Ադանայի վիլայեթ, վարչական միավոր Օսմանյան Կայսրության կազմում, Փոքր Ասիա թերակղզու հարավարևելյան մասում, Միջերկրական ծովի ափին։

Ադանայի վիլայեթ
ԵրկիրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Կարգավիճակվիլայեթ
ՎարչկենտրոնԱդանա
Բնակչություն403 400 մարդ (1915)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տարածք37 540 կմ²
Հիմնադրված էմայիս 1869 թ.
ՓոխարինեցԱդանայի Էյալեթ

Աշխարհագրություն և երկրաբանություն խմբագրել

 
Ադանայի վիլայեթը XX դ. սկզբին

Ընդգրկում էր պատմական Կիլիկիայի արևմտյան մասը։ Հյուսիսից եզրավորված էր Կենտրոնական Տավրոսի և Անտիտավրոսի լեռնաշղթաներով, արևելքից՝ Ամանոսյան լեռներով, որոնց միջև տարածվում է Չուքուրօվայի (Կիլիկիայի) դաշտավայրը։

Ադանայի վիլայեթը տարածքով համընկնում էր ժամանակակից Թուրքիայի Մերսինի և Ադանայիի մարզերին։ Տարածությունը շուրջ 40 000 կմ2 էր։ Բաժանված էր Իչելի, Ադանայի, Կոզանի և Ջեբել-Բերեքեթի (Ջեբելբերեքեթի գավառ) սանջակների։ Կենտրոնը՝ Ադանա։ Ադանայի վիլայեթի լեռները դժվարամատչելի են։ Լեռնանցքներից նշանավոր են Կիլիկիո դռները (հայ մատենագրության մեջ հայտնի են Դրունք Կիլիկիոյ անվամբ), կամ Կուկլակի կապանը (թուրք. Կյուլեք-բողազԿենտրոնական Տավրոսում և Ասորոց դուռը (Դրունք Ասորւոց)՝ Ամանոսյան լեռներում։

Խոշոր գետերն են Սեյհանը, Ջահանը, Գյոքսուն և Թարսուսը։ Ադանայի վիլայեթի սահմաններում էին Մերսինի և Իսքենդերուն ծոց|Իսքենդերուն]] ծոցերը՝ բաժանված Կարատաշի հրվանդանով։ Միջերկրական ծովի այդ հատվածում, գետաբերանների մոտ (որտեղ կուտակվում են ալյուվիալ նստվածքներ) նկատվում է ցամաքի “աճ”։ Տարսոն քաղաքը, օրինակ, որը մ.թ. առաջին դարերում Միջերկրականի ափին էր, այժմ ծովափից ուղիղ գծով հեռացել է մոտ 17 կմ։

Ադանայի վիլայեթի լեռնային մասի կլիման չոր ցամաքային է՝ ձմռանը ցուրտ, ամռանը՝ զով։ Դաշտային մասն ունի տաք, միջերկրածովային կլիմա։ Տարեկան միջին ջերմաստիճանը 19 °C է (Ադանա), տեղումները՝ 600 մմ (առավելապես՝ ձմռանը, ամռանն անձրևները հազվադեպ են)։ Լեռնային մասերը հարուստ են աղբյուրներով և հանքային ջրերով, որոնց մի մասը հայտնի է բուժիչ հատկություններով (Իլիջե՝ Կենտրոնական Տավրոսի Բոլկար-դաղ բազուկի ստորոտին)։

Չուքուրօվայի դաշտավայրը ծածկված է ալյուվիալ, մարգագետնային արգավանդ հողերով։ Լեռների բարձրադիր մասերը ծածկված են կաղնու, հաճարենու, եղևնու, սոճու և մայրու անտառներով։ Օգտակար հանածոներից հայտնի են կապարն ու արծաթը (Բոլկար-դաղ), ցինկը (Անամուրի մոտ), քրոմիտը (Մերսինի շրջանում), մկնդեղը (Սելևկիայի մոտ)։

Պատմություն խմբագրել

 
Կիլիկիայի Հայկական Մարզ (XIX դ. վերջ - XX դ. սկիզբ)

