Ագուռի պար, հիմնականում հարսանիքներին կատարվող հայկական ժողովրդական պար, տարածված և սիրված է Ջավախքում,Ախալցխայի և շրջակա գյուղերում։

Նկարագրություն խմբագրել

Ագուռի պարը պարելիս տղամարդիկ և կանայք կանգնում են մեկընդմեջ, ափերը բռնած, թևերը կախ։ Պարեղանակը 2/4 է, տեմպը միջին արագության է։ Ռիթմը հավասարաչափ է, պարում են փակ շրջանով։ Պարտադիր պայման է պարի ղեկավարի ներկայությունը։

Պարային ֆիգուրա խմբագրել

Առաջին մասում՝

1-ին ձախ թաթով դեպի աջ, խաչաձև,
2-ին աջով քայլ դեպի աջ երկրորդ դիրքով,
3,4,5,6-ին կրկնել 1,2-ի քայլերը։
7-ին ձախ թաթը դեպի առաջ խացանել օդում,
8-ին՝ ձախ, խաղացրած թաթով դեպի ձախ,երկրորդ դիրքից կես թաթ պակաս։
9-16 հաշիվներին կրկնում են 1-8 հաշիվների քայլերը։

Երկրորդ մասում՝ պարային ղեկավարը ասում է ազդանշանը՝ հեյ կամ հոպ։ Կանայք դառնում են դեպի աջ, տղամարդիկ մի քայլ առաջ և ձախ են թեքվում, կանգնում իրենցից աջ գտնվող կնոջ դեմ դիմաց։ Ձեռքերը դրվում են գոտկատեղին, բութը հետ, մատներն առաջ դիրքով, ապա թևանցուկ են անում իրար խաչաձև ՝ տղամարդիկ աջ, կանայք ձախ թևերը իրար մեջ հագցնելով,

1-ին ձախ թաթով կես պտույտ դեպի աջ, հետո առաջ քայլ,
2-ին աջ ոտքով կես պտույտ դեպի աջ, հետո քայլ առաջ,
3-ին՝ քառորդ պտույտ աջ թաթի մատներին,
4-ին ձախ թաթը միացնել աջին, հետո ծափ զարկել կրծքի մոտ քայլի դադարի ժամանակ։
4-8 հաշիվներին շրջվում են, տղամարդիկ ձախ, կանայք աջ թևերը խաչաձևում,
շարժումը կատարում են աջ ոտքից դեպի ձախ շարժվելով[1]։

Երրոդ մասում՝ պարում են առաջին մասի ֆիգուրան կրկնելով, պարն ավարտում են նույն կերպ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ժ․Կ․ Խաչատրյան, Ջավախքի հայ ժողովրդական պարերը, էջ 68։

Գրականություն խմբագրել

Ժ․Կ․ Խաչատրյան, Ջավախքի հայ ժողովրդական պարերը, Հայ ազգագրություն և բանահյուսություն,հ.7, ՀՍՍՀ ԳԱ, 1975։