Ալեքսանդր Սենին

կազակ, ռուս սպա

Ալեքսանդր Ստեպանովիչ Սենին (1891, Եվլանտյև (Բոկովսկի շրջան), Q4191304?, Բոկովսկի շրջան - դեկտեմբերի 28, 1930(1930-12-28) - 1930 թվականի դեկտեմբերի 28-ին գնդակահարվել է), կազակ, ռուս սպա, Միխայիլ Շոլոխովի «ԽաղաղԴոն» վեպի գործող անձ, Միխայիլ Շոլոխովի «Հերկած խոպան» վեպից՝ Պոլովցևի կերպարի նախատիպը։

Ալեքսանդր Սենին
1891 - դեկտեմբերի 28, 1930(1930-12-28)
ԾննդավայրԵվլանտյև (Բոկովսկի շրջան), Q4191304?, Բոկովսկի շրջան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Սուրբ Աննայի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սուրբ Ստանիսլավի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Սենինը վաղ տարիքից զրկվել է ծնողներից՝ մնալով հարազատ եղբոր խնամքին։ 1914 թվականին խորունժի աստիճանով մեկնում է ռուս-գերմանական ռազմաճակատ։ Ալեքսանդր Ստեպանովիչը ծառայել է 44-րդ Դոնի կազակական գնդում դասակային սպա, որտեղ նա միաժամանակ զբաղեցնում էր հարյուրյակի հրամանատարի պաշտոնը։ Ավելի ուշ նշանակվում է գնդային համհարզ, այնուհետև հարյուրյակի ավագ սպա։ 1917 թվականի մարտ ապրիլին գունդը տեղափոխվում է Դոն, և Սենինը նշանակվում է դիվիզիայի շտաբի ավագ համհարզի պաշտոնում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ունեցած ռազմական վաստակի համար Ալեքսանդր Ստեպանովիչ Սենինը պարգևատրվել է Սուրբ Աննայի երեք և Սուրբ Ստանիսլավի երկու շքանշաններով։

1918 թվականին Դոնի կառավարության ձևավորումից հետո զորակոչվում է Դոնի բանակ։ Լինելով հարյուրյակի հրամանատար՝ Ալեքսանդր Սենինը մասնակցել է Ֆ. Գ. Պոդտյոլկովի արշավախմբի գերեվարմանը և գնդակահարությանը, եղել է ռազմա-դաշտային դատարանի քարտուղար, որը դատապարտել է Ֆ. Գ. Պոդտյոլկովին և Մ. Վ. Կրիվոշլիկովին։

1918 թվականի օգոստոսին ստացել է եսաուլի կոչում, հոկտեմբերի 20-ին կարմիրների հետ մարտի ժամանակ զոհվում է գնդի հրամանատարը և Սենինը ժամանակավորապես ընդունում է գնդի հրամանատարությունը։ Շուտով Կարմիր բանակի հարձակման հետ կապված Ալեքսանդր Սեմինի գունդը կազմալուծվում է։ Ալեքսանդր Ստեպանովիչը ընկնում է Չերնիշևսկի ստանիցայում տեղակայված 7-րդ պլաստունյան բրիգադի շտաբ, որտեղ ծառայում է շարային մասի գծով ավագ համհարզ, միաժամանակ կատարելով բրիգադի շտաբի պետի պարտականությունները։

1919 թվականին Սենինը վիրավորվում է և պառկում է հոսպիտալում։ Սպիտակների բանակի նահանջի ժամանակ Նովոռոսիյսկում գերի է ընկնում։ Գնդակահարվելու վախից փոխում է ազգանունը և ծառայության անցնում կարմիրների մոտ։ Կարմիր բանակում որպես շարքային ծառայում է 16-րդ հեծելազորային դիվիզիայում, սկզբում հեծանվային վաշտում, այնուհետև հեղտրիբունալում, որպես գրագիր և գործավար։ 1921 թվականին ձերբակալվում է ազգանունը փոխելու համար, Ռազմական Տրիբունալի կողմից դատապարտվում է պատժի առավելագույն չափին, սակայն հետագայում վճռաբեկության կարգով Գերագույն դատարանը նրան դատապարտում է հինգ տարվա ազատազրկման։ Ա. Ս. Սենինը բանտում անցկացնում է չորս տարի և վերադառնում Եվլանտևսկի խուտոր։ Այստեղ նա զբաղվում է գյուղատնտեսությամբ, Բոկովսկի յոթամյա դպրոցում մաթեմատիկա է դասավանդում։

1930 թվականի հուլիսի սկզբին Ա. Ս. Սենինը ձերբակալվում է Դոնեցկի օկրուգային բաժնի կողմից հակահեղափոխական ապստամբական կազմակերպություն ստեղծելու մեղադրանքով։ Նրա կենտրոնը և հիմնական բազան համարվում էր Վյոշենսկի շրջանի Բոկովսկի գյուղական խորհրդի Եվլանտևսկ խուտորը, իսկ կազմակերպիչը և ղեկավարը Ա. Ս. Սենինը։ Կազմակերպության անդամները մեղադրվում էին խորհրդային իշխանությունը տապալելու նպատակով ապստամբության կազմակերպման մեջ։ Ընդհանուր առմամբ այս գործով որպես մեղադրյալ անցնում էին 98 մարդ։ 1930 թվականի դեկտեմբերի 28-ին 8 մարդ, այդ թվում Ա. Ս. Սենինը, գնդակահարվում են։

ԽՍՀՄ ԳԽ 1989 թվականի նոյեմբերի 16-ի «30-40- ական թվականների և 50–ականների սկզբի պատժամիջոցների զոհերի նկատմամբ արդարության վերականգնմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրից հետո նույն տարվա նոյեմբերի 24-ին Ռոստովի մարզի դատախազության կողմից Ա. Ս. Սենինի գործը վերանայվում է և նա հետմահու արդարացվում է։

Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպի հինգերորդ մասում պոդտյոլկովսկի արշավախմբի գնդակահարության տեսարանում հիշատակվում է հարյուրյակի հրամանատար Ա.Ս. Սենինը։ Նա Պոդտյոլկովի և Կրիվոշլիկովի ջոկատի ճակատագիրը որոշող գլխավոր գործող անձանցից մեկն է։ Միխայիլ Շոլոխովը «Հերկած խոպան» վեպի վրա աշխատելիս, նորից անդրադառնում է Ալեքսանդր Ստեպանովիչ Սենինի կենսագրությանը և անձնական գործին, այն օգտագործելով որպես Պոլովցևի նախատիպ[1]։

Պարգևներ խմբագրել

  • Սուրբ Աննայի երեք շքանշան
  • Սուրբ Ստանիսլավի երկու շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. - 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Արտաքին հղումներ խմբագրել