Ալեքսանդրյան ոտանավոր, եվրոպական պոեզիայում լայնորեն գործածվող բանաստեղծական չափ։ Շատ տարածված է եղել հատկապես ֆրանսիական պոեզիայում՝ սկսած 12-րդ դարից՝ Ալեքսանդր Մակեդոնացու մասին գրած մի պոեմից։ Այստեղից էլ «ալեքսանդրյան» մակդիրը։

Բանատողը բաղկացած է 12 վանկից, կայուն ռիթմական շեշտեր է կրում 6-րդ և 12-րդ վանկերի վրա և հատածով բաժանվում է երկու հավասար կիսատողերի։ Ռուսական պոեզիայում ալեքսանդրյան ոտանավորը սովորաբար վեցոտնյա յամբական տող է[1]։

12-վանկանի տողերով ոտանավորներ գրվում են նաև հայ պոեզիայում՝ կամ մեկ հատածով 6-րդ վանկից հետո.

Երբ երկնքի մովում // վերջին աստղը հանգավ՝
Նա իր տունը թողեց // ու ճանապարհ ընկավ։
(Եղիշե Չարենց)

և կամ երկու հատածով՝ 4-րդ և 8-րդ վանկերից հետո.

Ինչ մնաց ինձ // -ոսկյա մի ցանց, // ուրիշ ոչինչ,
Մարգարտաշար // հուշերի գանձ // -ուրիշ ոչինչ։
(Վահան Տերյան)

Աղբյուրներ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 8-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 158