապրիլ գրատունը։ Անբուժելի հիվանդության հետևանքով, 2010 թ․ Հարութը հեռացավ կյանքից[1]՝ թողնելով գրատունը իր միակ զավակին՝ Առնո Երիցյանին։ Առնոն 2000 թ․ սկսած աջակցում էր հորը՝ սկիզբ դնելով գրատան առցանց ներկայությանը, իսկ 2005 թ-ից ակտիվորեն մասնակցում էր գրատան օրեցօր գործունեությանը։

Ընտրանի խմբագրել

 
Մանկական գրականության բաժինը

Գրատունը իր գործունեության առաջին տասնամյակի ընթացքում սպասարկում էր մեծ մասամբ առաջին սերունդ ներգաղթածներից կազմված հայ համայնքին և գրականության ընտրանին մոտավորապես 80% հայերեն էր և 20% անգլերեն[2]։ Այս տարիներին ամենամեծ պահանջարկն ուներ Հայկական Սովետական Հանրագիտարանը, որի նոր հատորները Խորհրդային Հայաստանից ստանալու լուրն լսելուն պես հաճախորդները հերթ էին կանգնում այն գնելու համար[3]։

Այսօր գրատան հաճախորդների զգալի մասը ԱՄՆ-ում ծնված և անգլերենն առաջին լեզու համարող հայեր են։ Սրա պատճառով վերջին տարիներին գրատան նյութերի միայն մոտ կեսն է հայերեն, մյուս կեսն էլ՝ անգլերեն՝ հայկական թեմատիկային վերաբերվող։ Ընդ որում անգլերեն նյութերի գրեթե կեսն են կազմում Հայոց Ցեղասպանությանը նվիրված գիտական, պատմա-վավերագրական և գեղարվեստական գրքերը։

Գրատունը վաճառքում ունի նաև հարուստ ձայնա-տեսային նյութերի ընտրանի, ինչպես նաև զանազան հուշանվերներ ու պաստառներ։

Միջոցառումներ խմբագրել

 
Ապրիլ գրատան կրպակը 2010 թ․ Լոս Անջելես Թայմսի գրքերի փառատոնին

Գրատունը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է հանդիպումներ գրողների հետ, դասախոսություններ նվիրված հայ մշակույթին և ընթերցանության ակումբներ[4]։ Ապրիլ գրատունը նաև մշտական մասնակից է Լոս Անջելես Թայմսի ամենամյա գրքերի փառատոնին, որտեղ իր կրպակում փառատոնի հյուրերին է ներկայացնում գրատան ընտրանին, ինչպես նաև գրատան կողմից կազմակերպվող միջոցառումների թռուցիկներն ու բրոշյուրները։

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.mirrorspectator.com/2010/10/25/an-appreciation-harutune-yeretzian-a-cultural-icon-in-los-angeles-dies/
  2. http://articles.latimes.com/2006/aug/10/local/me-armenian10
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. http://www.reporter.am/index.cfm?objectid=620BDF68-7A93-11DE-98910003FF3452C2

Արտաքին հղումներ խմբագրել