Ազատ քաղաք, միջազգային պրակտիկայում ընդունված տերմին, որով նշվում են ինքնուրույն քաղաքական կազմավորումով տարբերվող և միջազգային հատուկ ռեժիմից օգտվող քաղաքները։

Պատմականորեն ազատ քաղաք հասկացությունը ծագել է միջին դարերում, Գերմանիայամ, երբ Համբուրգ, Բրեմեն, Ռեգենսբուրգ, Լյուբեկ, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքները գերմանական ֆեոդալական իշխանություններից իրենց անկախ դրությունն ընդգծելու համար անվանվեցին ազատ կամ կայսերական քաղաքներ։ Վիեննայի կոնգրեսի (1814–15) որոշմամբ «ազատ, անկախ և լիովին չեզոք քաղաք» հայտարարվեց Կրակովը՝ շրջակա տերիտորիայով։ Վերսալյան հաշտության պայմանագրով (1919) ազատ քաղաքի ստատուս սահմանվեց Գդանսկի (Դանցիգ) համար, որը 1939-ին խախտեց Գերմանիան՝ օկուպացնելով քաղաքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայի հետ հաշտության պայմանագրով նախատեսվում էր Տրիեստին տալ ազատ քաղաքի ստատուս, որը չիրագործվեց ԱՄՆ֊ի, Անգլիայի դիմադրության պատճառով։ Նման ստատուս գոյություն ուներ Տանժերում (1923—40, 1945—56), Սաարում (1919—35, 1945–55)։ ՄԱԿ֊ի Գլխավոր ասամբլեայի 1947-ի նոյեմբերի 29-ի բանաձևով նախատեսվում է համանման ռեժիմ հաստատել Երուսաղեմում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 97