Անտառաշերտ, ժապավենաձև պաշտպան, անտառային տնկարկ, բնական կամ աճեցված վարելահողերի, արոտավայրերի, ջրամբարների շրջակայքում, ձորածերպերին, լեռնալանջերին, ճամփեզրերին։ Լինում են 1 կամ բազմաշերտ, չափազանց խիտ կամ նոսր։ Անտառաշերտի կառուցվածքը պայմանավորված է տնկարկի բարձրությամբ, շարահարկայնությամբ, խորությամբ, ծառաթփային տեսակաշարով, որոնք միաժամանակ պայմանավորում են անտառաշերտի ազդեցությունը շրջապատի միկրոկլիմայի, հատկապես քամու ռեժիմի վրա։ Անտառաշերտի ծառատեսակները լինում են գլխավոր և ուղեկցող։ Գլխավոր ծառատեսակներն առաջացնում են վերին շարահարկը, ապահովում անտառաշերտի բարձրությունն ու կայունությունը։ Ուղեկցող ծառատեսակներն առաջացնում են 2-րդ շարահարկը, նպաստում գլխավոր տեսակների աճմանն ու զարգացմանը, ապահովում վերին շարահարկի բավարար խտությունը, ստվերում պահում հողը՝ Նվազեցնելով գոլորշացումը։ Անտառաշերտերը բարելավում են շրջապատի միկրոկլիման, ջրային ռեժիմը, կանխում հողի էրոզիան, նպաստում բնական խոտածածկի արդյունավետության և գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության ու որակի բարձրացմանը։ Անտառաշերտերն ունեն բնապահպանական և ռեկրեացիային նշանակություն։

Անտառաշերտ Հյուսիսային Դակոտայում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառաշերտ» հոդվածին։