Ադանայի վիլայեթի տարածքը բնակեցված է եղել նախնադարյան ժամանակներից։ Դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում այստեղ բնակվել են խեթերի հետ սերտ կապված տեղական ցեղերը։ Մինչև Ասորեստանի կողմից նվաճումը (մ.թ.ա. VIII դար)՝ երկրամասը երկար ժամանակ ենթակա է եղել Խեթական թագավորությանը։ Մ.թ.ա. VIII-VII դդ. ծովափնյա շրջանում ստեղծվել են հունական և փյունիկյան գաղութներ։

Հետագայում երկրամասին տիրել են Աքեմենյանները (մ.թ.ա. VI-IV դդ.), ապա ընդգրկվել է Մակեդոնական կայսրության (մ.թ.ա. IV դ.), իսկ այնուհետև Սելևկյան կայսրության կազմում։ Մ.թ.ա. II դ. նվաճել է Հռոմը։ Կարճ ժամանակով դաշտային մասը Տիգրան Բ Մեծի կողմից միացվել է Մեծ Հայքին, սակայն 66 թվականին, Տիգրանի և Պոմպեոսի միջև կնքված պայմանագրով, կրկին անցել է Հռոմին։ Հռոմի բաժանումից հետո, մինչև 1076 թ.-ը, մնացել է Բյուզանդիայի տիրապետության ներքո, միայն VIII-IX դդ. ժամանակավորապես նվաճվել է Արաբական խալիֆայության կողմից։ 1080-1375 թվականներին մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ Դրանից հետո երկրամասին տիրել են եգիպտական մամլյուքները, իսկ 1516 թվականից՝ թուրքերը։

Ադանայի վիլայեթը Օսմանյան կայսրության շրջանում խմբագրել

1915 թվականին Ադանայի վիլայեթն ուներ 403 400 բնակիչ, որի մոտ կեսը (178 000) հայեր էին, մնացածը՝ թուրքեր, հույներ, չերքեզներ, արաբներ, թուրքմեններ, քրդեր, յուրյուքներ, գնչուներ։ Կլիմայական ծանր պայմանների պատճառով Ադանայի վիլայեթը նոսր էր բնակեցված։ Չուքուրօվայի դաշտավայրում, հատկապես ծովափնյա շրջաններում, լինում են սաստիկ շոգեր։ Նույնիսկ ծովափից հեռու վայրերում կլիման խիստ վատառողջ է, տենդը սովորական երևույթ է։ Դաշտեցի ունևորները՝ տենդից խուսափելով, ամռանը բարձրանում էին լեռնային շրջանները։ Ադանայի վիլայեթում գերակշռում էր գյուղական բնակչությունը։ Գլխավոր քաղաքներն էին Ադանան և Մերսինը։

Մշակույթ խմբագրել

Ադանայի վիլայեթում էին գտնվում հնադարյան քաղաքակրթության նշանավոր կենտրոններ Տարսոնը, Մամեստիան, Անարզաբան, Սելևկիան, Կիլիկիայի հայկական պետության վաղեմի մայրաքաղաք և Կիլիկիո կաթողիկոսի աթոռանիստ Սիսը։ Ադանայի վիլայեթը բացօթյա մի ընդարձակ թանգարան է՝ հնագույն, հին և միջին դարերի բազմաթիվ ժողովուրդների բնակավայրերի և հուշարձանների ավերակներով։ Դեռ կիսականգուն մնում են Կիլիկիայի հայկական պետության բազում բերդերի՝ Սսի, Վահկայի, Կապանի, Կոռիկոսի, Սելևկիայի, Անամուրի, Լամբրոնի, Կուկլակի, Գերմանիկեի, Թումլույի, Թիլ Համդունի, Լևոնկլայի, Օձաբերդի, Սիկիբերդի, Սիմանկլայի, Ամուտաբերդի և այլ բերդերի և միջնադարյան հայկական վանքերի ավերակները։

