Ազովի ծով (լատին․՝ Palus Maeotis [4], հունարեն՝ Μαιῶτις λίμνη or Propontis[5] կամ այժմ լատին․՝ mare Asoviense[6], ռուս.՝ Азовское море; ուկրաիներեն՝ Азовське море, Озівське море, ադըղե.՝ Хы мыутӏэ, Ղրիմի թաթարերեն՝ Azaq deñizi), Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով։ Կերչի նեղուցով միանում է Սև ծովին։ Մակերեսը 38 հզ. կմ² է, խորությունը՝ մինչև 14 մ։ Ափերը հարթ են, ավազոտ և առաջացնում են ցամաքալեզվակներ։ Հյուսիս–արևելքում Տագանրոգի, հարավ–արևելքում Տեմրյուկի ծոցերն են, արևմտքում՝ Սիվաշը։ Ազովի ծով են թափվում Դոն և Կուբան գետերը։ Կլիման ցամաքային է, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը՝ 23,5 °C-ից 24,5 °C, առավելագույնը՝ 40 °C, հունվարին և փետրվարին՝ - 1 °C–ից -6 °C, նվազագույնը՝ -30 °C։ Տարեկան տեղումները՝ 312–528 մմ։ Գերիշխում են հյուսիս–արևելյան քամիները։ Սառցակալվում է դեկտեմբերից մարտ ամիսներին։ Հիմնական ծովային հոսանքը սկիզբ է առնում Տագանրոգի ծոցից և շրջապտույտ կատարում ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։ Ջուրը պղտոր է։ Ջրի ջերմաստիճանը ձմռանը 0 °C–ից ցածր է, ամռանը՝ 25 °C, 30 °C, աղիությունը՝ 2–11‰։ Կենդանական աշխարհը բազմատեսակ չէ, բայց քանակապես հարուստ է։ Զարգացած է ձկնորսությունը (թառափազգիներ, սուդակ, բրամ ևն)։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Տագանրոգը, Ժդանովը, Եյսկը, Բերդյանսկը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ազովի ծով կատեգորիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 123)։