Այնթապի հայրենակցական միություններ

Այնթապի հայրենակցական միություններ 1915 թվականի հունիսի 20-ին Բոստոնում (ԱՄՆ) հիմնադրվել է այնթապահայերի առաջին՝ «Այնթապի ամերիկահայոց ուսումնասիրաց միություն»–ը, որի նպատակն էր օգնել Այնթապի որբ և աղքատ մանուկների դաստիարակության և կրթության գործին։ 1920 թվականին Միությունը կազմակերպեց հանգանակություն Այնթապի ինքնապաշտպանության կարիքների համար։ 1921 թվականից օգնել է Սիրիա, Լիբանան և այլուր ապաստանած տարագիր հայրենակիցներին։ 1924 թվականի մարտ-մայիս ամիսներին մասնաճյուղեր հիմնվեցին Նյու Յորքում, Չիկագոյում, Տրոյում։ 1924 թվականի օգոստոսի 17-ին Բոստոնում հրավիրեց բոլոր մասնաճյուղերի պատգամավորական ժողով, որը «Ուսումնասիրաց»–ը վերակազմեց «Ամերիկաբնակ այնթապցիների միության» (Այնթապի հայրենակցական միություններ) և ընտրեց վարչություն (5 հոգուց), որի գլխավոր խնդիրն էր՝ Միության շուրջը համախմբել այնթապցիներին, նյութական օգնություն ցույց տալ կարիքավորներին և ավելացնել կրթական նպատակներին հատկացվող միջոցները։

Մասնճյուղեր խմբագրել

1924 թվականի դեկտեմբերին կազմվեցին Ֆիլադելֆիայի, 1925 թվականին՝ Դետրոյտի մասնաճյուղերը։ 1928 թվականի վերջերին Միությանը միացան Լոս Անջելեսի Այնթապի որբախնամ ընկերությունը (գոյություն ուներ 1920 թվականից), 1945 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Այնթապցիների ազգային միությունը (ստեղծված 1935 թվականի մայիսի 12-ին, Բոստոնում), որը մասնաճյուղեր ուներ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։ Այնթապցիների ազգային միությունը սփյուռքի ամենազանգվածային հայրենակցական միություններից է և ԱՄՆ-ից դուրս ունի խորհրդատու մարմին Սիրիայում։ Այնթապի հայրենակցական միություններ կան նաև Լիբանանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում։

Վարչություն խմբագրել

Այնթապցիների հայրենակցական միության կենտրոնական վարչությունը ընտրվում է տարեկան պատգամավորական ժողովում և 2 տարուց ավելի չի կարող մնալ նույն վայրում։ Այնթապի հայրենակցական միություններին մասնակցել են համագաղութային ձեռնարկումներին, խրախուսել և գլխավորել մեծ թվով այնթապցիների ներգաղթը Աովետական Հայաստան։ Նրանք սերտ կապ են պահպանում Սովետական Հայաստանի հետ։ Հայկական ԽՍՀ Գերագույն սովետը, ընդառաջ գնալով Այնթապի հայրենակցական միությունների և Սովետական Հայաստանում ապրող այնթապցիների խնդրանքին, 1970 թվականի սեպտեմբերին Մասիսի շրջանի Թազագյուղ գյուղը վերանվանեց Այնթապ։ 1960 թվականից հրատարակվում է «Հայ Անթեպ» (1970 թվականից «Նոր Այնթապ») պարբերականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 347