Ակապուլկո (իսպ.՝ Acapulco de Juarez), նավահանգստային քաղաք և զբոսաշրջային կենտրոն Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին` Գեռերո նահանգում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Մեխիկոյից 300 կմ հարավ-արևմուտք։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 673.479 մարդ։ Քաղաքի անունը ացտեկների լեզվից թարգմանվում է ácatl - եղեգ, poloa - ոչնչացնել, co - տեղ, այսինքն` եղեգը ոչնչացնելու տեղ[2]։ Կանկունի հետ Ակապուլկոն համարվում է երկրի ամենահին և ամենահայտնի ծովափնյա քաղաքներից մեկը։ 1950-ական թվականներին եղել է հոլիվուդյան դերասանների և միլիոնատերերի հանգստյան ամենասիրելի վայրերից մեկը։ Ներկայումս մեքիկացիների շրջանում մեծ հեղինակություն ունեցող հանգստավայրերից է, որը հայտնի է իր գիշերային կյանքով։ Հիանալի ձև ունեցող ծովախորշի շնորհիվ այն շատ հարմար է նավերի կայանման համար։ Ակապուլկոն կարևոր նավահանգիստ է գաղութային Մեքսիկայի պատմության մեջ։

Բնակավայր
Ակապուլկո
իսպ.՝ Acapulco de Juárez
Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է1520 թ.
Մակերես1880,6 կմ²
ԲԾՄ30±1 մետր, 18 մետր
Պաշտոնական լեզուիսպաներեն
Բնակչություն673 478 մարդ (2010)[1]
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ744
Փոստային դասիչ39300–39937
Պաշտոնական կայքacapulco.gob.mx
Ակապուլկո (Մեքսիկա)##
Ակապուլկո (Մեքսիկա)

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ եվրոպացիները Ակապուլկոյի շրջանում են հիմնավորվել 1531 թվականին։ Ֆիլիպինների հետ առևտրի շնորհիվ` 15-րդ դարի կեսերին Ակապուլկոն դարձել է Նոր Իսպանիայի` կարևորությամբ երկրորդ քաղաքը Վերակրուսից հետո։ 1573 թվականին Ակապուլկոն ստացել է Մանիլայի հետ առևտրի մենաշնորհ։ Անգլիական և հոլանդական ծովահեններից պաշտպանվելու համար կառուցվել է Սան-Դիեգո ամրոցը, ինչը, սակայն, չի խանգարել հոլանդացիներին 1615 թվականին թալանելու քաղաքը։

Զբոսաշրջություն խմբագրել

Ակապուլկոն Մեքսիկայի ամենահին և հանրաճանաչ նավահանգստային քաղաքներից է[3]։ Այն ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկների է գրավում իր ձյունաճերմակ ափերով, բարենպաստ եղանակով, գիշերային կյանքով և հեքիաթային գեղեցկությամբ ծովախորշով (այն աշխարհի ամենագեղեցիկ չորս ծովածոցերից մեկն է)։ Որպես առողջարան` Ակապուլկոն մեծ համբավ է ձեռք բերել 1950-ական թվականներին` դառնալով ամերիկացի մեծահարուստների և հոլիվուդյան աստղերի սիրած հանգստավայրը։ Ներկայումս, երբ հանգստացողների այդ ալիքը նվազել է, Ակապուլկոն հանրամատչելի հանգստավայր է դարձել, որի նախկին փառքի մասին հիշեցնում են նշանավոր մարդկանց ձեռքերի հետքերը` թողնված այսպես կոչված «Փառքի պատին»։

Կլիմա խմբագրել

Ակապուլկոյի կլիման ամբողջ տարվա կտրվածքով համաչափ է. միջին ջերմաստիճանը 26-28°С է, բացարձակ նվազագույն ջերմաստիճանը +11 °C է, առավելագույնը` +41 °C: Նոյեմբեր-մայիս ամիսներին տեղումներ գրեթե չեն լինում։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ակապուլկո
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 36 36 38 37 41 37 38 37 37 37 37 41 41
միջին առավելագույնը (°C) 31 31 31 32 32 33 32 33 32 32 32 31 31
միջին նվազագույնը (°C) 22 22 22 23 25 25 25 25 24 24 23 22 24
բացարձակ նվազագույնը (°C) 11 18 18 18 20 21 21 25 20 21 19 11 11
տեղումների քանակը (մմ) 6 1 0 1 36 281 256 252 349 159 28 8 1377
Աղբյուր՝ [1] (ռուսերեն)

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Մայր տաճար` մոդեռն ոճով
  • Պապագայո ազգային պարկ
  • Խաղաղության մատուռ
  • Հնագիտության թանգարան
  • Սան-Դիեգո ամրոց

Տնտեսություն խմբագրել

Զբոսաշրջությունը քաղաքի տնտեսության առանցքային ճյուղն է։ Բնակչության 73 %-ը զբաղված է զբոսաշրջության հետ կապված առևտրով, 20 %-ը` հանածոների արդյունաբերությամբ և մշակմամբ, 5 %-ը` գյուղատնտեսությամբ։ Արդյունաբերությունն ուղղված է կաթնամթերքի, ցեմենտի և էներգետիկայի արտադրությանը։ Ակապուլկոյում հիմնականում մշակում են լոլիկ, եգիպտացորեն, ոլոռ, կանաչ չիլի պղպեղ, նաև ձմերուկ։

Տրանսպորտ խմբագրել

Ամերիկյան շատ ավիաընկերություններ Ակապուլկո են թռչում ողջ տարին։ Քաղաքն ունի ավտոբուսային և տաքսու զարգացած համակարգ, սակայն տեղաբնակների մեծամասնությունը չի օգտվում հասարակական տրանսպորտից։

Տրանսպորտի ամենաէժան տեսակը ավտոբուսն է։ Զբոսաշրջիկների համար քաղաքային իշխանությունները թողարկել են դեղին ավտոբուսներ` «Ակապուլկո» մակագրությամբ։ Դրանք քաղաքի ամենագեղեցիկ և հարամարավետ ավտոբուսներն են, որոնք ընթանում են ափի երկայնքով։ Կան նաև ավտոբուսներ, որոնք ընթանում են հատուկ ուղղություններով, որոնք նշված են դիմապակուն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակապուլկո» հոդվածին։