Ամրակից

գյուղ Հայաստանի Լոռու մարզում

Ամրակից, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում[1]։

Գյուղ
Ամրակից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Գյուղ Գյուլագարակ համայնք[1]
ԳյուղապետԱրթուր Ներկարարյան
Հիմնադրված է1840-ական թթ. թ.
Այլ անվանումներԿիրովո, Նիկոլաևկա, Նովոնիկոլաևկա
Մակերես12.148 կմ²
ԲԾՄ1380 մ
Պաշտոնական լեզուՀայերեն, Ռուսերեն
Բնակչություն522[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Ռուսներ, Ուկրաինացիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի, Ռուս ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականունամրակիցեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/475/ (հայ.)
Ամրակից (Հայաստան)##
Ամրակից (Հայաստան)

Գտնվում է Ստեփանավան քաղաքից 2 կմ արևելք։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից կազմում է 30 կմ։ Գյուղը հիմնադրվել է 1840-ական թթ. պատմական Ամրակ (Ամրակից) գյուղի տեղում[3]։ Հիմնադրումից հետո կրել է Նիկոլաևկա կամ Նովոնիկոլաևկա անվանումները, 1938 թվականին վերանվանվել Կիրով[3], 1991 թվականին՝ Ամրակից[4]։

Գյուղը գտնվում է Ձորագետի աջափնյակում` Բազումի լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջին` բլրապատ հարթավայրում՝ ծովի մակարդակից 1380 մ բարձրության վրա։ Գյուղում կա քարաշեն եկեղեցի։

2017 թվականին այն ներառվել է Գյուլագարակ խոշորացված համայնքի մեջ։ Համարվում է, որ Ամրակիցը հիմնադրվել է 1840-ական թթ., չնայած այստեղ ավելի հին պատմական կառույցներ կան, օրինակ՝ 13-րդ դարի եկեղեցիներ, 13-18-րդ դարերի գերեզմանոց, մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտ, ինչպես նաև միջնադարյան Ամրակ (Ամրակից) գյուղատեղին, որի անունն էլ կրում է ներկա բնակավայրը։

Ամրակիցը մինչև 1960-ականները ռուսական գյուղ էր, սակայն այդ տարիներին այստեղ սկսել են հայեր հաստատվել, որոնց թիվը կտրուկ աճել է 1988-ի երկրաշարժից հետո։ Հայերը եկել են տարբեր վայրերից, այդ թվում՝ Ստեփանավանից, Երևանից, մի մասն էլ (35-40 %) գաղթել է Ադրբեջանից։

1970-ականներին Ամրակիցում նաև ադրբեջանցիներ էին ապրում, որոնք հետագայում հեռացել են, իսկ ռուսների թիվն սկսել է նվազել երկրաշարժից հետո, նրանք տեղափոխվել են հատկապես Ստավրոպոլի ու Կրասնոդարի երկրամասեր։ Այսօր շուրջ 600 բնակիչ ունեցող Ամրակիցում միայն 15-20 ռուս է ապրում, մյուսները հայեր են։

Կլիմա խմբագրել

Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Շրջակայքում կան անտառներ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ամրակիցի մշտական բնակչությունը կազմել է 522, առկա բնակչությունը՝ 450 մարդ[2]։ Նախկինում եղել է ամբողջությամբ ռուսաբնակ[5], այժմ հիմնականում հայաբնակ է։

Ամրակիցի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1873 1897 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 289 413 611 589 520 495 407 675 522[2]

Գյուղատնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (428 հա), ինչպես նաև խոտհարքները (137 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 46 և 371 հեկտար։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Հասարակական կառույցներ խմբագրել

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ և կապի հանգույց։ 2013 թ.-ի դրությամբ համայնքում գործում են 1 վերամշակող և 1 էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններ[6]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Գյուլագարակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 149 — 992 էջ։
  4. 4,0 4,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 17» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Ամրակից». Վերցված է 2013 Նոյեմբերի 22-ին.

3.https://peoplemedia.am/surb-nikolay-hrashagorc-ekexeci-haykakan-gyuxi-rusakan-ekexecin Արխիվացված 2020-10-18 Wayback Machine