Անիտա Կոնտի, ի ծնե՝ Քարաքոչյան (ֆր.՝ Anita Caracotchian Conti, մայիսի 17, 1899(1899-05-17)[1], Էրմոն, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա - դեկտեմբերի 25, 1997(1997-12-25), Դուարնենե, Ֆինիստեր, Ֆրանսիա), ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ։

Անիտա Կոնտի
Anita Conti
Ծնվել էմայիսի 17, 1899(1899-05-17)[1]
Էրմոն, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա
Մահացել էդեկտեմբերի 25, 1997(1997-12-25) (98 տարեկան)
Դուարնենե, Ֆինիստեր, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունօվկիանոսագետ, լուսանկարիչ, ճանապարհորդ հետազոտող, գրող և լրագրող
Գործունեության ոլորտՕվկիանոսագրություն[2], լուսանկարչություն[2] և ժուռնալիստիկա[2]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][2]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Երեխա(ներ)Laurent Girault-Conti?
 Anita Conti Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անիտա Քարաքոչյանը ծնվել է 1899 թվականի մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական հարուստ ընտանիքում[3]։ Նա մանկաբարձ Լեոն (Լևոն) Քարաքոչյանի և Ալիս Լըբոնի դուստրն էր[4]։

Ընտանիքը շատ էր ճանապարհորդում։ Անիտան ծնողների հետ ճանապարհորդել է ամբողջ Եվրոպայով։ Բրետանում և Վանդեայում նա հաճախ է նավով ճանապարհորդել ձկնորսների հետ, և վաղ մանկությունից նրա մեջ ձևավորվել է սեր՝ ծովի և գրքերի հանդեպ[5]։

  Իմ ծնողները բանիմաց էին ու ընթերցասեր։ Նրանց տարերքը ճամփորդելն էր։ Ես և եղբայրս՝ Ստեփանը, մեծացել ենք նրանց ճիշտ դաստիարակության և գրքերի շրջապատում` ճամփորդելով աշխարհի երկրներով ու ծովերով։ Եվ պատահական չէ, որ ծովերի ու օվկիանոսների լազուր ջրերի հմայքը, դրանց փոթորկուն ուժն ինձ մանկուց են գերել ու գրավել։
- Անիտա Կոնտի
 

1914 թվականին՝ պատերազմի սկզբին, ընտանիքն ապաստանել է Օլերոն կղզում[5], որտեղ երիտասարդ աղջիկն իրեն նվիրել է նավերին, ընթերցանությանը, լուսանկարչությանը։ 1917 թվականին կատարել է իր առաջին՝ լուսանկարները՝ Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին։

Գործունեության սկիզբ խմբագրել

Պատերազմից հետո Անիտա Քարաքոչյանը բնակություն է հաստատել Փարիզում։ Մասնագիտացել է որպես գեղարվեստական կազմարար և հաջողության է հասել։

1927 թվականին նա ամուսնացելմ է դիվանագետ, Վիեննայի դեսպանատան աշխատակից, ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ։

Ամուսնությունից հետո Անիտան սկսել է ճանապարհորդել ամբողջ աշխարհով, հետազոտելով ծովը և խնդիրները, որոնց հետ առնչվում էին ձկնորսները։ Նա շատ ժամանակ է անցկացրել ձկնորսական նավերի վրա և շատ է ընթերցում՝ ծովի բուսական և կենդանական աշխարհին լավ ծանոթանալու համար։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկա ժամանակահատվածում Անիտա Կոնտին մշակել է ձկնորսության գիտական մեթոդիկա՝ կիրառելով նավիգացիոն քարտեր։ Հրատարակել է շատ գիտական հոդվածներ և տեղեկություններ՝ արդյունաբերական ձկնորսության նեգատիվ հետևանքների և ձկնորսության հետ կապված տարբեր խնդիրների մասին։ Հայտնի լինելով կանանց ամսագրերում ծովային հարստության մասին իր հոդվածներով՝ նա աշխատանքի է ընդունվել 1934 թվականին Էդուարդ Լե Դանոիսի կողմից Ծովային ձկնորսության գիտական և տեխնիկական գրասենյակում (OSTPM) որպես «քարոզչության պատասխանատու»[6]։

Օվկիանոսագիտությամբ զբաղվելու տարիներ խմբագրել

 
Նոտր Դամ դը Բոնսիկյուր նավը Ֆեկամ թանգարանում

1939 թվականին, 3 ամիս ժամանակով, ձողաձուկ որսալու համար Անիտա Կոնտին «Վիկինգ» ձկնորսանավով ուղևորվել է Արկտիկա։ Այս ուղևորության ընթացքում Անիտան եզրահանգել է, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։

1939 թվականի նոյեմբերից մինչև 1940 թվականի հունվար Անիտա Կոնտին ռազմանավով ուղևորվել է Լա Մանշ և Հյուսիսային ծով։ Առաջին կին-զինվորն է եղել ֆրանսիական ռազմածովային ուժերի «Royale» ռազմանավի վրա։ Նա ակտիվորեն մասնակցել է Դյուկերեկում իրականացվող ականազերծման գործողություններին[7]։ 1940 թվականի մայիսին մասնակցել է Դյուկերեկի տարհանմանը[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1941-1943 թվականներին ձկնորսանավով ուղևորվել է Աֆրիկայում, ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, նկարագրում է ձկների նոր տեսակներ[7]։ Ուսումնասիրությունների հիմնական նպատակն էր գտնել ձկների վտառների պաշարներ և ուտելիքի սղության պայմաններում ապահովել զորքին և խաղաղ բնակչությանը։ Նա փորձում է ստեղծել շնաձկների փորձարարական արդյունահանություն, որոնց լյարդում զգալի քանակությամբ վիտամին A է պարունակվում։

1943 թվականին Ալժիրի կառավարությունը նրան հանձնարարել է ուսումնասիրել Արևմտյան Աֆրիկայի ձկնային ռեսուրսները, և մոտ 10 տարի Անիտան զբաղվել է Մավրիտանիա, Սենեգալի, Գվինեայի Կոտ դ'Իվուարում ծովի հատակի հետազոտությամբ։ 10 տարի նա ուսումնասիրել է ծովի հատակի բնությունը, ափերը, գետաբերանները, էստուարները, ձկնային ռեսուրսները, ինչպես նաև՝ տեղի ձկնորսության ավանդական մեթոդները։ Նա ուսումնասիրել է ձկների սննդային արժեքները՝ տեղի բնակչության սպիտակուցային անբավարարությունը հաղթահարելու նպատակով։ Նրա գիտական խորհուրդները կոչված էին ձկների վերարտադրության համար՝ բավարար ձկնային ռեսուրսները պահպանելուն և ձկնորսության վայրի մեթոդները կանխելուն[8]։

Ֆրանսիական հաստատությունների աջակցությունն այլևս չի բավարարել Անիտա Կոնտիին, և նա ստեղծել է իր սեփական ընկերությունը Գվինեայում, Կոնակրիում, նպատակ ունենալով միշտ շարունակել իր հետազոտությունները, խթանել տեղական ձկնորսությունը և բարելավել բնակչության սննդակարգը։ Սակայն աճել են դժվարությունները, ուժգին փոթորիկները ոչնչացրել են նրա օբյեկտները, և 1950-ականներին Անիտա Կոնտին վերադարձել է Ֆրանսիա[5]։

1952 թվականին նա ուղևորվել է հնգամսյա ձկնորսության, Նյուֆաունդլենդ՝ համարելով, որ խիզախ են այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքը կատարում են տարերքի կատաղության մեջ։ Նա սպասարկել է սարքավորումները, մաքրել, տեսակավորել և աղ է դրել ձկները, այն մարդկանց հետ, ովքեր իրենց տներից հազարավոր մղոն հեռավորության վրա էին աշխատում։ 1952 թվականին Անիտան վերադառնում է Փարիզ։ Այստեղ նա պայմանագիր է կնքում հրատարակչի հետ, որը պատվիրում է նկարագրել Նյուֆաունդլենդի արդյունաբերական շրջանի պատմությունը[7]։

