Ամսաթվի փոփոխման գիծ, բևեռից բևեռ ձգվող պայմանական գիծ Երկրի մակերևույթի վրա, որի տարբեր կողմերում տեղական ժամանակը տարբերվում է մեկ օրով (կամ համարյա մեկ օրով)։ Այսինքն՝ գծի տարբեր կողմերում ժամացույցները ցույց են տալիս օրվա համարյա նույն ժամը (հնարավոր է մեկից երեք ժամ տարբերություն ժամային գոտիների տեղաշարժի հետևանքով), սակայն գծի արևմտյան կողմում ամսաթիվը տեղաշարժված է մեկ օր առաջ՝ արևելյանի համեմատությամբ։ Դա կարելի է բացատրել հետևալ կերպ․ եթե ամսաթվի փոփոխման գծի վրա տվյալ պահին կեսգիշեր է, ապա նրա հակառակ կողմում՝ Գրինվիչի միջօրեականի վրա այդ պահին կեսօր է, դրա հետ մեկտեղ ամսաթվի փոփոխման գծից արևելք օրերը սկսվում են, իսկ նրանից դեպի արևմուտք այդ նույն օրերն արդեն ավարտվում են։

Սև գիծը ցույց է տալիս ամսաթվի փոփոխությունը, իսկ կարմիրը՝ ժամային գոտիների սահմանը

Ամսաթվի փոփոխման գիծը հիմնականում համընկնում է օվկիանոսով անցնող 180 ° միջօրեականի հետ, բայց որոշ տեղերում նկատելիորեն թեքվում է նրանից։ Չկա որևէ միջազգային համաձայնություն ամսաթվի փոփոխման գծի վերաբերյալ, իրենց տարածքների և կից ջրային տարածքների տեղական ժամանակը որոշվում է պետությունների կողմից։

Ամսաթվի փոփոխման գիծն այստեղ անցնում է Դիոմիդա կղզիների միջով։ Կրուզենշտերն (ԱՄՆ, ձախից) կղզու վրա օրերի մեծ մասի տեղական ժամանակը համընկնում է Ռատմանով կղզու (Ռուսաստան, աջից) ժամանակի հետ

Ամսաթվի փոփոխման գիծը, բացի Անտարկտիդայից, այլ ցամամքային տարածքներով չի անցնում, չնայած կան դեպքեր, երբ այն ընկած է իրար մոտ գտնվող կղզիների միջև, օրինակ՝ Դիոմիդի կղզիների միջև, որոնք իրարից գտնվում են ընդամենը 4 կմ հեռավորության վրա։ Ամսաթվի փոփոխման գծի հյուսիսային մասն սկսվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից, արևելքից շրջանցում է Ռուսասատանի Դաշնության արևելյան տարածքները, Բերինգի նեղուցով մտնում է Խաղաղ օվկիանոս, ավելի հարավ անցնում է 180° միջօրեականի արևմտյան կողմը՝ իրենից արևելք թողնելով Ալեուտյան կղզիները, որից հետո նորից անցնում է 180 ° միջօրեականով։ Այնուհետև գիծն անցնում է Խաղաղ օվկիանոսով մինչև Անտարկտիդա՝ մեկ անգամ ևս մեծ շեղում կատարելով Օվկիանիայում՝ դեպի արևելք (Կիրիբաթի և ուրիշներ)։

Այս տարածքի վերաբերյալ կարելի է նշել, որ Խաղաղ օվկիանոսով նավարկող նավը կարող է անտեսել մոտակա կղզիների տեղական ժամանակը (եթե այն չի մտնում նրանց նավահանգիստ) և ամսաթվի փոփոխություն կատարել 180 ° միջօրեականի վրա։

Ամսաթվի փոփոխման գիծը արևելքից արևմուտք հատելուց հետո պետք է օրացույցի թիվը մեկով ավելավնել, իսկ արևմուտքից արևելք անցնելու դեպքում, ընդհակառակը՝ մեկով պակասեցնել։Ամսաթվի փոփոխությունը պետք է իրականացվի միայն տեղական ժամանակի որևէ ձևի կիրառմամբ։ Այս փաստի չգիտակցումը հանգեցնում է «պարադոքսների»՝ երկիրը բևեռով շրջանցելու և Երկրի ուղեծրով շարժվելու դեպքում։

Գտնված օր խմբագրել

«Աշխարհի շուրջը 80 օրում» վեպում Ֆիլեաս Ֆոգը սկզբում մտածում էր, որ տանուլ է տվել գրավը՝ ժամանելով Լոնդոն ժամկետից մեկ օր ուշ, իսկ իրականում նրա պահուստում կար ևս մեկ օր, քանի որ նա հատել էր ամսաթվի փոփոխման գիծը Ասիայից դեպի Ամերիկա ճանապարհին։

