Ազատ ծրագրային ապահովման արտոնագիր

Ազատ ծրագրակազմային արտոնագիրն այնպիսի ծրագրակազմային արտոնագիր է, որը ծրագիրը ստացողներին շնորհում է ծրագրակազմը ձևափոխելու և վերաբաշխելու իրավունքներ, ինչն այլ պարագայում արգելվում է հեղինակային իրավունքի օրենքով։ Ազատ ծրագրակազմային արտոնագիրը ստացողներին շնորհում է ազատություններ՝ հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքը ձևափոխելու կամ բաշխելու թույլտվության տեսքով։ Նման արտոնագրի տակ թողարկած ծրագրային ապահովումը, համարվում է ազատ ծրագրային ապահովում։

Պատմություն խմբագրել

1980-ականների կեսին GNU նախագիծն անհատական ազատ ծրագրակազմային արտոնագրեր շնորհեց իր ծրագրակազմային փաթեթներից յուրաքանչյուրի համար։ Դրանց բոլորին 1989 թ փոխարինեց GNU հանրային արտոնագրի (GPL) 1-ին տարբերակը։ GPL-ի 2-րդ տարբերակը, որը ստեղծվեց 1991-ին, դարձավ ամենագործածվող ազատ ծրագրակազմային արտոնագիրը։

1990-ականների կեսից մինչև վերջը տարբեր ընկերություններ սկսեցին նոր արտոնագրեր գրել։ Արտոնագրերի այս արագաճը հանգեցրեց արտոնագրերի բարդության ու համատեղելիության հետ կապված խնդիրների։ 2000-ականների սկզբին այդ միտումը դանդաղեց և, ինչ-որ առումով, հակառակ ընթացք ստացավ։

FSF-ի հավանությանն արժանացած ազատ ծրագրակազմային արտոնագրեր խմբագրել

Free Software Foundation (FSF), որը տվել է ազատ ծրագրակազմի սահմանումը, ունի ազատ ծրագրակազմային արտոնագրերի ցուցակ, որում առանձնացված են այն ազատ ծրագրակազմային արտոնագրերը, որոնք համատեղելի կամ անհամատեղելի են FSF-ի արտոնագրերին, և GNU հանրային արտոնագիրը, որը հեղինակային իրավչունքի արտոնագիր է։ Ցուցակում ընդգրկված են նաև արտոնագրեր, որոնք FSF-ը տարբեր պատճառներով ազատ չի համարում։

OSI-ի հավանությանն արժանացած «բաց ելակետային» արտոնագրեր խմբագրել

Մեկ այլ խումբ՝ Բաց ելակետային նախաձեռնությունը (OSI), նույնպես ունի OSI-ի հավանությանն արժանացած արտոնագրերի ցուցակ։ OSI-ը և FSF-ը համաձայնության են գալիս բոլոր լայնորեն կիրառվող ազատ ծրագրակազմային արտոնագրերի հարցում։ OSI-ի ցուցակը տարբերվում է FSF-ի ցուցակից, քանի որ երկու կազմակերպությունները քննել են տարբեր արտոնագրեր։ Կան մի քանի արտոնագրեր, որ OSI-ի հավանությանն արժանացել են, իսկ FSF-ի հավանությանը՝ ոչ, և հակառակը, սակայն դրանք արտոնագրեր են, որոնք խիստ սահմանափակ կիրառում ունեն։

Սահմանափակումներ խմբագրել

Ազատ ծրագրակազմերից օգտվելու, դրանք ուսումնասիրելու, ձևափոխելու և վերաբաշխելու ազատությունը պահպանելու համար ազատ ծրագրակազմային արտոնագրերի մեծ մասն ունի պահանջներ և սահմանափակումներ, որոնք վերաբերում են բաշխողներին։ Ազատ ծրագրակազմային հանրության մեջ ընթանում է բանավեճ՝ ազատությունը պահպանող և կրճատող սահմանափակումների միջև ոսկե միջինը գտնելու մասին։

