Աղավնաբազե
Աղավնաբազե (արու)
Աղավնաբազե (արու)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Neoaves
Կարգ Բազեանմաններ (Falconiformes)
Ընտանիք Բազեներ (Falconidae)
Ենթաընտանիք Falconinae
Ցեղ Բազե (Falco)
Տեսակ Աղավնաբազե (F. columbarius)
Միջազգային անվանում
Falco columbarius
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Աղավնաբազե (լատին․՝ Falco columbarius), բազեների ընտանիքի հազվագյուտ, չվող-ձմեռող թռչուն։ Գրանցված է ՀՀ Կամիր գրքում։

Falco columbarius subaesalon

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 23-30 սմ է, թևերի բացվածքը՝ 50-62 սմ, կենդանի զանգվածը՝ 160-250 գ։ Էգը խոշոր է արուից։ Արուի փետրածածկը վերևից բաց կապտամոխրագույն է, առաջնային փետուրները՝ մուգ, ներքևից՝ բաց նարնջագույն՝ սև խայտերով։ Էգը վերևից դարչնամոխրագույն է, պոչը՝ շերտավոր։ Թևերը համեմատաբար կարճ են, ծայրը՝ սուր, ներքևից՝ զոլերով, պոչի հիմքը՝ մոխրագույն։

Կենսակերպ խմբագրել

Ճարպիկ է, թռչում է թևերի արագ թափահարումներով, գետնից ոչ բարձր։ Անակնկալի է բերում զոհին կամ հետապնդում նրան անզիջում։ Բնակվում է բաց տարածքներում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է մանր թռչուններով, մկնակերպ կրծողներով, խոշոր միջատներով։

Չու խմբագրել

ՀՀ տարածքում հայտնվում է սեպտեմբեր-հոկտեմբերին, չվում է ապրիլին։ Բնադրում է այլ թռչունների հին բներում։ Ձվադրում է մայիսի երկրորդ կեսին։ Օգտակար է։ Չի գնահատվում որպես որսորդ թռչուն, սակայն մեծ է նրա դերը սարյակներից ու ճնճղուկներից խաղողի և այլ այգիների պաշտպանության գործում։ Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռների թռիչքից մի քանի րոպե առաջ օդանավակայանի տարածք է բաց թողնվում վարժեցված աղավնաբազե, որից ահաբեկված թռչունները թաքնվում են (կանխվում է բախումը ինքնաթիռին) և անվտանգ պայմաններ են ստեղծվում թռիչքի համար։

Տարածվածություն խմբագրել

Ենթատեսակը տարածված է Հյուսիսային Եվրոպայից դեպի արևելք՝ մինչև Կենտրոնական Սիբիր։ Առավելապես չվահյուր է Երևանի շրջակայքում և Հրազդանի շրջանում, նաև ձմեռող տեսակ է[1]։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ, անհետացող, սակավաթիվ և քիչ ուսումնասիրված, Հայաստանում՝ չվահյուր և ձմեռող տեսակ է, որն ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է տվյալների անբավարարություն կատեգորիայով։

Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն, սակայն հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ։

Վտանգման հիմնական գործոնները բավարար ուսումնասիրված չեն, սակայն վտանգ է ներկայացնում որսագողությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում որսորդական թռչունների վաճառքով զբաղվողների գործունեությունը, որը բներից ձագերին հանելու և հասուն թռչուններին բռնելու վտանգ է ներկայացնում[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնաբազե» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնաբազե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։