Աբուլի բերդ (վրաց.՝ აბულის ციხე), բրոնզի դարի մեգալիթյան կառույց՝ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի շրջանում։ Բերդն ընդգրկված է Վրաստանի ազգային նշանակության մշակութային անշարժ հուշարձանների ցանկի մեջ[1]։

Աբուլի բերդ
Նկարագրություն
Տեսակհուշարձան
Երկիր Վրաստան
Քարտեզ
Քարտեզ
 Abuli fortress Վիքիպահեստում

Նկարագիր խմբագրել

Աբուլի բերդը կիկլոպյան ամրոց է՝ կառուցված այսպես կոչված «չոր շարվածքի» տեխնիկայով, այսինքն հսկայական քարերը պարզապես շարվել են իրար վրա, առանց որևէ կապող շինարարական շաղախի։ Այն գտնվում է Փոքր Աբուլ լեռնագագաթի հարավային լանջին՝ ծովի մակարդակից 2670 մ բարձրության վրա, Փարվանա լճից հարավ-արևելք[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Աբուլի բերդը ճարտարապետական նմանություն ունի Փարվանա լճից հյուսիս-արևմուտք գտնվող Շաորի բերդի հետ[2]։ Այն հսկայական և բավականին բարդ կառույց է, կառուցված 3-5 մետրանոց հրաբխային բազալտից և որի կառուցման համար չի գործածվել շինարարական շաղախ կամ որևէ խյուս։ Բերդը կազմված է կենտրոնական ամրակայանի տարածքից, որի մեջ ընդգրկված է նաև միջնաբերդը։ Բերդի կենտրոնական տարածք հնարավոր է մտնել ամրոցի հարավային և արևելյան կողմերում գտնվող մուտքերից։ Միջնաբերդի արևելյան հատվածում գտնվում են բնակելի շինություններն ու տարբեր ձևի ու չափսերի թաքստոցները, որոնք հաճախ կառուցված են երկու կամ երեք մակարդակներով կամ հարկաբաժիններով[2][3]։

Հնագիտություն խմբագրել

Աբուլի բերդում, ինչպես նաև Շաորի բերդում երբեք հնագիտական պեղումներ չեն իրականացվել, ինչը դժվարեցնում է որոշել կառուցման կոնկրետ ժամանակաշրջանը և որևէ կոնկրետ մշակույթի այն վերագրելը[4]։

Կիկլոպյան ամրոցների տարածվածությունը հանդիսանում է Հարավային Կովկասում բրոնզի դարի կեսերից մինչ ավարտն ընկած ժամանակահատվածում սոցիալական փոփոխությունների հնագիտական վկայությունը։ Նմանատիպ ամրությունները սովորաբար կառուցվում էին լեռների զառիթափ լանջերին։ Բնակավայրերի տեղաբաշխումը և մշակութային առանձնահատկությունները վկայում են այն մասին, որ նրանց, ում պատկանել են այս լեռնային ամրոցները, հսկողություն են իրականացրել վարելահողերի ու բնական պաշարների վրա։ Այս ամրությունները կարող էին իրականացնել նաև տնտեսական և պաշտպանական գործողություններ՝ իշխող վերնախավի ներքին տիրույթների համար[5]։

2019 թվականի սեպտեմբերից վրացական իշխանությունները սկսել են հնագիտական ուսումնասիրությունների նախագիծ՝ երկրի մեգալիթյան հուշարձանների հետագա ուսումնասիրման և պահպանման նպատակով, այդ թվում Աբուլի, Շաորիի, Ավրանլոյի և Սամեբայի բերդերի[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «List of Immovable Cultural Monuments» (PDF) (վրացերեն). National Agency for Cultural Heritage Preservation of Georgia. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 Berdzenishvili, D. ჯავახეთის ძველი სიმაგრეები // ჯავახეთი. ისტორია და თანამედროვეობა. — Akhaltsikhe, 2002. — С. 181—203.
  3. Narimanishvili, Goderdzi; Khimshiashvili, Kakha The Bronze Age Settlements from Trialeti // Vakhtang Beridze 1st International Symposium of Georgian Culture — Georgian art in the context of European and Asian cultures; June 21-29, 2008, Georgia / Skinner, Peter; Tumanishvili, Dimiti; Shanshiashvili, Anna. — Tbilisi, 2009. — С. 31. — ISBN 978-9941-0-2005-6
  4. Shanshashvili, Nino; Narimanishvili, Goderdzi Environment and Dwelling in the Early and Middle Bronze Ages South Caucasus // International Conference: Problems of Early Metal age Archaeology of Caucasus and Anatolia. November 19-23, 2014 November 19-23, 2014, Georgia / Narimanishvili, Goderdzi. — Tbilisi, 2014. — С. 247. — ISBN 978-9941-0-7134-8
  5. Sagona, Antonio The Archaeology of the Caucasus: From Earliest Settlements to the Iron Age. — Cambridge University Press, 2017. — С. 378—379, 385—386. — ISBN 9781139061254
  6. Peikrishvili, Tako (2019 թ․ սեպտեմբերի 5). «აბულისა და შაორის ციკლოპურ ნაგებობებს არქეოლოგები შეისწავლიან». samkhretis karibche (վրացերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.