1990-ականներին ազատ ծրագրակազմային արտոնագրերը սկսեցին ներառել այնպիսի ոլորտներ, ինչպիսին է պատենտների հակադարձումը (patent retaliation), որպեսզի պաշտպանություն ապահովեն ծրագրակազմային պատենտային դատավարություններից, որոնք մինչ այդ բացակայում էին։ Այդ նոր սպառնալիքը դարձավ GNU GPL-ի նոր՝ 3-րդ տարբերակի ստեղծման հիմնական պատճառը։ 2000-ականներին որպես մի նոր սպառնալիք ձևավորվեց տիվոիզացիան (tivoization), որից ազատ ծրագրակազմային որոշ ներկա արտոնագրեր գործածողներին չեն պաշտպանում։

Հեղինակային իրավունք (Copyleft) խմբագրել

1980-ականների կեսից Ռիչարդ Սթոլմանի գրած ազատ ծրագրակազմային արտոնագրերում առաջ քաշվեց հեղինակային իրավունքի հասկացությունը։ Ձևավորված հեղինակային իրավունքի դրույթները պահանջում են, որ ազատ ծրագրակազմերի ձևափոխված տարբերակները բաշխվեն նույն պայմաններով, ինչ օրիգինալ ծրագրակազմը։ Այսպիսով՝ հեղինակային իրավունքով պաշտպանված ծրագրակազմի բոլոր բարելավումներն ու հավելումները նույնպես պետք է բաշխվեն որպես ազատ ծրագրակազմ։ Սա երբեմն ներկայացվում է որպես «համօգտագործում և համօգտագործում նույն պայմաններով» կամ «quid pro quo».

Պատենտների հակադարձում (Patent retaliation) խմբագրել

Վերջերս գրված ազատ ծրագրակազմային արտոնագրերի մեծ մասը սկսած 1990-ականների վերջից ներառում է պատենտների հակադարձման որոշակի դրույթներ։ Այս միջոցներն ապահովում են, որ արտոնագրով պաշտպանված անձի իրավունքները (օրինակ՝ վերաբաշխման) հնարավոր լինի դադարեցնել, եթե այդ անձը փորձում է հաստատել որոշակի պատենտային մենաշնորհ նշված հանգամանքներում։ Օրինակ՝ Apple Public Source License-ը կարող է դադարեցնել գործածողի իրավունքները, եթե վերջինս իրենց դեմ գործ է սկսում՝ հիմնվելով պատենտային դատավարության դրույթի վրա։ Պատենտների հակադարձումը ծագել է ի պատասխան ծրագրակազմային պատենտների արագ աճին ու չարաշահումներին։

Տիվոիզացիա (Tivoization) խմբագրել

GNU GPL-ի 3-րդ տարբերակը ներառում է հատուկ դրույթ, որն արգելում է թվային իրավունքների ղեկավարությանը (digital rights management - DRM) լրացուցիչ սահմանափակումներ կիրառել որոշ դեպքերում (DRM-ի նման գործողությունները կոչվում են «տիվոիզացիա»)։

Հեղինակներ նշելը, հրաժարումներ և տեղեկացումներ խմբագրել

Ազատ ծրագրակազմային արտոնագրերի մեծ մասը պահանջում է, որ ձևափոխված ծրագրակազմերում չպետք է նշվի, որ դրանք ձևափոխված չեն։ Որոշ արտոնագրեր նաև պահանջում են, որ նշվի, թե ում է պատկանում հեղինակային իրավունքը։ Այդպիսի մի օրինակ է GNU GPL-ի 2-րդ տարբերակը, որը պահանջում է, որ փոխգործուն ծրագրերը, որոնք երաշխիքային կամ արտոնագրային տեղեկություններ են տպում, չպետք է հեռացնեն այդ տեղեկությունները բաշխման համար նախատեսված ձևափոխված տարբերակներից։