Անդրանիկ Բորիսի Դանոյան (ծնվ. է հունվարի 14 1966, Մարմարաշեն, ՀԽՍՀ), 1984 թվականին զորակոչվել է Սովետական բանակ և իր զինծառայությունն անց է կացրել Կամչատկայում՝ որպես փոխհրամանատար։ Զորացրվել է սերժանտի կոչմամբ։ 1990-ական թվականների սկզբից Երկրապահ-կամավորականների Մասիսի ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին՝ եղել Լաչինում, Երասխում, Մատաղիսում, Մարտունիում, Տոնաշենում, Հորադիսում և այլուր։ Պատերազմից հետո աջակցել է անկախ Հայաստանի բանակաշինության գործընթացին և զորացրվել փոխգնդապետի ուսադիրներով։ 2016թ.-ի ապրիլյան պատերազմը կրկին կանչեց նրան Արցախ և նա իր նախկին հրամանատարի՝ Մասիսի Սայադի և իր հին մարտական ընկերների հետ միասին կրկին կամավորագրվեց և համալրեց նորաստեղծ «Հայդուկ» ջոկատի շարքերը։ Ապրիլյան պատերազմի առաջին օրերից հաշված, մոտ 45 օր ու գիշեր եղավ Արցախյան առաջնագծում և կանգնեց մեր սահմանապահ առյուծ տղերքի կողքին։ Փոխգնդապետի կոչումն ու հարուստ մարտական անցյալը կրելով հանդերձ՝ երբեք չհպարտացավ, չգոռոզացավ և հարկ եղած դեպքում անգամ շարքայինների, դասալիքների և զինապարտ կամավորականների կողքին հավասարի պես մասնակցեց նաև հողաշինարարական-ինժեներական աշխատանքներին։ Երբեք չվախեցավ և չխուսափեց դժվարություններից, հոգատար վերաբերմունքն ու բարի ժպիտն էլ երբեք չհեռացան նրանից։