Անկանխիկ հաշվարկներ, առանց կանխիկ դրամի առկայության դրամական միջոցները վճարողի հաշվից ստացողի հաշվին փոխանցելու կամ փոխադարձ պահանջները հաշվանցելու ձև։

Անկանխիկ հաշվարկների զարգացման համար օբյեկտիվ հիմքեր են ապրանքաշրջանառության ծավալի ավելացումը և մետաղադրամի պակասը։ Լայն տարածում ունի նաև մուրհակների և չեկերի միջոցով պարտավորությունների մարումը։

Անկանխիկ հաշվարկների կենտրոններ են կենտրոնական բանկերին կից հաշվարկային պալատները, որոնք իրենց հերթին համալրվում են առանձին քաղաքների և մարզերի տեղական հաշվարկային պալատներով, բանկային թղթակցային գործողությունների անկանխիկ շրջապտույտով և բանկի բաժանմունքների միջև եղած ներբանկային քլիրինգների հաշվարկով։

Անկանխիկ հաշվարկների կիրառումը տնտեսում է հասարակական ծախքերը, իջեցնում հասարակության դրամական շրջանառության ծախսերը, կրճատում կանխիկ դրամի պահանջարկը և նպաստում դրամական ազատ ռեսուրսների համակենտրոնացմանն ու օգտագործմանը։ Անկանխիկ հաշվարկներ իրականացվում են բանկի միջոցով և վերահսկողությամբ՝ հոժարագրի, ակրեդիտիվի, հատուկ հաշվի» ինչպես նաև վճարման հանձնարարագրերի և այլնի միջոցով։ Անկանխիկ հաշվարկների կիրառումը սահմանվում է տնտեսական կազմակերպությունների համաձայնագրերով, երբեմն՝ կառավարության որոշումներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 420