Անհայտ մարդու պատմությունը

«Անհայտ մարդու պատմությունը» (ռուս.՝ «Рассказ неизвестного человека»), Անտոն Չեխովի վիպակը։ Չեխովի այն սակավաթիվ ստեղծագործություններից մեկն է, որի գործողությունները տեղի են ունենում Սանկտ Պետերբուրգի պալատական միջավայրում։ Չեխովն այն սկսել է գրել 1888 թվականին, կիսատ է թողել գրաքննության պատճառով[1], ապա ավարտին է հասցրել 1892 թվականին։ Տպագրվել է «Русская мысль» ամսագրում՝ 1893 թվականի № 2 և 3 (փետրվար և մարտ ամիսների համար)։ Վերամշակումից հետո այն ընդգրկվել է Չեխովի ստեղծագործությունների առաջին ժողովածուի վեցերորդ հատորում։

Անհայտ մարդու պատմությունը
ռուս.՝ Рассказ неизвестного человека
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887
Հրատարակվել է1893

Սյուժե խմբագրել

Վիպակն սկսվում է որպես «Աննա Կարենինայի» հեգնական տարբերակ. առանց նախազգուշացման Սանկտ Պետերբուրգում ապրող պաշտոնյա Օռլովի ամուրիական տուն է գալիս նրա սիրուհին՝ Զինաիդա Ֆեոդորովնա Կրասնովսկայան, որը որոշել է խզել հարաբերությունները ամուսնու հետ։ Ի սարսափ վերջինիս՝ տիկինը սկսում է իր կարգը հաստատել բնակարանում՝ լցնելով այն խոհանոցի հոտերով և պատրաստվելով երեխաներ ունենալ։

Պատմությունը ներկայացվում է լակեյ Ստեպանի անունից, որն իրականում կրթված ազնվական է, նավատորմի պաշտոնաթող սպա, որի ազգանունը մնում է անհայտ։ Հեղափոխական կազմակերպության հանձնարարությամբ նա որպես լակեյ աշխատանքի է անցել Օռլովի տանը՝ տեղեկություններ հավաքելու համար նրա հոր՝ խոշոր բարձրաստիճան պաշտոնյայի մասին։ Մի անգամ մենակ մնալով այս թուլակազմ ծերունու հետ, որի հետ ուզում են հաշվեհարդար տեսնել իր համախոհները, պատմողը հասկանում է, որ ի վիճակի չէ սպանություն գործել։

Ձանձրանալով Զինաիդա Ֆեոդորովնայի հետ կյանքից և չհամարձակվելով խզել նրա հետ հարաբերությունները՝ Օռլովն ավելի ու ավելի է հաճախ է թաքնվում իր ընկերների մոտ՝ վստահեցնելով նրան, որ այդ ամբողջ ժամանակն անցկացնում է երկարատև գործուղումների մեջ։ Խաբեությունից վրդովված՝ պատմողը մեղադրական նամակ է գրում Օռլովին, ամեն ինչ պատմում Զինաիդա Ֆեոդորովնային (որն Օռլովից երեխա է սպասում) և նրան տանում Վենետիկ, ապա Լազուր ափ։

Զինաիդա Ֆեոդորովնան, որը նախկինում իդեալականացրել էր Օռլովին, այժմ տեսնում է ոչ թե նրա, այլ պատմողի մեջ է տեսնում բացառիկ, արտասովոր մարդու, որն իր կյանքը նվիրել է գաղափարին ծառայելուն։ Աստիճանաբար նա հասկանում է, որ պատմողը, ինչպես Օռլովը, չեզոք մարդ է, հիասթափված ինչպես իր առաքելությունից, այնպես էլ ընդհանրապես կյանքից։ Օռլովի հետ իր ունեցած նմանությունը պատմողն ինքն է նշում նրան ուղղված իր նամակում։

Ծննդաբերությունից հետո Զինաիդա Ֆեոդորովնան մահանում է՝ ենթադրաբար թույն ընդունելով և թույլ, անարժեք տղամարդկանց միջավայրում իր համար ոչ մի հեռանկար չտեսնելով։ Պատմողը, որը մահացու հիվանդ է տուբերկուլոզվ, հոգ է տանում նրա դստեր մասին։ Գիտակցելով մահվան մոտիկությունը՝ նա հանդիպում է Օռլովի հետ և նրան խնդրում հոգ տանել աղջկա մասին։ Բարինն ու նրա նախկին լակեյը քննարկում են իրենց ճակատագրական նմանությունն ու կյանքի իմաստը։

