Ազատ-մխոցավոր գազագեներատոր

Ազատ-մխոցավոր գազագեներատոր, գազի մեխանիկական գեներատոր։ Ծառայում է գազային տուրբինն աշխատանքային գազով ապահովելու համար և գործում է ազատ-մխոցավոր շարժիչների սկզբունքով։ Վերջիններն ուղղակի գործողության անլիսեռ շարժիչներ են, որոնց մեջ մեխանիկական էներգիան հաղորդվում է ազատ շարժվող մխոցների օգնությամբ, առանց շուռտվիկաշարժաթևային մեխանիզմի։

Աշխատանքի սկզբունք խմբագրել

Աշխատանքի սկզբունքը հետևյալն է, երբ գազագեներատորի գլանում շարժվող մխոցները, խիստ սեղմման ենթարկելով այնտեղ գտնվող օդը, հասցնում են գլխի միջին մասը, բոցամուղից սրսկվում է վառելիքը և ինքնաբոցավառվում։ Այրման ընդարձակվող արգասիքների ճնշման տակ մխոցները միմյանցից հեռանում են. այդ պահին թարմ օդը ներածման փականներով ներծծվում է կոմպրեսորային գլան։

Թափարգելային տարածությունում սեղմման ենթարկված օդը մխոցներին ստիպում է շարժվել դեպի ետ՝ գազագեներատորի գլանի կենտրոնը, որի ժամանակ կոմպրեսորային գլանում սեղմվող օդը բացում է մղման փականները և փչահարման պատուհաններով անցնում գազագեներատորի գլան։ Տեղի է ունենում վերջինի փչահարումն ու լիցքավորումը կոմպրեսորային գլանում սեղմված օդով։ Այրման արգասիքները գազագեներատորային գլանից անցնում են գազային տուրբին։ Դրանից հետո աշխատանքային տակտը նորից կրկնվում է։

Ազատ-մխոցավոր գազագեներատորի գազատուրբինի հետ մեկտեղ կազմում է համակցված ջերմաուժային տեղակայում և կարող է զարգացնել 400-6000 կվտ հզորություն (ընդհանուր օ.գ.գ.՝ 40–45%)։ Աշխատում է գազային կամ հեղուկ (մազութ, սոլյարային յուղ են) վառելանյութերով։

Կիրառում խմբագրել

Օգտագործվում է շարժական էլեկտրակայաններում՝ էլեկտրական էներգիա ստանալու համար, ինչպես նաև երկաթուղային, ջրային և ավտոմոբիլային տրանսպորտում, պոմպակայաններում՝ որպես ուժային տեղակայում։ ՀԽՍՀ-ում ազատ-մխոցավոր գազագեներատորների ուսումնասիրման և նոր կառուցվածքների նախագծման հարցերով զբաղվում է Կոմպլեքսային էլեկտրասարքավորման համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը (Երևան

Գրականություն խմբագրել

  • Մկրտումյան Է. Ա. և Թերզյան Ա. Վ., Ազատ մխոցային շարժիչներ, Ե., 1960։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 98