Ալեքսանդր Մյասնիկյան

հայ հեղափոխական, քաղաքական գործիչ

Ալեքսանդր Ֆյոդորի Մյասնիկյան կամ Մյասնիկով, կեղծանուն՝ Մարտունի (հունվարի 28 (փետրվարի 9), 1886[1], Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն[1] - մարտի 22, 1925(1925-03-22)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական, հասարակական գործիչ, 1921-1922 թվականներին Հայաստանի ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ, ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության անդամ։

Ալեքսանդր Մյասնիկյան
Դրոշ
Դրոշ
Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ
1921-1922
Հաջորդող Սարգիս Լուկաշին
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1]
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1911)[1]
Մասնագիտություն՝ պետական գործիչ, կուսակցական աշխատող, ռազմական գործիչ և գրական քննադատ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հունվարի 28 (փետրվարի 9), 1886[1]
Ծննդավայր Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր մարտի 22, 1925(1925-03-22)[1] (39 տարեկան)
Վախճանի վայր Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Թաղված Բաքու
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում՝ հայ վաճառականի ընտանիքում։ Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում[2]։ 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։

Ընտրվել էր Բելառուսիայի (այժմ՝ Բելառուս) կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելառուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿ(բ) կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ 1919 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։

Մյասնիկյանը Հայաստանում խմբագրել

Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (համապատասխանում է ժամանակակից վարչապետին) և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։

Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Այդ կապակցությամբ պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների։ Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ ազգային քաղաքական կազմակերպությունների խնդիրներին։

 
Ալեքսանդր Մյասնիկյան, դրոշմանիշ

1910-ական թվականներին Ալեքսանդր Մյասնիկյանը լույս էր ընծայել մի շարք հոդվածներ՝ նվիրված հայոց գրերի գյուտի նշանակությանը, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործություններին։ Բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ անվանելով այն «գորդյան հանգույց», որի շուրջ հյուսվել են եվրոպական երկրների տարաձայնություններն ու շահերը։ 1913 թվականին Մոսկվայում հանդես է եկել Հայկական հարցի մասին դասախոսությամբ, որի դրույթները 1913-1914 թվականներին լույս են տեսել «Մշակ» թերթում։ Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով (Երկեր, 4 հատոր, 1984-86)։

1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։

Զոհվել է 1925 թվականի մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից[3]։ Կա տեսակետ, որ ավիավթարը կազմակերպված է եղել Բերիայի կողմից[փա՞ստ]։

Հիշողություն խմբագրել

Մյասնիկյանի անունով են կոչվել՝

 
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը Երևանում
 
Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրին համանուն դպրոցի առջև

Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում տեղադրված է նրա հուշարձանը։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Արամայիս Մնացականյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Երևան, 1955։
  • Ս. Դ. Ավագյան, Ալեքսանդր Մյասնիկյանը հրապարակախոս, Երևան, 1964։
  • Հայ ժողովրդի պատմություն /ՀՍՍՀ ԳԱ հրատ./, հատ. VII, Երևան, 1967։
  • Ա. Կ. Ոսկերչյան, Ալեքսանդր Մյասնիկյանը և գրական հարցերը, Երևան, 1974։
  • Գևորգ Ղարիբջանյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Երևան, 1976։
  • Վլադիմիր Ղազախեցյան, Հայաստանը 1920-1940 թվականներին, Երևան, 2006։
  • Մհեր Կարապետյան, Էդիկ Գևորգյան, Խորհրդային Հայաստանը 1920-1991 թվականներին, Երևան, 2007։
  • Հայոց պատմություն /ՀՀ ԳԱԱ հրատ./, հատ. IV, գիրք I, Երևան, 2010։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 646—647.
  2. «Ալեքսանդր Մյասնիկյանի 100-ամյակին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  3. «Մյասնիկյան Ալեքսանդր, հայկական հանրագիտարան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մյասնիկյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մյասնիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 646  

Ալեքսանդր մյասնիկյանի անուն ով է կոչվել ՀՀ պետական հանրային գրադարանը՝ իր կենդանության օրոք։

ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ
ՆԱԽՈՐԴՈՂ Ալեքսանդր Մյասնիկայն ՀԱՋՈՐԴՈՂ
Սիմոն Վրացյան 1920, նոյեմբերի 29 -1922, մայիսի 21 Սարգիս Լուկաշին