Տնտեսություն խմբագրել

Ադանայի վիլայեթի տնտեսության հիմնական ճյուղը հողագործությունն էր։ Բամբակենուց բացի (տարեկան 20000 տոննա) մշակում էին քունջութ, ցորեն, վարսակ։ Տարածված էր ծիրանի, խնձորի, նռան, ընկույզի, ձիթապտղի և ցիտրուսների (նարնջի, կիտրոնի) մշակությունը։ Զարգացած էր բանջարաբուծությունը։ Լեռնային մասերում առավելապես զբաղվում էին անասնապահությամբ։ Կային բամբակի մաքրման, մահուդ, թաղիք, կտավ, գորգեր, կաշի, թամբ արտադրող տնայնագործական ձեռնարկություններ։ Սեյհանի և Ջահանի գետաբերանների միջև ընկած ծովալճակներից արդյունահանվում էր աղ։

Ադանայի վիլայեթում առաջին երկաթուղին (Մերսին-Ադանա, 67 կմ) շահագործման է հանձնվել 1886 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դրան միացվեց Բաղդադի երկաթուղու՝ Քոնյաից Կիլիկիո դռների և Ադանայի վրայով Ասորիք մտնող հատվածը։ Ադանայի վիլայեթով էին անցնում նաև Ասորիք և Միջերկրականի ափերը տանող մի քանի տարանցիկ ճանապարհներ, որոնցով փոխադրումները կատարվում էին ուղտերով կամ սայլերով։ Սեյհան (Ադանայից մինչև գետաբերանը) և Ջահան (Մամեստիայից մինչև գետաբերանը) գետերը նավարկելի էին։ Միջերկրականի ափի գլխավոր նավահանգիստը Մերսինն էր։ Ադանայի վիլայեթի արդյունաբերական և արհեստագործական ձեռնարկությունների մեծ մասը և առևտուրը հայերի ձեռքում էին։ Երկրագործությամբ զբաղվող հայերն արդեն օգտագործում էին Եվրոպայից ներմուծած գյուղատնտեսական մեքենաներ։

Ադանայի վիլայեթը Աբդուլ Համիդ II-ի և Մեծ Եղեռնի ժամանակաշրջանում խմբագրել

Աբդուլ-Համիդ II-ի և երիտթուրքերի օրոք կազմակերպված հայ բնակչության ջարդերը (Ադանայի կոտորած 1909), ապա և 1915 թվականի տեղահանությունն ու եղեռնը ավերեցին վիլայեթի տնտեսությունը։ երբ 1919 թվականին ֆրանսիական բանակը հայ կամավորականների օժանդակությամբ գրավեց Ադանայի վիլայեթը, շատ հայեր վերադարձան այնտեղ՝ հույսը դնելով ֆրանսիացիների պաշտպանության վրա։ Սակայն Անկարայի 1921 թվականի հոկտեմբերի 20-ի պայմանագրի (Թուրք-Ֆրանսիական համաձայնագիր 1921) համաձայն ֆրանսիացիները 1922 թվականի հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին վիլայեթն ու հեռացան։ Նոր կոտորածի սպառնալիքը Կիլիկիայի 150 000 հայերին ստիպեց տեղափոխվել Սիրիա և Հունաստան։ Այժմ փոքրաթիվ հայեր բնակվում են Մերսին և Տարսոն քաղաքներում։ Ներկայիս Ադանայի վիլայեթի տարածքը 17300 կմ2 է, բնակչությունը՝ 1965 թ. դրությամբ, 902 700։

Վարչական բաժանում խմբագրել

Ադանայի վիլայեթի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառները.

Ադանայի սանջակ խմբագրել

Ադանայի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները[2].

Իչելի սանջակ խմբագրել

Իչելի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները[3].

Մերսինի սանջակ խմբագրել

Մերսինի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները.

Ջեբելբերեքեթի սանջակ խմբագրել

Ջեբելբերեքեթի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները.

Տարսոնի սանջակ խմբագրել

Տարսոնի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները[4].

Քոզանի սանջակ խմբագրել

Քոզանի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները[5].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Ադանայի գավառ, հտ 1, էջ 30
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Իչելի գավառ, հտ 2, էջ 533
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Ուլաշի գյուղախումբ, հտ 5, էջ 178
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Քոզանի գավառ, հտ 5, էջ 427
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադանայի վիլայեթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 68