Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամառ (այլ կիրառումներ)

Ամառ, տարվա չորս եղանակներից մեկն է, գտնվում է գարնան և աշնան միջև։ Ամառը բնութագրվում է առավելագույն օդի ջերմաստիճանով։ Հյուսիսային կիսագնդում տևում է ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբերի 23), Հարավային կիսագնդում՝ ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21)։ Ամիսներն են՝ հունիս, հուլիս, օգոստոս։ Հարավային կիսագնդում դրանք ձմռան ամիսներ են։ Ցերեկվա տևողության ավելացման՝ մինչև 15 ժամ Հայաստանում, և կեսօրին Արեգակի՝ հորիզոնից ունեցած բարձր դիրքի՝ 73°30՝ (հունիսի 22-ին) հետևանքով օդի ջերմաստիճանը ամռանը բարձրանում է առավելագույնը 42 °C (Արարատյան դաշտ), հարաբերական խոնավությունը հաճախ իջնում է 30 %-ից։ Ըստ 1961-1990 թթ. նորմայի, Հայաստանում ամառը ամենից վաղ սկսվում է Սյունիքի հովիտներում՝ ապրիլի 25-ից և տևում մինչև հոկտեմբերի 16-ը (173 օր), Արարատյան դաշտում համապատասխանաբար՝ մայիսի 1-5֊ից հոկտեմբերի 4-10֊ը (155-160 օր), Սևանում, ինչպես նաև Հայաստանի լեռնային շրջաններում՝ հուլիսի 5-10-ից օգոստոսի 25-27֊ը (45-50 օր)։ Ըստ բարձրության՝ շոգ օրերի թիվը նվազում է, քանի որ ջերմաստիճանը ավելի բարձրադիր գոտում ավելի ցուրտ է. նախալեռներում ամառն Արարատյան դաշտում համեմատաբար մեղմ է, բարձրլեռնային գոտում՝ զով, կարճատև։ Ամռան առաջին կեսին Հայաստանի տարածքը գտնվում է ցիկլոնների ազդեցության տակ, որոնցով և պայմանավորված են տեղումները, երկրորդ կեսին գերիշխում են արևադարձային չոր օդային զանգվածները, աշխուժանում են լեռնահովտային քամիները և մթնոլորտի վերընթաց հոսանքները, որի հետևանքով լինում են ամպրոպներ, երբեմն էլ կարկուտ, հաճախակի են խորշակները։ Ամռան ամիսներին են կատարվում խոտհարքը, հացահատիկի բերքահավաքը, հասնում են պտուղները։ Հին հայկական նշանավոր տոներից մեկը՝ Նավասարդը, տոնում էին օգոստոսի 11-ին, որը համարվում էր նաև Նոր տարվա սկիզբը։

Ամառ

Օրացուցային ամառ խմբագրել

Կազմված է երեք ամիսներից՝ Հյուսիսային կիսագնդում՝ հունիս, հուլիս և օգոստոս, իսկ Հարավայինում՝ դեկտեմբեր, հունվար և փետրվար։

Կերպարվեստում խմբագրել

  Ընթերցե՛ք «ամառ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 273