Ստեղծման պատմություն խմբագրել

Սանկտ Պետերբուրգում ապրող պաշտոնյայի տանն աշխատանքի անցնող հեղափոխականի մասին վիպակի գաղափարը Չեխովի մոտ ծնվել է 1880-ականների վերջին։ «Ութսունական թվականներին» աշխատանքային վերնագրով ստեղծագործության հիմնական մասը գրվել է 1888 թվականին։ Հեղինակը նախապես ենթադրում էր, որ ստեղծագործությունը գրաքննությունը չի թույլատրի։ Գրողը գաղափարին վերադարձել է 1891 թվականին՝ ապագա ստեղծագործությունն անվանելով «Իմ հիվանդի պատմությունը» (ռուս.՝ «Рассказ моего пациента»)։ 1893 թվականի մայիսին իր նամակում նա գրող Լյուբով Գուրևիչին տեղեկացրել է, որ գրում է «ստեղծագործություն՝ առանց այն հրատարակելու մտադրության»։

Ահաբեկիչ հերոս ունեցող ստեղծագործության գաղափարը արդիական է եղել 1880-ականներին։ Այդ ժամանակ դեռ շարունակվել է «Նարոդնայա Վոլյա» հեղափոխական պոպուլիստական կազմակերպության գործունեությունը, չնայած կազմակերպության ղեկավարության կոտորածին 1881 թվականին՝ ցարի սպանությունից հետո։ 1887 թվականի ապրիլին դատավարություն է տեղի ունեցել Ալեքսանդր Ուլյանովի և նրա ընկերների նկատմամբ, որոնք մահապատժի են ենթարկվել նույն տարվա մայիսին։ 1887 թվականի հունիսին տեղի է ունեցել դատավարություն նարոդովոլեց Գերման Լոպատինի և բանաստեղծ Պյոտր Յակուբովիչի նկատմամբ։ Խորհրդային քննադատությունը ընդգծել է պատմության այս կողմը, չնայած որ նրանում ընդամենը մի քանի անգամ է հիշատակվում գաղտնի կազմակերպության մասին (այն էլ՝ թեթևակի)։

Չեխովի կենդանության օրոք «Անհայտ մարդու պատմությունը» թարգմանվել է սերբախորվաթերեն։ Ստեղծագործությունների ժողովածուում տպագրելու համար Չեխովը վիպակը լուրջ վերամշակման է ենթարկել։

Հնարավոր նախատիպեր խմբագրել

Գլխավոր հերոսի հիմնական նախատիպերից մեկը համարվում է նախկին նարոդովոլեց Իվան Յուվաչովը՝ Դանիլ Խարմսի հայրը։ Ինչպես և գլխավոր հերոսը՝ նախկին լեյտենանտ Յուվաչովը ծառայել է նավատորմում։ Չեխովը նրա հետ ծանոթացել է Սախալինում և նրան հիշատակում է «Սախալին կղզի» գրքում։

Պատմության գաղափարի վրա կարող էր ազդել պոպուլիստի ճակատագիրը՝ Տագանրոգում ծնված Ի. Յա. Պավլովսկին, որը 14 տարեկանից մինչև գիմնազիան ավարտելը՝ 1869-1871 թվականներին, ապրել է Չեխովների ընտանիքում։

Քննադատություն խմբագրել

Ալեքսանդր Ամֆիտեատրովը և Լև Տոլստոյը պատմվածքի մասին բացասական են արտահայտվել[2]։ Հեղափոխական տրամադրված քննադատները (սկսած Անատոլի Լունաչարսկուց) ափսոսում էին, որ Չեխովը ցույց չի տվել ակտիվ գործող հերոսներին[3]։ Սեմյոն Վենգերովը դժգոհել է, որ Չեխովը «ինչ-որ դատարկ տեղ է տալիս հեղափոխական շարժմանը, բայց ավելի չար է ներկայացվում հակառակ միջավայրը»[4]։ Ստեղծագործությանը բարձր գնահատականներ են տվել Նիկոլայ Լեսկովը[2] և Լուի դե Բերնիեր[5][6]։

