Ալբա Կալդերոն

էկվադորցի նկարչուհի

Ալբա Կալդերոն դե Հիլ (իսպ.՝ Alba Calderón de Gil, հուլիսի 27, 1908(1908-07-27)[1], Էսմերալդաս, Էկվադոր - 1992, Գուայակիլ, Էկվադոր), էկվադորցի սոցռեալիստ նկարիչ, ձախ ակտիվիստ և ֆեմինիստ։ Էկվադորում հիմնել է կանանց իրավունքների ճանաչման շարժումը[2]։

Ալբա Կալդերոն
Ծնվել էհուլիսի 27, 1908(1908-07-27)[1]
ԾննդավայրԷսմերալդաս, Էկվադոր
Մահացել է1992
Մահվան վայրԳուայակիլ, Էկվադոր
Քաղաքացիություն Էկվադոր
Մասնագիտությունքանդակագործ և նկարչուհի
ԱմուսինԷնրիկե Հիլ Հիլբերտ
ԵրեխաներEnrique Gil Calderón?

Անձնական կյանք խմբագրել

1933 թվականին Դեմետրիո Ագիլերա Մալթան Ալբա Կալդերոնին ծանոթացնում է «Գուայակիլյան խմբի» վիպասան Էնրիկե Հիլ Հիլբերտին։ 1934 թվականին Կալդերոնն ամուսնանում է Հիլ Հիլբերտի հետ։ Հիլ Հիլբերտի լավագույն ընկերը և սոցռեալիստ գրող Խոակին Գալեգոս Լարան դառնում է արարողության խաչեղբայրը։

Կալդերոնը և Հիլ Հիլբերտը ունեցան երկու որդի` երգչախմբի դիրիժոր Էնրիկե Հիլ Կալդերոնը և բժիշկ ու գործարար Անտոնիո Հիլ Կալդերոնը։

Կոմունիստական գործունեություն և աքսոր խմբագրել

1953 թվականին Էկվադորի կոմունիստական կուսակցությունն Ալբա Կալդերոնին որպես պատվիրակ ուղարկում է մասնակցելու Կանանց միջազգային ֆեդերացիայի երրորդ համագումարին պայքարելու խաղաղության և կանանց ու երեխաների պաշտպանության համար։ Դրանից հետո նա կազմակերպում է Գուայասի կանանց միությունը, ինքն ընտրվում է միության գլխավոր քարտուղար, Ավրորա Էստրադան՝ նախագահ, իսկ Բլանկա Արսե դե Սալսեդոն՝ փոխնախագահ։ 1958 թվականին նա օգնում է կուբացի բազմաթիվ փախստականների և Կուբայական հեղափոխությունից անմիջապես հետո երկու անգամ այցելում Կուբա։

1961-1963 թվականներին Կալդերոնը Կառլոս Խուլիո Արոսեմենա Մոնրոյի նախագահության շրջանում եղել է Գուայաս նահանգի տեղական խորհրդի պատգամավոր։ Բայց 1963 թվականի բռնապետության տարիներին կառավարությունը ձերբակալում է Կոմունիստական կուսակցության մի շարք առաջնորդների և անդամների, ինչի արդյունքում Ալբա Կալդերոնը աքսորվում է Չիլի։ Նրա ամուսին` Հիլ Հիլբերտը, որը Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան անդամ էր, բանտարկվել է 15 ամիս, իսկ որդին՝ Էնրիկեն և նրա ընտանիքը, ստիպված էին թաքնվել։ Այդ ընթացքում Գուայասի կանանց միությունը կազմալուծվել է, բայց տարիներ անց նրա անդամները հիմնադրել են Կանանց միացյալ ճակատը, որի նախագահն է եղել Անա Աբադ դե Մոնրոն, որի նպատակն էր կանանց զարգացումը Էկվադորի պատմական կառուցվածքում։

Գեղարվեստական կյանք խմբագրել

Ալբա Կալդերոնը սոցիալիստ ռեալիստ նկարիչ էր, որի արվեստի գործերը ներառում են ջրաներկ, գծանկարներ և էսքիզներ, որտեղ սովորաբար պատկերվում էին Էկվադորի աշխատավոր դասի և աղքատ մարդկանց առօրյա պայմանները։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Կիտոյում, Լիմայում, Սանտյագոյում, Կարակասում, Նյու Յորքում և Փարիզում։

2004 թվականին Գուայակիլում գտնվող Էկվադորի կենտրոնական բանկի թանգարանը Կալդերոնի որոշ նկարներ ձեռք է բերել նրա որդուց՝ Էնրիկե Հիլ Կալդերոնից։ Այլ նկարներ կարելի է գտնել Էկվադորի մշակույթի տանը։ Մասնավոր սեփականատերերից արվեստաբան Խուան Հադաթի Սալթոսը և Սեսիլիա Հասինգը նույնպես իրենց մասնավոր հավաքածուները տրամադրում են ցուցահանդեսների կազմակերպման համար։

Կալդերոնի առավել ուշագրավ և բարդ նկարներից է համարվում Escogedoras de cafe («Սուրճ հավաքողները») (1939)։ Արևադարձային երանգներով այս նկարում գյուղացիները աշխատում են սուրճի պլանտացիաներում, իսկ կառավարիչը բարձունքից հսկում է նրանց։ Գյուղացիները պատկերված են որպես կոլեկտիվ, անհատականությունը նշանակություն չունի, ուստի նրանց դեմքերը չեն երևում կամ ծածկված են սոմբրերոյով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել