Անաստվածության հնգամյակ

Անաստվածության հնգամյակ, 1932 թվականին Եմելյան Յարոսլավսկու գլխավորությամբ Մարտնչող անաստվածների միության լոզունգը՝ ԽՍՀՄ-ում մինչև 1937 թվականի մայիսի 1-ը «Աստծո անունը մոռանալու» անհրաժեշտության մասին[1]։

«Անաստվածության հնգամյակ»-ի պրոպագանդա

«Անաստվածության հնգամյակի» մասին առաջին անգամ խոսք գնաց 1929 թվականի աշնանը[2], որն ուղղված էր ԽՍՀՄ-ում կրոնի ոչնչացմանը։ Չնայած տպագրվող հրատարակությունների պնդումներին առ այն, որ 1932 թվականի մայիսի 15-ին Ստալինն իբր ստորագրել է «անաստվածության հնգամյակի» մասին որոշում՝ կրոնն արմատախիլ անելու կոնկրետ խնդիրներով, նմանատիպ փաստաթղթի գոյությունը վկայող ոչ մի ապացույց չկա։ Կային միայն Հակակրոնական կոմիտեի ոչ պաշտոնական և ոչ մի տեղ չտպագրված ծրագրերն այն մասին, որ

1932-1933 թվականներին պետք է փակվեին բոլոր եկեղեցիները, աղոթատները, սինագոգները և մզկիթները, 1933-1934 թվականներին պետք է անհետանային բոլոր կրոնական ներկայացուցչությունները, 1934-1935 թվականներին երկիրը և նախևառաջ երիտասարդությանը պետք է համակեին հակակրոնական պրոպագանդայով, 1935-1936 թվականներին պետք է անհետանային վերջին աղոթատները և բոլոր հոգևորականները, իսկ 1936-1937 թվականներին՝ պահանջվում էր կրոնը դուրս մղել ամեն տեղից[3][4]։

Այնուամենայնիվ Խորհրդային միությունը ամեն ձև աջակցում էր աթեիստական շարժմանը, որը 1931 թվականին զեկուցում էր, որ երկրում գոյություն ուներ 3000 «անաստվածության բրիգադ»։ 1932 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցու և նրա սպասավորների հալածանքը նոր թափ ստացավ․ փակվեց 70 թեմ, ձերբակալվեց 40 արքեպիսկոպոս (մնաց միայն 4 արքեպիսկոպոս ազատության մեջ), փակվեց եկեղեցիների 95 %-ը, որոնք գործում էին դեռ 1920-ական թվականներին։

Չնայած հակակրոնական միջոցառումների արագացված ծրագրի՝ 1937 թվականի մարդահամարի ժամանակ իրենց ուղղափառ հավատացյալ անվանեցին քաղաքային բնակչության 1/3-ը և գյուղական բնակչության 2/3-ը, այսինքն՝ ԽՍՀՄ-ի բնակչության ավելի քան կեսը[5]։ Այլ տվյալներով՝ ԽՍՀՄ-ի 16 տարեկանից բարձր ոչ գրագետ 30 մլն բնակչության 84 %-ը (կամ 25 մլն-ը) խոստովանեց, որ հավատացյալ է, իսկ 68,5 մլն գրագետներից՝ 45 %-ը (կամ ավելի քան 30 մլն-ը)։

Չերկասի քաղաքում մահացած եկեղեցական գործիչների և եկեղեցական ճարտարապետական հուշարձանների ոչնչացման հիշատակին կանգնեցվեց Ավերված տաճարների հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Стецовский Ю. И. "История советских репрессий", Том 2. Гласность, 1997. ISBN 9785884450110. Стр. 85.
  2. БЕЗБОЖНАЯ ПЯТИЛЕТКА, Православная энциклопедия. Том IV. — М.: Церковно-научный центр «Православная энциклопедия», 2002. — С. 443-444. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-009-9
  3. Фирсов С. Л. Была ли безбожная пятилетка? // Независимая газета: НГ-религии, 2002, 30 октября.
  4. Этапы приведены по реконструкции, выполненной ленинградским профессором С. Н. Савельевым.
  5. Валентин Семёнов Религиозность в России и Петербурге // «Русская народная линия», 18.12.2009