Վիպակը Չեխովի այլ ստեղծագործություններից առանձնանում է մայրաքաղաքի պաշտոնյաների երգիծական նկարագրությամբ։ Սանկտ Պետերբուրգի մասին պատմող գլուխներում խաղում են Դոստոևսկու ստեղծագործությունների առանձին մոտիվներ (որն ուղղակիորեն նշված է տեքստում)։ Իտալիային վերաբերող գլուխներում նմանություններ կան Տուրգենևի վիպակների հետ, ինչը խոստովանում է նաև ինքը ՝ պատմողը։ Տուրգենևից եկող ավանդույթի համաձայն՝ «Անհայտ մարդու պատմությունը» ունի վերջաբան, որը պատմում է հիմնական հերոսների ճակատագրի մասին՝ գլխավոր հերոսուհու մահից հետո։

Quid pro quo իրավիճակի կաղապարային լինելուց բացի, գրականագետները (մասնավորապես՝ Պյոտր Բիցիլին) ուշադրություն են դարձրել վիկտորիանական դարաշրջանի արկածային արձակին բնորոշ բազմաթիվ մելոդրամատիկ իրավիճակների և հնացած հնարքների վրա[7]։ Միևնույն ժամանակ Չեխովը, նորարարական տեսանկյունից օգտագործելով լռության պոետիկան, բացահայտում է պատմողի անհուսալիությունը, որը մինչև վերջին էջերը լռում է իր էքզիստենցիալ ճգնաժամի և Զինաիդա Ֆեոդորովնայի հանդեպ իր սիրո մասին[8]։

Էկրանավորումներ խմբագրել

  • «Անհայտ մարդու պատմությունը» (1979), ԳԴՀ արտադրության հեռուստաֆիլմ, ռեժիսոր՝ Պետեր Ֆոգել,
  • «Անհայտ մարդու պատմությունը» (1980), «Մոսֆիլմ» ստուդիայի արտադրության խորհրդային ֆիլմ, ռեժիսոր՝ Վիտաուտաս Ժալակյավիչյուս[9], Պրեմիերան կայացել է 1981 թվականի ապրիլին։
  • 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին ռեժիսոր Գ. Ս. Սոկոլովը Գոգոլի անվան թատրոնի բեմում բեմադրել է վիպակի հիման վրա ներկայացում, որի գլխավոր դերը կատարել է Ալեքսանդր Պաշուտինը։ Ներկայացումը հաջողություն է ունեցել և հետագայում ընդգրկվել Վլադիմիր Մայակովսկու անվան թատրոնի խաղացանկում[10]։

2018 թվականին Անատոլի Վասիլևը «Անհայտը» (ռուս.՝ «Неизвестного») բեմադրել Է Ստրասբուրգի ազգային թատրոնում։ Բեմադրությունը ներկայացվել է նաև Փարիզի MC93 Bobigny թատրոնի բեմում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Без любви весь мир – пустыня - Борис Дрозд - Google Books». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 Чехов А. П. Полное собрание сочинений. Т. 8. М.: Наука, 1977. С. 479.
  3. «Рассказ неизвестного человека». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  4. Венгеров С. А. Антон Чехов. Литературный портрет. // Вестник и библиотека самообразования, 1903, № 33.
  5. Anton Chekhov Forward // The Story of a Nobody. — Hesperus Press Limited, 2002. — С. 9-10. — ISBN 1-84391-003-9
  6. Tony McKibbin. «Moral Circumferences». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  7. «Lib.ru/Классика: Бицилли Петр Михайлович. Творчество Чехова». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. П. М. Бицилли: «Самое главное в этом рассказе, самое существенное — иначе зачем бы ему было быть написанным — это, конечно, духовный кризис „неизвестного“; но как, почему он случился, в чем состоял, каким путем этот человек к нему пришел — можно легко себе представить, что бы сделал из этого Достоевский! — обо всем этом герой не сообщает, в сущности, ровно ничего». Цит. по: Бицилли П. М. Трагедия русской культуры: исследования, статьи, рецензии. М., 2000. С. 301.
  9. «Рассказ неизвестного человека». // Мосфильм. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  10. «Александр Пашутин». // Россия-1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  11. «Разметка страсти | Colta.ru». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.