Ալեքսեյ Կարասյով
Ալեքսեյ Ալեքսեևիչ Կարասյով (ռուս.՝ Алексей Алексеевич Карасёв, փետրվարի 2, 1834, Օստրովսկայա, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1913) , ռուս գրող, լրագրող, փաստաբան։
Ալեքսեյ Կարասյով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1834 |
Ծննդավայր | Օստրովսկայա, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 22, 1913 (79 տարեկան) |
Մասնագիտություն | գրող, լրագրող և փաստաբան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Ժանրեր | արձակ |
Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
Կենսագրություն խմբագրել
Ալեքսեյ Կարասյովը ծնվել է 1834 թվականի փետրվարի 2-ին Օստրովսկայա ստանիցայում, մանկությունն անցկացրել է ծնողների տանը Ուստ-Մեդվեդիցկայա ստանիցայում[1]։ Սովորել է ծխական և տեղական շրջանային ուսումնարանում, այնուհետև Նովոչերկասկի գիմնազիայում[1]։ Ուսումնառության ընթացքում սկսել է ստեղծագործել բանաստեղծություն և արձակ։
Ընդունվել է Վ. Կարազինի անվան Խարկովի ազգային համալսարան, սովորել իրավաբանական ֆակուլտետում։ Ղրիմի պատերազմի տարիներին գրել է հայրենասիրական պիես, որը բեմադրվել է Խարկովի թատրոնում[1]։ Խարկովի համալսարանն ավարտելուց հետո մեկնում է Նովոչերկասկ, որտեղ աշխատում է գյուղացիների կենցաղի բարելավման հանձնաժողովում. պարգևատրվել է արծաթե մեդալով[1]։
Այնուհետև աշխատել է գյուղացիական գործերով զորական քարտուղարի ներկայացուցիչ[1]։
1869 թվականից Ալեքսեյ Կարասյովը զբաղվելէ իրավաբանական գործունեությամբ, աշխատում է զորական քաղաքացիական դատարանում, երկու տարի անց ընտրվել է Չերկասկի շրջանի հաշտարար դատավոր։ Հետագայում շրջանային դատարանում 15 տարի շարունակ աշխատել է երդվյալ հավատարմատար (փաստաբան)։ Այնուհետև Ալեքսեյ Ալեքսեևիչը զբաղվել է լրագրողական գործունեությամբ[1]։
Ալեքսեյ Կարասյովը եղել է Դոնի երկրամասի «Դոնի տեղեկագիր» (1866-1869) և «Դոնի լրագիր» (1873-1879) մասնավոր թերթերի առաջին խմբագիր հրատարակիչը[2]։ Կարասյովը համարվում է Դոնի պատմության և ժամանակակից կյանքի մասին հոդվածների հեղինակ, որոնք հրատարակվել են Դոնի մարզային վիճակագրական կոմիտեի աշխատություններում և ժողովածուներում, «Պատմական տեղեկագիր», «Ռուսական արխիվ» ամսագրերում, «Նոր ժամանակ», «Ռուսական հաշմանդամ», «Ձայն», «Ս.-Պետերբուրգյան տեղեկագիր» և այլ թերթերում[2]։
Ալեքսեյ Կարասյովը գրել է ակնարկներ գավառագիտական թեմաներով, այդ թվում` «Դոնի-Ռոստով», «Ատաման Ստեպան Դանիլովիչ Եֆրեմով», «Դոնի ատամանները անցած կես դարում», «Դոնի գյուղացիները», «Վասիլի Դմիտրիևիչ Սուխոռուկով», «Բանաստեղծ Ժուկովսկին Նովոչերկասսկում», «Ատաման Խոմուտով և իշխան Դոնդուկով Կորսակով», «Կարասևների ազգանունը» և այլն[2]։ Պատմական թեմայով նրա աշխատություններից են` «Խռովություններ Դոնում 1862-1863 թվականներին», «Ատաման Եֆրեմով», «Գնդապետ Գրուզինով», «Չեռնիշևը Դոնում», «Երկու դիակ», «Դոնի հոգեվարքի խոսքը» և այլն, որոնք հրապարակվել են «Ռուսական արխիվում», «Ռուսական հնությունում», «Պետերբուրգյան տեղեկագրերում», «Կազակական զորքերի տեղեկագրում»[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Карасёв Алексей Алексеевич
- ↑ 2,0 2,1 2,2 «Донская электронная библиотека. Карасёв Алексей Алексеевич (1834-1913)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.