Գծի տեղաշարժ խմբագրել

Մինչև 1844 թվականը Ֆիլիպիններում օրերը հաշվարկելիս առաջնորդվում էին «ամերիկյան հաշվարկով», այդ ժամանակ Սուլավեսի կղզում, որն ընկած էր նույն երկայնության վրա՝ պահպանվում էր «ասիական ամսաթիվը»։

Այն բանից հետո, երբ 1867 թվականին Ռուսական կայսրությունը վաճառեց Ալյասկան ԱՄՆ֊ին, օրերն այստեղ տեղափոխվեցին մեկ օր առաջ՝ ԱՄՆ֊ի հետ համապատասխանեցնելու նպատակով (նախկինում դրանք համապատասխանում էին ռուսականին)։ Հենց այդ օրը մտցվեց ԱՄՆ֊ում գործող Գրիգորյան օրացույցը, և ժամանակը համապատասխանեցվեց ԱՄՆ֊ի արևմտյան ափերի ժամանակի հետ, արդյունքում ամսաթիվը տեղափոխվեց 11 օր առաջ (+12 օր տարբերությունը Հուլյան և Գրիգորյան օրացույցների միջև 19-րդ դարում, -1 օր՝ կապված ամսաթվի փոփոխման գծից արևելք տարածք մուտք գործելու հետ), և շաբաթը դարձավ ուրբաթ (ամսաթվի փոփոխման գծի տեղափոխման հետ կապված)[1][2]։

1892 թվականին Սամոայի արքայի կողմից ընդունվեց որոշում ամսաթվի փոփոխման գծի նկատմամբ արևելք անցնելու վերաբերյալ, որի արդյունքում տեղի բնակիչները անընդմեջ երկու հուլիսի 4 անցկացրին։ Դա արվեց ԱՄՆ֊ի հետ ծովային առևտրի հարմարության պատճառով[3].

Գծի մեծ շեղում հասարակածային մասից արևելք կատարվեց 1995 թվականին, երբ Կիրիբատի Հանրապետության կառավարությունը որոշեց Լայն կղզիները առանձնացնել նոր ժամային գոտու մեջ (UTC +14)։ Արդյունքում Լայն կղզիներում նույն ժամային գոտին է, ինչ-որ Հավայիում, բայց մեկ օր առաջ, և այդ կղզիների բնակիչները աշխարհում առաջինն են դիմավորում նոր օրը։ Ամսաթվի փոփոխման գծի հիմնական պատճառը դարձավ այն, որ Կիրիբաթին բաժանված էր երկու ժամային գոտիների, որոնցում օրերի ժամերը հիմնականում չէին համընկնում, օրինակ՝ երկրի արևելյան մասում (UTC +14 ժամային գոտում) մայիսի 9֊ն էր, իսկ արևմտյան մասում (UTC +12)՝ արդեն մայիսի 10֊ը։ Դրա հետ մեկտեղ, Կիրիբաթիի կառավարությունը երկրի նախագահ Տեբուրորո Տիտոյի գլխավորությամբ մեծ հույսեր էր կապել որոշակի օգուտներ քաղել դրանից շատ աղքատ միկրոնեզիական երկրի համար։ Բայց դա մեծ դժգոհություն առաջացրեց Տոնգայի և նորզելանդական Չատեմ կղզիների կողմից, որոնք պնդում էին, որ նոր հազարամյակում առաջինը իրենք պետք է դիմավորեն արևածագը։

2011 թվականին Սամոայի իշխանությունները որոշում ընդունեցին որոշում՝ նորից անցնել ամսաթվի փոփոխման գծի արևմտյան կողմը։ Դրա պատճառը Սամոայի սերտ տնտեսական կապերն էին Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ասիա֊Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրների հետ, որոնց հետ համեմատած, ժամանակը տարբերվում էր համարյա մեկ օրով։ Անցման համար 2011 թվականի դեկտեմբերի 30֊ը բաց է թողնվել, և դեկտեմբերի 29֊ից հետո անմիջապես դարձել է դեկտեմբերի 31֊ը։ Նմանատիպ անցում կատարվել է նաև Նոր Զելանդիայից կախում ունեցող Տոկելաուում, քանի որ Տոկելաուի վարչական կառույցները տեղակայված են Սամոայի մայրաքաղաք Ապիայում[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alaska: … The transfer of territory from Russia to the United States, Executive document 125 in Executive documents printed by order of the House of Representatives during the second session of the fortieth Congress, 1867-'68, vol. 11, Washington: 1868.
  2. Charles Sumner, The cession of Russian America to the United States in The Works of Charles Sumner, vol. 11, Boston: 1875, pp. 181—349, p. 348.
  3. 3,0 3,1 Государство Самоа совершит прыжок в будущее, изменив часовой пояс
  4. Власти государства Самоа вычеркнули пятницу из календаря

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամսաթվի փոփոխման գիծ» հոդվածին։