1953 թվականին նա հրատարակել է Racleurs d'Océans գիրքը, որտեղ ներկայացրել է Ֆեկամպ նավահանգստի Bois rose-ի ձկնորսական արշավը, իսկ 1957 թվականիին՝ «Տաք ծովերի հսկաները» (Géants des mers chaudes), որտեղ նա ներկայացրել է Աֆրիկայում իր փորձառությունը[9]։

1960 թվականին Անիտան առաջարկում է ծովային միջավայրի համալրման մեթոդներ։ Ադրիատիկի ափին նա ձուկ է աճեցնում վայրի բնության մեջ, սուզվող վանդակներում, իսկ Հյուսիսային ծովում՝ հիմնում է ակվակուլտուրայի ֆերմաներ։

1971 թվականին Անիտա Կոնտին հրապարակում է հետազոտություններ օվկիանոսի, կենդանիների և մարդու փոխազդեցության մասին։ Նա առաջարկում է մեթոդներ, որոնք կապահովեն օվկիանոսի վրա մարդու ազդեցության ընթացքում բալանսի պահպանմանը։ Բազմաթիվ համագումարների, կոնֆերանսների և ֆորումների ժամանակ Անիտա Կոնտին ելույթ է ունեցել ծովային աշխարհի պահպանման օգտին։ Նա Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում առաջին կին օվկիանոսագետն է։

Մահ խմբագրել

Անիտա Կոնտին մահացել է կյանքի 99-րդ տարում՝ 1997 թվականի դեկտեմբերի 25-ին, Քրիստոսի ծննդյան օրը, Ֆրանսիայի Դուարնենե քաղաքում[10]։ Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։

2019 թվականի մայիսի 17-ին Google Doodle -ը նշել է Անիտա Կոնտիի ծննդյան 120-ամյակը[11]։

Աշխատություններ խմբագրել

  • Տաք ծովերի հսկաները, Paris, 1957 ; éd. Payot & Rivages, 1997 (ISBN 2228890936) (ֆր.)
  • Օվկիանոսը կերտողները, Paris, 1993 ; éd. Payot & Rivages, 1998 (ISBN 2228895911) (ֆր.)
  • La ]route est si longue avant la nuit, Fécamp, 1996 (ֆր.)
  • Օվկիանոսները, կենդանիներն ու մարդը ou l'ivresse du risque, éd. Payot & Rivages, Paris, 1999 (ISBN 2228895970) (ֆր.)
  • Les terre-neuvas, éd. du Chêne, Paris, 2004 (ISBN 2842775422) (ֆր.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Anita CONTI née CARACOTCHIAN (1899-1997) Première française océanographe et halieute
  4. Georges Kévorkian Anita Conti : un regard sur la mer, AZAD magazine n° 146, 2, 2014, էջեր 26-27
  5. 5,0 5,1 5,2 5,3 Anita Conti|titre (1999), L'Océan, les bêtes et l'homme ou l'ivresse du risque|éditeur, խմբագիր՝ Payot, էջ 7
  6. Anita Conti (1899-1997), site IFREMER, 3 novembre 2009.
  7. 7,0 7,1 7,2 «Livre Géants des mers chaudes par Anita Conti - France Inter». archive.wikiwix.com (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
  8. Chapitre.com
  9. «Anita Conti, la dame de la mer (1899-1997)». France Culture (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  10. «Anita Conti est entrée dans la légende de Douarnenez». Le Telegramme (ֆրանսերեն). 1997 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  11. «Anita Conti's 120th Birthday». Google. 2019 թ․ մայիսի 17.

Գրականություն խմբագրել

  • «Ծովի տիկին» - Անիտա Կոնտի (1899-1997), photographe, éd. revue Noire en collaboration avec l'association "Cap sur Anita Conti", 1998 (ISBN 2-909571-35-1) (ֆր.)
  • Catherine Reverzy, Anita conti։ 20 000 Lieues sur les mers, Odile Jacob, 2006 (ISBN 2738117422) (ֆր.)

Արտաքին հղումներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Կոնտի» հոդվածին։