Ամպլուա, (ֆր.՝ emploi - կիրառում, պաշտոն), նույնատիպ դերեր, որոնց կատարման համար պահանջվում են դերասանի որոշակի խառնվածք և մասնագիտացում։ Ամպլուա սաղմնավորվել է անտիկ և միջնադարյան թատրոնում։ Իտալական Կոմեդիա դելլ՝ արտեն դերասանի մասնագիտացումը հասցրեց մեկ հաստատուն տիպի դերեր (Առլեկին, Պանտալոնե և այլն) կատարելու աստիճանին։ Գործող անձերի որոշակի հասարակական դրությամբ և կերպարների հստակ դասդասումով կայուն ամպլուաներ (արքաներ, բռնակալներ, հայրեր, սիրահարներ և այլն) ստեղծեց 17-րդ դարի ֆրանսիական կլասիցիստական թատրոնը։ Այս ամպլուաների փոփոխակները մտան 18-րդ դարի եվրոպական մյուս երկրների թատրոնները։ Հայաստանում նույնպես ամպլուաները սաղմնավորվել են շատ վաղ (ողբերգու գուսան, կատակագուսան, միմոս, ծաղրածու, այլաբանական, խորհրդանշային կերպարներ ու դիմակներ և այլն)։ Նախախորհրդային ինչպես ռուս, այնպես Էլ հայ թատրոնում կային բազմաթիվ ամպլուաներ (առաջին սիրահար, կատակերգակ, հակառակորդ, բարոյախոս, պճնամոլ, սուբրետ, ինժենյու, տրավեստի ևն)։ Թատերարվեստի զարգացման որոշակի փուլերում Ա. նպաստեց դերասանի պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը։ Սակայն, ժամանակի ընթացքում, ամպլուաների համակարգը առաջ բերեց կատարողական ստանդարտներ, շտամպներ։ 19-րդ դարի վերջին ամպլուաի դեմ պայքար ծավալեցին եվրոպական, ռուսական, ինչպես և հայ թատրոնի խոշոր գործիչները՝ նպաստելով ռեալիստական դրամատուրգիայի և խաղաոճի, անսամբլային բեմարվեստի զարգացմանը։ Սովետական թատրոնը չի ընդունում ամպլուաները և ձգտում է դաստիարակել ստեղծագործական լայն ընդգրկումի դերասաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 330
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպլուա» հոդվածին։