Ազարիա Ջուղայեցի (տոմարագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազարիա Ջուղայեցի (այլ կիրառումներ)
Ազարիա Ջուղայեցի, (XVI դար), հայ տոմարագետ, Երիջանի որդին։ Ապրել և գործել է Ջուղայում։ Կազմել է «Ազարիայի կամ Ջուղայեցիների տոմար» անունով հայտնի նոր օրացույց, որտեղ հիմնականում պահպանված էր հայկական նախկին օրացույցի սկզբունքը, տարին անշարժ էր, ուներ 12 ամիս՝ 30-ական օրով, ու հավելյալ ամիս՝ 3 օրով։ Նահանջ տարիներին 12-րդ ամիսն ունենում էր 31 օր։ Ազարիա Ջուղայեցու տոմարով տարեսկիզբն օգոստոսի 11-ից տեղափոխված էր գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ը։ Ամիսների անունները մեծ մասամբ արաբական էին, որոնք հետագայում Ազարիա Ջուղայեցին փորձել է փոխարինել հայկականով։ Ջուղայեցիների թվականն ստանալու համար մեր թվականից պետք է հանել 1615՝ մարտի 21֊ից մինչև հունվարի 1֊ը, և 1616՝ հունվարի 1-ից մինչև մարտի 21-ը ժամանակամիջոցների համար[2]։
Ազարիա Ջուղայեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] Ջուղա[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | տոմարագետ |
Ազարիայի տոմարը գործածվել է Նոր Ջուղայի և Հնդկաստանի հայկական գաղութներում[2]։
Ազարիայի տոմար | Հռոմեական (հուլյան) տոմար |
---|---|
Շամսի 1 | Մարտի 21 |
Ադամի 1 | Ապրիլի 20 |
Շբաթի 1 | Մայիսի 20 |
Նախայի 1 | Հունիսի 19 |
Ղամարի 1 | Հուլիսի 19 |
Նադարի 1 | Օգոստոսի 18 |
Թիրայի 1 | Սեպտեմբերի 17 |
Դամայի 1 | Հոկտեմբերի 17 |
Համերայի 1 | Նոյեմբերի 16 |
Արամի 1 | Դեկտեմբերի 16 |
Օվդանի 1 | Հունվարի 15 |
Նիրհանի 1 | Փետրվարի 14 |
Հավելյացի 1 | Մարտի 16 |
Ազարիա Ջուղայեցու «Պատճէն Տօմարին Ազարիայի» տոմարագիտական երկը տպագրվել է 1685 թվականին Վենետիկում՝ Միքելանջելո Բարբոնիի տպարանում՝ «Գիրգ տօմարաց Հայոց, Ազարիայի, և Հռոմայեցւոց․․․»֊ի մեջ (320 էջ, 8 x 5,5 սմ, էջ 22-39)[2]։
Լուսնի զատկական բոլոր լրումները տեղի են ունեցել Շամս ամսին։ Ջուղայեցիների կամ ինչպես ձեռագրերում է հաճախ օգտագործվել, Նոր կամ Փոքր թվականը գտնելու համար անհրաժեշտ է հանել 532-ամյա երկու պարբերաշրջան, ընդ որում հարկ է հիշել, որ Հայոց մեծ թվականով տարեսկիզբը Նավասարդի 1-ն էր, իսկ նոր կամ փոքր թվականով Շամսի 1-ին։
Ազարիա Ջուղայեցու կազմած տոմարը շուրջ երկու հարյուրամյակ օգտագործվել է Պարսկաստանի և Հնդկաստանի հայկական գաղթավայրերում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 28, էջեր 28 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
Գրականություն խմբագրել
- Անասյան Հ․, Հայկական մատենագրություն, հատոր 1-ին, Երևան, 1959, էջեր 272-276, 1177-1186
- Թումանյան Բ․, Հայ աստղագիտության պատմություն, [գիրք 1], Երևան, 1964
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 100)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |